Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ժիզնեննի (վեպ-պատմվածքաշարան)

Օգոստոս 15,2013 12:21

Գ. Մարգարիտան ու Քրիզանտեննան

Էդ բարդ հարցը քիչ թե շատ, հուսով եմ, լուսաբանելուց հետո՝ անցնեմ պատմեմ մեր ռազբիրատների մասին: Բայց չէ, սկզբից պատմեմ դասատուների մասին: Մեկը՝ ընկեր Բրունգիլդյանը, հատուկ դեպք էր: Երեխաների պատմության դասատուն էր, ուսմասվար: Կոլոտ, հաստ կնիկ էր՝ անխնամ հագնված: Իր դասին բոլորիս ջղերը դղրդում էին: Վեցերորդ դասարան էինք: Հստակ էին իր ֆորմուլաները. Պետությունը, ասում էր նա, դա ուժ է շահագործողների ձեռքին՝ շահագործվողներին շահագործված պահելու համար: Բատոնյան, ի՞նչ է պետությունը:

Բատոնյանը վեր էր կենում ու, բանդեռլոգն ինչպես օձին կնայի՝ այդ հայացքով նայելով ընկեր Բրունգիլդյանին՝ կմկմալով, զկռտալով փորձում ասել.

–         Պ-պետությունը դա… դա… դա…

–         Ուժ է, – սպառնալի տոնով ասում էր Բրունգիլդյանը:

–         Ու-ու-ու-ուժ է…

–         Ու՞մ ձեռքին է դա ուժ, – կանխըմբոշխնելով ահավասիկ հաշվեհարդարի կայֆը՝ ձեռքերն իրար շփելով ասում էր Բրունգիլդյանը:

–         Ուժ է ձեռքին… ձեռքին…

–         Տո հիմա՛ր. մամադ քեզ չի ասե՞լ, որ ինքը ուժ է քո գլխին՝ քո տխմար գլխին զարկելու համար, – ուրախացած՝ պայթում էր Բրունգիլդյանը:

Բատոնյանը՝ որ մամա չուներ, լուռ սառում էր. նրա մեխանիզմը կարճ միացում էր տալիս ու ներսում վառվում-մսխվում, առանց արտաքին հետևանքի:

–         Պետությունը դա ուժ է շահագործողի՛ ձեռքին… Ուժեղի՛ ձեռքին… Կեղեքողի՛ ձեռքին… Հարձակվողի՛ ձեռքին… Անպատկառի՛ ձեռքին, – սկսում էր թվարկել Բրունգիլդյանը՝ սպառնալի մոտենալով դողացող Բատոնյանին, քանոնը շրխկացնելով ամեն նստարանին՝ որի կողքով անցնում էր:

–         Ինչի՞ համար է պետությունն ուժ, – վերջապես մոտենալով Բատոնյանին՝ ասում էր ընկեր Բրունգիլդյանը, թևերը կողերին կեռելով:

Բատոնյանն ուժ էր հավաքում որ իր ներսից կմկմա.

–         Որպեսզի… որպեսզի…

–         Որպեսզի գլու՛խդ թաղեմ, այ որպեսզի. ձեռքերդ պարզիր. որպեսզի շահագործվողների՛ն, կեղեքվողների՛ն, թույլիկների՛ն, կրվողների՛ն, համեստների՛ն շահագործի՛, կեղեքի՛, կոտորի՛, կրի՛, շանսատա՛կ անի: Կրկնի՛ր, – ասում էր Բրունգիլդյանը՝ ամեն թվարկած բառի հետ մի հատ շրխկոցով քանոնը խփելով Բատոնյանի ձեռքերին, որոնց մեջ ուժ չկար շահագործելու, կեղեքելու, հարձակվելու, իշխելու, բռնաբարելու…

Ուրեմն նոր ծրագրով թանաքով գրելը վերացրել էին, իսկ մարմնական պատիժը՝ դեռ ոչ լրիվ. կիսատ:

–         Հիմա ես ո՞վ եմ քո նկատմամբ, – ասում էր Բրունգիլդյանը, ավարտելով էկզեկուցիայի առաջին մասը:

–         Դուք… դուք… – կմկմում էր Բատոնյանը, կարմրած ձեռքերն իրար շփելով:

–         Կեղեքիչ, – հուշում էր գերազանցիկ Ռուզոն:

–         Կեղեքիչ, – կրկնում էր տուպոյ Բատոնյանը:

–         Ա՛յ դու ապու՛շ, դեբի՛լ, – հրթիռի պես վեր էր խոյանում հաստ կնիկը. – տո դու չես ջոկու՞մ որ ինքը հատուկ ա պադնաչկա անում որ դեբիլություն դուրս տաս որ ես կատղեմ: Պետությու՛նն եմ ես: Պետությու՛նը: Կրկնի՛ր:

–         Պ-պետությունը… դա… դուք եք…

Հասկանալի է, որ նման դպրոց անցնելուց հետո՝ Բատոնյանը մինչև կյանքի վերջ հստակորեն գիտի, թե ով ու ինչ է պետությունը: Բայց չի կարողանում բացատրել:

–         Լավ, նստիր, – ասում էր բավարարված Բրունգիլդյանը:

Հետո, կարմրատակած աչքերն ակնակապիճների մեջ պտտացնելով, աչք էր ածում դասարանն ու ասում.

– Իսկ հիմա… ես… քեզ… Դուդարյան… հարց կտամ: Իսկ եթե պետությունն ուժ է շահագործողների ձեռքին… Իսկ չէ՞ որ դու հիշում ես, ես ասել եմ, որ սոցիալիստական պետության մեջ մարդու կողմից մարդու շահագործմանը վերջ է տրված… Ապա ու՞մ է շահագործում սոցիալիստական պետությունը: Հը՞, – ու հաղթական, իրենից գոհ՝ պտտում էր աչքերն ակնակապիճների մեջ:

– Ը… ը… Ամերիկայի՞ն, – խելքին զոռ տվեց համարյա գերազանցիկ Զավեն Դուդարյանը, որին բոլորը սիրում էին:

– Հը՞: Ու՞մ: Հետաքրքիր կլիներ: Որ ասում եմ խելոք ես… Բայց՝ չէ. ճիշտ պատասխանը ո՞րն է: Չգիտե՞ս: Ո՞վ կասի: Չէի սպասում ձեզանից… Ոչ ոք չի՞ կարող ասել:

Ու հանկարծ Բրունգիլդյանը կտրուկ փոխեց թեման. շուռ գալով դեպի Պիպիլյանն ու նրա զույգը՝ Մարգարիտան, նա հանկարծ ասաց.

–         Լսիր, քեզ դուր է՞ գալիս, որ ինքը քեզ էդպես է անում…

Դասարանը շանթահար եղավ: Կատարվել էր այն՝ ինչ մինչ այժմ դեռ չլսված բան էր. Բրունգիլդյանը բռնել էր Պիպիլյանին՝ Մարգարիտայի բուդը մաժելու պահի՛ն…

Մաժել… ինչքան շատ բան կա այդ բառի մեջ… Օ, հիշում եմ մեծ դասամիջոցը, երբ միջանցքներում աղջիկներն ու տղաները կուտակվում էին այնպիսի քանակությամբ, որ պարզապես անհնարին էր անցնել՝ առանց միմյանց հպվելու… ու ինչպես էինք որոշում գնալ աղջիկ մաժելու, ու ձեռքներիս ափերը կողք տնկած՝ քայլում աղջկերքի ամբոխի միջով, աշխատելով ձեռքերն ուղիղ ներքև պահել՝ զինվորիկի պես, որ նրանց փեշերի մակարդակից ցածր գտնվեն… ու ինչ հաճույք էր, երբ հաջողվում էր մի պահ դիպչել մի որևէ սառը ազդրի… Քանի՞ հատ մաժեցիր էսօր: Հիսուն: Չէ մի չէ, հարյուր: Ինչպես էինք գրազ գալիս՝ որ գրազով կմաժենք գեղեցկուհի Սաբինայի կուրծքը, ու նագլի Բոխիկյանը, իբր մեզ հետ զրուցելով՝ մոտենում էր Սաբինային ու հանկարծ ձեռքն առաջ գցում, ասես հայլ հիտլեր ասելիս, ետ նայելով ու ասելով՝ «Ա՛յ այնտեղ կկախենք պատի թերթը… վա՞յ, Սաբինա ջան, ներողություն, չնկատեցի», ու նրա ձեռքը մնում էր մի պահ մխրճված՝ Սաբինայի դոշի անտակ փափկության մեջ, որ ոչ մի լիֆչիկ չէր կարող պնդացնել. «Կորի՛ր այստեղից, լածիրա՛կ, խուժա՛ն», ասում էր Սաբինան աղջկերքի տիպական մանտրան ու արժանապատվորեն, օրոր-շորոր թողնում-հեռանում, իսկ մենք ծիծաղից գալարվում էինք, որպեսզի թաքցնենք մեր սարսռազդու մանթրաշը Սաբինա գոմշուհու մրգապտղային էության առջև, ինչպես նաև Բոխիկյանի խիզախության, և վերջապես հիացմունքը՝ վերջինիս լկտիությամբ:

Մաժել… Որտեղի՞ց էր այդ բառը գալիս, բառ՝ որ նույնպես առաջին անգամ ես դպրոցում լսեցի: Անհայտ էր: Դժվար էր պատկերացնել, որ այն գալիս էր այդքան կուլտուրական, սառը, յուղոտ «մերսել» բառից: Ինչ-որ ախպարական բան էի ես զգում այդ բառում, ոչ սովետական, ինչ-որ գուցե արևելյան ելևէջ… Կամ՝ ֆրանսական, օրինակ՝ Մաժեստիկ հյուրանոցի գաղտնիքներին առնչվող… այնտեղի նկուղներում երևի հաճախ էին աղջիկներին տղաները մաժում… Էլ ավելի անհնար էր պատկերացնել՝ որ այն գուցե գալիս է սլավոնական, էլ չասած ռուսական мазать բառից, որն ուներ երկու իմաստ, մեկը՝ քսել: Թվում է, ուրիշ էլ ի՞նչ: Բայց՝ ոչ: Ինձ թվում էր, մաժել բառին ավելի հարիր է երկրորդ իմաստը՝ վրիպել, և հիմա կբացատրեմ, թե ինչու: Կարճ ասած, որովհետև մաժելը էն մյուս բանն անելու նախնական ստադիան էր: Սկզբում մաժում էիր՝ հետո էն մյուս բանն անում, չէ՞: Տղաներն էլ էին իրար մաժում: Եվ, իհարկե, ավելի շատ, քան ձև թափում, թե էն մյուս բանն են անում: Դա այդքան վիրավորական չէր, որքան ձև թափելը, թե էն մյուս բանն ես անում դասընկերոջդ: Դա նաև երևում էր նրանից, որ էն մյուս բանը լրիվ արգելված բառ էր, իսկ մաժելը՝ ոչ այնքան: Կարելի էր լկստվել, մեկին մաժել ու փախնել, ու հետո նա պիտի ետևիցդ ընկներ՝ որ աբառոտկա ֆռա: Կամ ասում էր ալարկոտ՝ աբառոտկի հավես չունեմ, ու թույլ էիր տալիս, որ ինքն էլ քեզ թեթևակի դիպչի՝ որ քվիտ լինեք ու կռիվ չստացվի: Իսկ եթե մեկին մաժել էիր ու սա աբառոտկա չէր ֆռացել, հետո մեկ էլ հանկարծ մի երկու օր հետո էր ֆռում՝ ասում էիր աբառոտկի գել ե՞ս, տո արա: Մենք բոլորս աբառոտկի գել էինք: Ես հիմա էլ եմ աբառոտկի գել: Ու միշտ կմնամ: Մեր սաղ ազգն ա աբառոտկի գել: Ինչ երկրորդ թուշ, ինչ բան: Հմի սպասում ենք տենանք, Ադրբեջանն աբառոտկի գել ա լինելու վերջը, թե չէ:

Ուրեմն, քանի որ մաժելը էն մյուս բանի նախնական, թեթև տեսակն էր (իսկ համբույրի՝ հաջորդ փուլը)՝ ինչպես, ասենք, սեռական հոլովը տրականից առաջ (և ուղղականից հետո)՝ եթե էն մյուս բանն անել վրիպում էիր՝ ստացվում էր, որ մաժեցիր, ու դրա համար ես համաձայն չէի, որ ռուսերեն քսել բառից է այդ բառն առաջացել, բայց համաձայն էի՝ որ վրիպել: Նաև ասում էին՝ ջուր ա խմում, կլաս խաղալու կամ ոտ գցելու ժամանակ օրինակ, դա մատչպոյնտը չէ իհարկե, բայց ինչ-որ բանով նման իրավիճակ. մաժելուն կարող է էն մյուսը հետևի՝ իսկ կարող է և՝ չհետևի:

Այսօր ես ուրախ եմ, որ կարող եմ սա գրել, հետաքրքիր է զգալ, ինչպես է մեր մշակույթը զարգացել՝ որ մարդ կարող է գրել առաջներում անգրելին: Բայց ընթերցողներից մեկը, թյուր ընկալելով իմ պաթոսը, չտեսնելով հումորը՝ սևեռվեց նրա վրա, որ այդ արարքներով մենք փաստորեն աղջիկների մարդու իրավունքներն էինք խախտում, և ինձ նախատեց: Այո, իրոք: Սխալ չհասկացվելու համար ուզում եմ նշել, որ այստեղ ես նկարագրում եմ տիպական տղայի զգացմունքն այդ՝ մաժելու հարցին: Աղջիկների հետ մենք քիչ էինք մարդկայնորեն շփվում այդ տարիքում, նրանք էլ մեզ հետ, և մեր երազներում նրանց նայում էինք ոչ թե որպես արժանապատիվ մարդու՝ այլ որպես սիրելու առարկայի, որին ուզում ես համբուրել, մաժել, էն մյուս բանն անել… Ավաղ, գրեթե միշտ այդ տարիքում ու այդ պայմաններում՝ դա անհնարին էր, իսկ որպես մարդու՝ նրանց նույնպես նայում էինք, իհարկե, որքան հասունանում էինք՝ այնքան ավելի ու ավելի, բայց երկու վերաբերմունքը գնում էր զուգահեռ, իրար քիչ խաչմերվելով… Ինչպես և շատ տղամարդկանց մոտ, վայ թե, հաճախ, ցանկացած տարիքում, աշխարհի ցանկացած տեղում…

Իսկ հիմա… Դասի ժամանակ… Բրունգիլդյանի աչքի առաջ… Պիպիլյանը մաժել է Մարգարիտային…

Մարգարիտան առանձնապես մի մեծ բան չէր: Նա չէր համեմատվի, օրինակ, դասարանի ամենագեղեցիկ աղջկան՝ Բուբեին, որն իմ կողքն էր նստում տարիներ շարունակ: Ես հատուկ կարճատեսություն էի զարգացրել՝ որ ինձ նստեցնեն նրա կողքը, առաջին նստարանին: Նա չնայած կարճատես չէր՝ բայց ավանդաբար առաջին նստարանին էր նստում, հետո սակայն ինքն էլ կարճատեսացավ, քանի որ գերազանցիկուհի էր: Իսկ ես առաջին տարիներին նստում էի վերջին նստարանին, մինչև ակնոց ձեռք բերի ու շարք առ շարք սկսեցի առաջ շարժվել, խնդրելով որ դասղեկն ինձ տեղաշարժի, մինչև չընկա վերջապես Բուբեի կողքն ու դրանից հետո միասին նստեցինք մի վեցը տարի: Իհարկե, երբեմն արյունը տալիս էր գլխիս ու նայում էի նրա շագանակագույն շրջազգեստի տակից կիսալուսնի պես ծիկրակող նախածնկան փափկությանը՝ մարմնագույն ախորժաբեր նեյլոնի մեջ ամփոփված՝ ու ձեռքս ինքնաբերաբար շարժվում էր դեպի այդ կիսալուսինը, ու երբեմն կամքի սարսափելի ճիգով էի միայն ձեռքս ետ քաշում: Այդպես էլ չփորձեցի: Ես էդքան ռիսկով տղա չէի: Սիրահարված էի նրան ընդամենը չորսից ութերորդ դասարան, թեև նրա համեմատական գեղեցկությունը գնահատում էի, իհարկե, դրանից հետո էլ, և միշտ:

Իսկ այս անպատկառ Պիպիլյանը… Եվ երևում է՝ Մարգարիտան թույլ է տվել, այսինքն իրոք համաձայն է մաժվել…

Պիպիլյանը, սփրթնած, ոտքի ելավ, աչքերը կախեց: Բայց ինչ նյարդեր ունի տղան, մտածեցի: Մենք էստեղ չորացած, որ հանկարծ Բրունգիլդյանը մեզ դաս չհարցնի՝ իսկ նա, էս ստրեսի մեջտեղը, աղջիկ է մաժում: Երանի՜:

–         Դե ասա, – մեղմաբար ասաց Բրունգիլդյանը, ճոճվելով իր հաստ ներբանների վրա. – էդ անել սիրում ես՝ սիրիր և դաս պատասխանել. ու՞մ է շահագործում մեր սոցիալիստական մեծ հայրենիքը:

Պիպիլյանը շանթահար լռում էր: Նա գաղափար չուներ: Նրա հայրն արվեստագետ էր, բայց նրանով չէր զբաղվում: Նա ապրում էր հին Խնկո-Ապոր գրադարանի շենքում, որ հիմա վերակառուցված է, մեջը խինկալնոց է, խինկո՝ խընկո, նա ծխում էր ու ուռում ու ութերորդ դասարանից դպրոցից դուրս եկավ, իսկ տարիներ հետո մարդասպան դարձավ, ու իրեն ինչ-որ մարդ սպանելու համար նույնպես սպանեցին. իսկ այդ ժամանակ նա թմբլիկ, սիրուն, շեկ մազերով ու կապույտ աչքերով տղայիկ էր:

Լռում էր նաև Մարգարիտան. ըստ երևույթին, նա իրոք դեմ չէր մաժվելուն. նա ապրում էր դպրոցի կողքի բնակարանում, առաջին հարկում, որտեղ հիմա ֆիրմային խանութ է, և մեր դասարան էր տեղափոխվել վերջերս՝ քանի որ մեկ այլ դպրոցում էր մինչ այդ՝ բայց այնտեղ նույնպես մաժելու հետ կապված, թե ավելի բեթար մի պատմություն էր եղել, որից հետո որոշել էին նրան տեղափոխել, բայց դա երկար չտևեց, քանի որ այն տղան՝ որի հետ այդ պատմությունը սկսվել էր, մի տարի հետո գնաց Մարգարիտայի ծնողների մոտ ու ասաց, որ պատրաստվում է Մարգարիտային փախցնել, մենք յոթերորդ դասարան էինք, ծնողներն էլ ճարահատյալ համաձայնեցին, որից հետո այդ տղան նրան բռնեց դպրոցի բակում, գլխին տոպրակ հագցրեց ու, ձեռքերը ոլորելով, չնայած իր ճղճղոցին՝ քարշ տվեց ու տարավ, մեր ու ուսուցիչների աչքի առաջ, ու նույնիսկ դիրեկտրուհին ձայն չհանեց: Դա տարօրինակ էր: Դիրեկտրուհին սիրում էր աղջիկներին բռնել մազափնջից ու քարշ տալ դպրոցի բակով մեկ որևէ զանցանքի համար: Կամ՝ տղաներին բռնել ու, եթե քիչ երկար էին նրանց մազերը՝ դերձակի կեռ մկրատով մի մեծ արահետ բացել այդ մազերի մեջ, որ հետո ստիպված լինեն խուզվել մինչև վերջ: Բայց ուրիշներին նման բաներ անել թույլ չէր տալիս սովորաբար իր աչքի առջև: Ինչու՞ այս անգամ թույլ տվեց: Աղջիկ առևանգելը հատուկ դե՞պք էր, կարելի՞, սուրդ հնադարյան սովորու՞յթ: Նախօրոք խոսացվա՞ծ էր: Պարզապես վախեցա՞վ Մարգարիտայի ընտրյալից: Հավանե՞ց գլխին տոպրակ հագցնելը, որտև ինքն է՞լ տենց կաներ:

Չգիտեմ: Գիտեմ միայն, որ դա իմ ծննդյան օրն էր: Բանն այն է, որ ես որոշել էի դասարանից ոմանց հրավիրել, ու Մարգարիտային նույնպես, ու ինքը շատ ուրախացել էր, որ ես նրան հրավիրել եմ, ու նախօրոք ասել էր, որ պատրաստվում է գալ, բայց այդ օրը նրան փախցրին, ու երբ ես վերադարձա դասարան ու նստարանիս փեղկը բացեցի՝ մեջը տեսա էժանագին ոսկեզօծ մի փողկապակալ ու մի հատ էլ նմանատիպ ոսկեզօծ գրիչ, ու մի նամակ՝ գեղեցիկ փոքրիկ ծրարի մեջ, որի մեջ կոկիկ ձեռագրով, առանց տառասխալների գրված էր. «Հարգելի Հայկ, կներես, բայց ես չեմ կարողանա այսօր մասնակցել քո ծննդյան տոնակատարությանը, որքան էլ ցանկանայի, քանի որ այսօր ինձ, ավաղ, փախցնելու են, բայց ես քեզ մաղթում եմ ամենայն բարիք ու, եթե էլ երբևէ չտեսնվենք՝ երջանկություն ու քո բոլոր ցանկությունների ի կատար ածում: Լավագույն մաղթանքներով՝ Մարգարիտա:» Մենք այլևս երբևէ չհանդիպեցինք, քանի որ նրան հափշտակեցին ու «տարան գյուղ», էնպես որ ես սպասում եմ էն օրվանից, սպասում եմ իմ բոլոր ցանկությունների կատարմանը, Մարգարիտա:

–         Մի թե դուք մոոացել եք, – ասաց վերջապես Բրունգիլդյանը, հաղթականորեն մեզ աչք ածելով, – թե որքան սրիկաներ կան այս երկրում՝ դատապարտված մեր սոցիալիստական դատարանների կողմից: Մարդասպաններ, գողեր, ավազակներ: Միլիոնավո՛ր: Այ՝ նրա՛նց է շահագործում մեր պետությունը, քանի որ այլ շահագործվող դասակարգեր մեր պետության մեջ չկան: Օրագիրդ տու՛ր:

Պիպիլյանը լուռ բացեց օրագիրը, գնաց ու դրեց ուսուցչական սեղանին՝ ճիշտ էջին բաց վիճակում, ինչպես և, երկար ու, պիտի ասեմ, քիչ մը դաժան վարժանքի արդյունքում բոլորիս ընտելացրել էր Բրունգիլդյանը: Սա ծանրորեն մոտեցավ իր սեղանին ու արագորեն դրեց իր սիրած թվանշանը՝ «մեկ»: Որը նա դնում էր ոչ թե թվով, այլ գրելով – Մը, Ե, Կը, որ հանկարծ «չորսի» չվերածեն լածիրակները: Մենք արդեն գիտեինք, թե հաջորդ քայլը որն է լինելու, և պարզապես սպասում էինք: Պիպիլյանն էլ գիտեր: Թվանշանը դնելն ավարտելուց հետո, Բրունգիլդյանը խնամքով վերցրեց օրագիրը, մի թեթև թափահարեց օդում ու ամբողջ ուժով շպրտեց: Նա ուներ երկու հնարավորություն. կարող էր շպրտել այն Պիպիլյանի երեսին, և այդ դեպքում օրագիրը քիչ կվնասվեր, քանի որ Պիպիլյանի հաստլիկ կարմիր թշերը կամորտիզացնեին հարվածը: Շատ ուզեր՝ կարող էր այնպես շպրտել՝ որ շատ-շատ օրագրի ծայրը մի փոքր քերծի Պիպիլյանի թուշը: Բայց նա կարող էր նաև լավ նշան բռնել ու շպրտել այնպես, որ օրագիրը, օդում պտտվելով, դիպչի ծայրի նստարանի սուր ծայրին, և գուցե դրանից բզկտվի, որից հետո թրմփա կեղտոտ հատակին, գուցեև արդյունքում ավելի, գոնե մասնակիորեն, փիտրվելով օդում և հարվածից: Բրունգիլդյանը գերադասեց երկրորդը. ի՞նչ է մի թուշ քերծը՝ մի ամբողջ տարի տառապանքի համեմատ:

Բանն այն է, որ Բրունգիլդյանը ոչ միայն պատմության ուսուցիչ էր, այլ նաև ուսմասվար: Նրա պարտականություններից մեկը հետևելն էր՝ որ մեր օրագրերը լինեին կոկիկ վիճակում: Եթե օրագիրը շպրտվում էր նրա կողմից (նա դա անում էր բացառապես որպես ուսուցչուհի, ոչ որպես ուսմասվար) ու տեսքից ընկնում՝ դա աշակերտի համար ստեղծում էր անասելի դժվարություններ ամբողջ տարվա ընթացքում, որովհետև օրագիրը փոխել չէր կարելի, նրա էջերը սոսնձել չէր կարելի, անկոկիկ վիճակում այն ունենալ չէր կարելի, և աշակերտն ընկնում էր անելանելի դրութան մեջ. Բրունգիլդյանը՝ շպրտելուց հետո, այսպես ասած, «ուսմասվարի գլխարկը հագնելով», առիթը բաց չէր թողնում, որ աշակերտի վարքի գնահատականն իջեցնի, ծնող կանչի, նկատողություն անի, անկյուն կանգնեցնի, հերթապահ նշանակի և այլն, պատճառաբանելով՝ որ նրա օրագիրն անտանելի վիճակում է, ձև թափելով՝ թե մոռացել է կամ խաբար չէ, թե ինչու է այն այդ վիճակում հայտնվել: Գուցե նա իրոք երկու ինքնություն ուներ, ով գիտի: Իսկ գուցե՝ ավել: Տես ներքևում:

Այդպես Պիպիլյանը մաժեց տուժելու համար, տուժեց մաժելու համար և, երևի, հետագայում այդ իսկ պատճառով դարձավ մարդասպան ու մարդասպանվեց, կամ մարդասպանվեց ու այդպիսով դարձավ կրկնակի մարդասպան, քանի որ ինքը թե չսպաներ՝ իրեն էլ վայ թե չսպանեին: Մարգարիտան նրան չփրկեց, քանի որ վերջինիս գողանալու էին դպրոցից, գլխին պարկ հագցնելով, մի քիչ ոչխարի պես, կամ Կովկասյան գերուհու: Մարգարիտայից մնաց ոսկեզօծ փողկապակալս՝ որը ես չգիտեմ, ինչ եղավ:

Բայց ամեն բան չէ այդքան խոժոռ: Կա, կա և մեր դպրոցում տոնախմբություն: Չէ որ ընտրություններ են շուտով: Բայց շեղվեցի: Բանն այն է, որ դպրոցում կար նաև ռուսերենի ուսուցչուհի Քրիզանտեննա Միֆոդյևնան: Օ Քրիզանտեննա… Օ դու Միֆոդյևվնա…

Քրիզանտեննա Միֆոդյևվնան մամայիս ընկերուհին էր: Համակուրսեցուհին: Նա որոշել էր գալ իմ դպրոց որպես շպիոն՝ որ օգնի ինձ անցնել այդ բոլոր տվայտանքների միջով: Իրականում իհարկե ոչ, ես չէի պատճառը՝ որ նա իմ դպրոց էր եկել աշխատելու, բայց նա այնքան արտառոց երևույթ էր՝ որ ես ու ողջ դպրոցն անկեղծորեն հավատում էինք, որ վայ թե հենց այդպես էլ եղել է. իմ խաթր է եկել: Նրանից սպասելի էր:

Քրիզանտեննա Միֆոդյևնան արտառոց երևույթ էր: Նրա դեմքի արտահայտությունը բնութագրում է հետևյալ եղելությունը՝ մայրիկիս պատմած: Երբ իրենք ուսանողուհի էին՝ իրար կողք նստած քչփչում ու քրքջում էին: Դասախոսն ասում էր ծանր-ծանր. – Քրիզանտեննա, ինչու ես դասի ժամանակ ծիծաղում: Ինչ ծիծաղելի բան կա ձեյեպրիչաստնըյ աբառոտի մեջ: Ես չեմ ծիծաղում, ասում էր Քրիզանտեննան: Բա ինչ ես անում, ասում էր դասախոսը: Պարզապես՝ իմ դեմքի արտահայտությունն է այդպիսին:

Նրա դեմքի արտահայտությունն իրոք այդպիսին էր:

Այս, ինչպես նաև այլ մանրամասներ, որոնց տեղյակ էի լինում՝ ես թաքուն պատմում էի դասընկերներիս: Այս պատմությամբ բացատրեցի բոլորին նրա դեմքի արտահայտության պատճառը: Հիացած հասկացան: Ամենը բերում էր հետևյալ եզրակացության. Քրիզանտեննան մա՛րդ էր: Մա՛րդ: Իսկական մա՜րդ:

Քրիզանտեննան հայտարարեց, որ ինքը հայերեն չգիտի: Դա այնքան էլ այդպես չէր (Լվովի բարբառով էր խոսում, համարյա ղփչաղահայերեն, մեռյալ լեզու), բայց համեմայն դեպս: Ստիպված, բոլոր աշակերտներն անխտիր պիտի խոսեին իր հետ ռուսերեն, ինչն օգնեց, որ նրանք ռուսերենն արագ յուրացնեն: Քրիզանտեննա Միֆոդյևնան ասաց, որ ոչ միայն պետք է ոտքի կանգնել, երբ ինքը ներս է գալիս, այլև նախօրոք իմանալ՝ երբ է գալու, ու դասարանի դուռը կրնկի վրա իր առջև բացել: Անսպասելիորեն: Այնպես՝ որ ինքը մոռացած լինի, որ ինքն է ասել այդպես՝ ու որ ինքը շփոթվի, որ իր առջև դուռը բացեցին, ու իրեն լավ զգա:

Կտրուկ: Նույնը՝ իր դուրս գալուց. տղաները պիտի վազեն ու իր առջև դասարանի դուռը բացեն: Տղաները պատիվ էին համարում մրցել այդ պատվի համար: Քրիզանտեննա Միֆոդյևվնան, իրոք, իմ գործոնը կարևոր էր համարում, ու քանի որ տանն ինձ Հայկիկ էին ասում ու նա չէր բարեհաճելու իր այդ սովորությունը փոխել՝ նա բոլոր դասարանների իր բոլոր աշակերտների անունների դիմաց փոքրացուցիչներ ստեղծեց: Զավենը, ասենք, դարձավ Զավենչիկ, Բուբեն՝ Բուբենչիկ, և այլն: Մենք մականուններ հաճախ ստեղծում էինք ազգանունից, ասենք, Պիպիլյանը, բնականորեն, Պպլո էր: Հիմա ամենքս ունեցավ առնվազն երեք անուն՝ իսկականը, դպրոցական մականունն ու Քրիզանտեննայի տարբերակը: Պլյուս՝ մատյանի համարը: Բայց մենք երբևէ դեռ չէինք տեսել թագուհու՝ որն իր մի քմահաճույքի պատճառով, իր մի սիրո խաթր մի ամբողջ աշխարհ է վերանվանում, չի ալարում կամ երկնչում:

Քրիզանտեննայի մասին դեռ շատ կպատմվի:  Այժմ, Բրունգիլդյանի առիթով, մնաց ասելու հետևյալը. Քրիզանտեննայի՝ մեր դպրոցում լինելու առավելություններից մեկն այն էր, որ նա հաճախ գալիս էր մեր տուն ու մայրիկիս պատմում ներքին լուրերը, որոնցից երբեմն ես էլ էի մասնաբաժին ստանում: Եվ ահա մի օր նա եկավ ու պատմեց, որ, չնայած Բրունգիլդյանի վայրենությանը՝ ինքն ու ևս մի կրթված անձնավորություն՝ կենսաբանության ուսուցչուհին՝ որոշել են հունվարի մեկին Բրունգիլդյանին այցելել, ուղղակի մի տաս րոպեով մտնել շնորհավորել, որպես բարի կամքի դրսևորում: Նվեր են վերցրել ու գնացել, ժամը երեքի մոտ: Դռան զանգին երկար ոչ ոք չէր պատասխանում, հետո քստքստոց են լսել ու վերջապես Բրունգիլդյանը դուռը բացել է: Մարգարիտան: Մինչ Քրիզանտեննան՝ պատկերացնել, որ Բրունգիլդյանն անուն ունի, այն էլ այդ անունը՝ ինձ համար անհնար կլիներ: Բայց դու մի ասա նա էլ էր Մարգարիտա: Գուցե նրան էլ էր երբևէ խիզախորեն մաժել ռաբֆակում գեղեցիկ ապագա մարդասպանը: Գուցե նրան չէին փախցրել միայն և միայն որովհետև փախցնողին նախօրոք Ստալինն էր առևանգել: Մարգարիտան նրանց հրավիրել էր ներս: Շփոթված: Խալաթով, չստիկներով, մազերը չսանրած: Կեղտոտ, ընդգծում էր Քրիզանտեննան: Առաջարկել էր ձվածեղ պատրաստել: Ձը, վա, ծեղ: Ուրախացել էր: Ծաղիկն ու նվերն ընդունել: Համոզել, որ նստեն: Արտասվել ու ասել, որ, այո, ինքն այսպես է ապրում: Ինքը մենակ էր: Ես արդեն չեմ հիշում մանրամասները: Սիբիրյան ճամբարից վերադարձել էր ու էդպես մենակ ապրում էր: Այնտեղ իրեն, երևի, այնքան էին շահագործել, կեղեքել, ասպատակել, իշխել, բռնաբարել, որ ինքը լավ գիտեր, թե ում և ինչպես են շահագործում սովետական մեր մեծ հայրենիքում: Ու, երևի, այլ կերպ չէր պատկերացնում կյանքը: Գիտեր, որ պիտի ինքն աշակերտի օրագիրը փչացնի՝ որպես իշխող, որպես վերտուխայ, քանի որ իշխող լինելն իրեն էր հանձնարարված՝ որ հետո աշակերտին հետապնդի, որպես վերտուխայ: Գուցե վախենում էր այլ կերպ վարվել՝ քանի որ այդպես էր սովորել, ու այլ տարբերակ չէր տեսել: Մանավանդ, որ մեր դպրոցի դիրեկտրուհին մանկական գաղութի նախկին տնօրեն էր: Այո, այո, մանկական գաղութում տարիներ շարունակ աշխատելուց հետո էին նրան հանձնարարել մեր դժվար, բայց սովետական դպրոցի կառավարումը: Որովհետև էլ ով կարող էր մեր հախիցը գալ: Բայց նա էլ չկարողացավ: Ի վերջո հույսը կտրեց: Մի օր կհասնենք այդ պատմությանը: Տնօրենն ու հպատակը կրկին ընկել էին իրար: Հպատակը չէր կարող թուլություն թույլ տալ, թե չէ պայկայից կզրկվեր: Կերից: Հունվարի մեկի ձը, վա, ծե, ղից: Բայց դա էլ դեռ ամբողջը չէ:

Նոր տարվա այդ օրից ի վեր Մարգարիտան էլ ոչ մի անգամ Մը, Ե, Կը էլ ոչ մեկի օրագրում չգրեց: Կուզեք հավատացեք, կուզեք ոչ: Ամենայն լրջությամբ եմ ասում: Այդ օրից Մարգարիտան էլ ոչ մի աշակերտի վրա օրագիր չշպրտեց: Ես էդպիսի այլ դեպքեր էլ եմ նկատել: Բավական էր, որ Քրիզանտեննան մի փոքրիկ արտառոց արարք կատարեր՝ առանց պատճառի գնար նրան Նոր տարուն այցելելու՝ և կյանքը փոխվեց: Քրիզանտեննան փրկեց հազար ու մի մարդասպան՝ մարդասպան դառնալուց: Չհաշված մեր դասարանի Պիպիլյանին ու էլի մի քանիսին:

Քրիզանտեննան, մայրիկս, մայրիկիս ընկերուհիներն այդպիսի խասյաթ ունեին. եթե տղաներից մեկնումեկը շատ մեծ խուժանություն էր անում ու ես նրան ատելով ատում էի՝ պատմում էին, թե նրա հայրն ինչ հարբեցող սրիկա է, մայրն ինչ խեղճ, հազիվ ծայրը ծայրին հասցնող հավաքարար է, որ նրա եղբայրը սրտի արատ ունի: Համատարած նրանց խղճահարությունը բոլորին իր հողմի մեջ էր մտցնում ու սրիկա գրեթե չէր թողնում ամալ աշխարհում:

Իհարկե, ես իսկույն պատմեցի Քրիզանտեննայի պատմածը դասարանում: Հենց որ ձմեռային արձակուրդը վերջացավ: Վագրերն ագահորեն, բերանները բաց ինձ լսեցին, կլլեցին ասածս, մարսեցին ու իսկույն որոշեցին մյուս տարի անպայման Նոր տարուն գնալ Մարգարիտայի մոտ: Էլ չասած գալիք մարտի ութին:

Բայց ասածս դա չէ: Ասածս այն է՝ որ մի մարդն էլ է բան փոխում: Բալանս խախտում: Լավ իմաստով: Եթե բալանս խախտող հանգամանքը «բագ» է, «ֆիչը» չէ: Խոր նստած հատկանիշ չէ՝ մակերեսայնորեն է ձեռք բերված և ընդահուր հանգամանքին խանգարում է:

Չգիտեմ, մայրիկիս ու նրա ընկերուհիների համատարած ներողամտությունն ինչքան բան է փոխել: Եթե հիմա էսքան վատ է վիճակը, պատկերացնում եմ, ինչ կլիներ առանց այդ ներողամտության: Բայց որ մարդը մեն-մենակ կարող է բան փոխել՝ դա ես գիտեմ: Ինքս ինձնից: Եթե ռիսկ եմ անում՝ ինքս էլ եմ փոխում: Ավաղ, հաճախ չեմ ռիսկ անում: Խոսք եմ ասում՝ մարդիկ լսում են: Մարդիկ հետ են սովորել խոսք լսելուց: Լսում են ու, հանկարծ, փոխվում: Ինչպես վարժեցնողը՝ առյուծների վանդակում: Կամքի ռիսկ է պետք:

Գուցե նրանք փոխեցին ոչ այնքան Մարգարիտային, որքան մե՞զ: Ինձ ու դասընկերների՞ս: Մեր հայա՞ցքը դեպի Մարգարիտան: Չգիտեմ: Դա մեր հայա՞ցքն էր, որ ստիպում էր նրան օրագիր շպրտել, քանոնով ձեռքին զարկել, Մը, Ե, Կը գրել… Չգիտեմ:

Մարգարիտան շուտով դուրս եկավ ուսմասվարությունից, շարունակեց երեխեքի մեջ մխել, թե ով է այս աշխարհում շեֆը, ու իր համար ապրեց: Մյուս Նոր տարուն մեր դասարանը գնաց իրեն այցելելու: Մենք նրան ընտելացրինք: Եվ այդ Նոր տարուց սկսած՝ ամեն Նոր տարի բոլոր նրա դասարանները գնում էին նրան այցելելու: Ապրեց, հետո իր համար աննկատ, նամուսով մահացավ: Դասարանները գնացին նրան թաղելու: Դասարանները սիրում են օգնել ուսուցչուհիների թաղումներին, որովհետև դա այն քչաքանակ դեպքերից է, երբ լավ գիտեն, թե ինչ կարող են ու պիտի անեն. տղաները՝ դագաղն իջեցնեն նեղլիկ շքամուտքի հարկերով, կափարիչը պահեն, պսակները մեքենան դնեն, աղջիկները՝ ծաղիկները չմոռանան բնակարանից հավաքել ու բերել գերեզման, հետ գալուց տղերքից մեկի ավտոյով մի քիչ շուտ գան, դռան մոտ դույլով ջուրը դնեն ու թասիկն ու սրբիչը ձեռքներին՝ համբերատար սպասեն ավտոբուսի՝ գերեզմանից գալուն, դեմքները՝ երազկոտ, հեռուն մխած:

Իսկ թե ով է, ինչ է ու ինչ է անում մարդուն պետությունը՝ ես, Բատոնյանի պես, նաև Մարգարիտայի շնորհիվ չեմ մոռանա: Բայց չեմ կարողանում բացատրել:

Գեւորգ ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ Հակոբ Հովհաննիսյանի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031