Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆերդինանտ Առաքելյանը՝ Գալուստ Սահակյանը մասին. «Կուսակցականը չի կարող լինել մտավորական» (Տեսանյութ)

Մարտ 07,2014 13:32

«Քննարկել, թե օրենքը կարելի է խախտել, թե՝ ոչ, դա անհեթեթ է: Պատմական հուշարձանի տարածքում շինարարություն անել չի կարելի: Մենք հայտնվել ենք անհեթեթ իրավիճակում, երբ քննարկում ենք հարց, որը քննարկման ենթակա չէ»,-անդրադառնալով Գառնու տաճարի շրջակայքում սրճարան կառուցելու՝ մշակույթի նախարարության մտադրությանն, այսպիսի կարծիք հայտնեց հրապարակախոս Կարինե Հակոբյանը:

Նա նշեց, թե «միայն սրճարանը չէ խնդիրը, այլ վերջին տասը տարիների ընթացքում մեր քաղաքաշինության ուղղությունն է, երբ մշակութային քաղաքականությունը, պետությունը ծառայում է բիզնեսին, և ոչ թե հակառակը»:

Արդյոք մշակույթի նախարարության գործառույթների մեջ մտնո՞ւմ է սրճարան կառուցելը, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Ընդհանրապես բոլոր մշակութային պատմական հուշարձանները պետք է հսկվեն մշակույթի նախարարության կողմից: Ինչի՞ համար է մշակույթի նախարարությունը, հիմնական ֆունկցիան մշակույթի պահպանությունն է»:

Այն դիտարկմանը, թե սրճարանից ստացված հասույթը ուղղվելու է տաճարի ծախսերին, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Պետք է մշակույթի նախարարությունն իր առաքելությունը գիտակցի և հասկանա իր պատասխանատվությունները: Անհարմար է այդպիսի բաներ ասելը, որ ուղղվելու է տաճարի պահպանմանը»:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի ձևակերպմամբ՝ մշակույթի նախարարությունը «անզոր» է: Ըստ քանդակագործի՝ այդ սրճարանը «պետությանը բան չտվող է»:

Մտավորականը, աչքի առաջ ունենալով Օղակաձև զբոսայգու, Օպերայի ճակատագիրը, մտահոգված է, թե «որն է լինելու հաջորդ քայլը»: Պարոն Առաքելյանը մտավախություն ունի, թե հետագայում հնարավոր է այնտեղ հինգ հարկանի շենք կառուցեն:

Այնուհետև նա այսպիսի կարծիք հայտնեց. «Հարցն այն է, որ մենք շատ չոր ենք դնում. Կարելի՞ է, թե՝ ոչ: Եվրոպայում նման բաներ շատ կան. Քյոլնի տաճարի կողքի սրճարանը, Հին Պրահայի սրճարանները: Հնաբանները պետք է ուսումնասիրեն՝ տակը շերտ կա, թե՝ ոչ: Իսկ ժողովրդի դիմադրության պատճառն այն է, որ վախենում են, որ օպերան կկրկնվի»:

Գառնու տաճարի հետ կապված պատմության մասին խոսելով՝ Ֆերդինանտ Առաքելյանը հիշեց Բիսմարկի խոսքերը. «Բոլոր սրիկաները սրիկայությունը թաքցնում են ազգայնական ճառերի տակ»:

Ֆերդինանտ Առաքելյանը նշեց, թե «Միայն վագրն է պակաս, գցեն հրապարակի մեջ»:

Պարոն Առաքելյանը հարց է հղում գյուղապետին. «Ինչո՞ւ է ձորը աղբանոց: Ինչո՞ւ եք անտերության թողել Գառնիի էկոլոգիական մասը: Ինչո՞ւ են Գառնու տաճարի քարերով գոմ սարքում»:

Կարինե Հակոբյանն ասաց. «Կարծում եմ՝ չենք կառուցի: Ամոթ է, չպիտի կառուցվի, ինչի՞ համար է այսքան ժամանակ պայքարում մշակույթի նախարարությունը, տեսավ դիմադրությունը, պետք է դադարեցներ»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կմեկնաբանեն Գալուստ Սահակյանի կարծիքը, թե «Ուզում են ուտեն, լավ էլ խոտ ա աճում, թող գան ուտեն գնան, բայց ոչ հուշարձանի տարածքում: Կողմնակից եմ, որ նման բաներ չկատարվեն»: Պարոն Առաքելյանն ասաց. «Կուսակցականը չի կարող լինել մտավորական: Մտավորականը ունի մեկ՝ ազգային պետական շահ: Կուսակցականները ունեն կուսակցական շահ»: Տիկին Հակոբյանն էլ նշեց. «Դա կուսակցական որոշում է, իսկ Հասմիկ Պողոսյանը ՀՀԿ անդամ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31