Հունիսի 8-ին ավստրիական «Դի փրեսսե»-ն անդրադառնալով հետընտրական պատկերին, վերնագրում արձանագրում է՝ «Պուտինը Հայաստանի ծրագրերը խափանել է՝ վարչապետ Փաշինյանի համար դժվար կլինի առանց մեծամասնական երկու երրորդի Ադրբեջանի հետ խաղաղություն կնքել»: Թեեւ Փաշինյանը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, այդուհանդերձ չկարողացավ ապահովել անհրաժեշտ մեծամասնությունը խորհրդարանում եւ պիտի երկյուղի ռուսամետ ուժեղ ընդդիմությունից, որ Բաքվի հետ հաշտեցումը մերժում է:
«ՀՀ խորհրդարանական ընտրություններն արտասահմանում հիմնականում ընկալվեցին որպես աշխարհաքաղաքական ազդեցության համար մրցավազք: Գործող վարչապետ Փաշինյանի կուսակցության՝ ընտրություններում տարած հաղթանակը նրա կառավարության ջանքերի հաստատումն է, որ Արեւմուտքի հետ ձգտում է զգուշավոր մերձեցման՝ առանց չափազանց շատ օտարացնելու Կրեմլին: Սա գրեթե անլուծելի խնդիր է Արեւելք-Արեւմուտք դիմակայության ժամանակներում», գրում է ավստրիական լրատուն:
Սակայն «Բեռլիներ ցայթունգը» հունիսի 8-ին մի վերլուծություն է հրապարակել, որ վերնագրում շեշտում է՝ «Հայաստանը պատժեց Պուտինին: Բայց Եվրոպան չպետք է վաղօրոք ուրախանա»: «Ռուսաստանը կորցրեց Հարավային Կովկասում իր ազդեցությունը: Բայց ՀՀ ընտրողները Բրյուսելին քվե չեն տվել, այլ պատժել են իրենց հովանավորին, որն իրենց ճակատագրական պահին լքել է»:
Շվեյցարական հանրային հեռարձակողը՝ SRF-ը հունիսի 7-ին՝ ՀՀ-ում նոր խորհրդարան ընտրելու օրը, մեր դիտարկմամբ գերմանալեզու միակ լրատվամիջոցն էր, որ վերնագրում ընդգծում էր. «Որքանո՞վ է կարեւոր ցեղասպանության ճանաչումը»: «Ընտրություններում կենտրոնական համարելով Փաշինյանի կառավարության եւրոպամետ հակումը եւ հարեւան Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները» SRF- ը նշում է, որ «հայոց մեջ ցեղասպանության դերի մասին անհամաձայնություն, բանավեճ կա: Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, որ ՀՀ-ից վաղուց է պահանջում արտաքին քաղաքական օրակարգից հանել ցեղասպանության ճանաչման հարցը: Ցեղասպանությունը հայոց պատմության մեջ դրոշմված ամենաորոշիչ իրադարձությունն է», գրում է շվեյցարական հանրային հեռարձակողը։
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում


















































