«Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա՝ պետք է միասին ապահովենք մեր երկրի սրընթաց զարգացումը, բայց նախքան քննարկելը զարգացման պրոցեսները՝ ուզում եմ այսօր ֆիքսենք, թե ինչ ենք ժառանգում նախորդ ապիկար իշխանությունից: Ժառանգում ենք կորսված երկրորդ հայրենիք, Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, արյունալի պատերազմի հետեւանքով մի քանի անգամ մեծացած Եռաբլուր:
Մեր հիմնական դաշնակիցների հետ շանտաժի լեզվով խոսելու հետեւանքով բացարձակ կորցրել ենք վստահությունը դաշնակիցների կողմից: Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման կենտրոն, մեր լավագույն հայրենակիցներն այսօր գտնվում են Բաքվի բանտում, ունենք ամբողջությամբ տապալված տնտեսություն, 21% աղքատություն, վարկերի տակ ճռռացող հասարակություն, 15 միլիարդին մոտեցող պետական պարտք, Սփյուռքի ներուժի ոչնչացում Հայաստանի տնտեսական դաշտում, իրավապահ մարմինների բռնությունների շնորհիվ ներքին ներդրողների բացարձակ անտարբերություն»,- ասաց «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը:
«Իսկ ինչ ենք անելու մենք՝ ապահովելու համար սրընթաց զարգացումը. առաջին հերթին 24-ժամյա աշխատանք, ունենալու ենք միասնական ու ուժեղ հասարակություն, վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում, արդարությունը, արդարադատությունը, մարդասիրությունը գերակա են լինելու մեր կյանքում, եւ ինչպես խոսացել էինք՝ ունենալու ենք երաշխավորված ռեալ խաղաղություն»,-ասաց Սամվել Կարապետյանը:
Կարդացեք նաև
Ապա «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչ քայլերով են հասնելու Հայաստանի տնտեսության սրընթաց զարգացմանը:
«2 շաբաթվա ընթացքում առաջարկվելու է ԱԺ նոր օրենք, որով փոքր բիզնեսն ազատվելու է շրջանառության հարկից: Դա 5 տարվա ընթացքում ապահովելու է 50 հազար նոր աշխատատեղեր: Կուզեի նաեւ նշել, որ մենք 300.000 նոր աշխատատեղեր ենք ստեղծում մեր հայերի համար, բայց Փաշինյանի կառավարությունն արդեն բացել էր Հայաստանի դռները 300.000 ադրբեջանցիների համար:
Միջին եւ մեծ բիզնեսի համար ապահովելու ենք տնտեսական այնպիսի պայմաններ, որ մեր երկրին ամենամրցակցայինը լինի տարածաշրջանի բոլոր երկրների հետ համեմատած: Օրինակ, միջին բիզնեսի համար կստեղծվեն Հայաստանում տեղայնացվելու, հայկական արտադրանքը զարգացնելու ծրագրեր, որ մեր երկիրը ոչ թե ներմուծմամբ զբաղվի, այլ տեղում արտադրի: Հայաստանը վերաարդյունաբերականացնելու համար մեզ պետք են օտարերկրյա մեծ ներդրումներ, որոնք մենք ապահովելու ենք շատ կարճ ժամանակում»,-ընդգծեց Նարեկ Կարապետյանը:
Սամվել Կարապետյանն էլ նշեց, որ առաջիկա մի քանի հանդիպումների ժամանակ սկսելու են ներկայացնել տնտեսության զարգացման նոր ծրագրերը, որոնք նրա ձեւակերպմամբ, հեղափոխական են լինելու Հայաստանի կյանքում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ






















































