Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե զոհված լինեինք, գրելու էիք, չէ՞, որ մասնակցել է ռազմական գործողություններին»

Մարտ 03,2017 15:02

Նախկին զինծառայող Ջանիկ Սիմոնյանը, որը Հադրութում՝ առաջնագծում է ծառայել, պատմում է, թե ապրիլի 1-ին, ժամը 04.00-ին իրենք տեղյակ էին, որ տեղի է ունենալու բացահայտ հարձակում: Ապրիլի 1-ի լույս երկուսի գիշերը տագնապ կար, որ պատերազմ է լինելու:

«Մեդիա կենտրոնում» «Զինգրքույկներում պատերազմի մասնակցության փաստը հերքող դեպքերը զրկում են զինծառայողներին օգտվել զեղչերից. իրավական գնահատական» թեմայով հրավիրված քննարկմանը Ջանիկ Սիմոնյանը վրդովվեց, թե ինքը մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, սակայն իր զինգրքույկում նման նշում չկա, իսկ իր դիմումները՝ վերականգնել այդ բացթողումը, մերժվել են. «Ականանետով կրակել եմ ապրիլի 2-ին: Այդ տվյալները նախարարությունում կան, որ ես կրակել եմ, ինձ վրա էլ են կրակել, այդ դեպքում ինչպե՞ս է ստացում, որ չեմ մասնակցել»:

Ջանիկը պատմեց, որ երբ ապրիլի 1-ին, ժամը 04.00-ին տագնապ են տվել, իրենք դուրս են եկել, մտել խրամատներ ու մինչև հունիսի 25-ը դիրքերում է եղել: Ջանիկ Սիմոնյանը վրդովված է, որ այդքանից հետո իրենց մերժում են՝ պատճառաբանությամբ, որ ուղղակի մարտական հերթապահություն են կատարել:

Այս առիթով պարզաբանումներ ներկայացրեց ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը. «Չէ՞ որ մարտական հերթապահության շրջանում էլ եք նույն հրետանին գործի դրել: Այդ դեպքում մարտերի մասնակցություն ասելով՝ պետք է հստակեցնել՝ ինչ ենք հասկանում: Այս հարցն ունի անհատական մոտեցման խնդիր: Իհարկե, դուք բոլորդ էլ մեզ համար հերոսներ եք, որ երկիր եք պահել»:

Նախկին զինծառայող Արեգ Ջանոյանը, որը Ջաբրայիլի զորամասում է ծառայել, վրդովված է. «Օրինակ՝ Ղարաբաղի զորամասերում ծառայածներին չեն գրում մարտական գործողությունների մասնակից, բայց ՀՀ-ից օգնության համար Ղարաբաղ եկածներին, որոնք անգամ առաջնագիծ չեն հասել, բայց նրանց գրել են: Իմ խնդիրը դա է, որ անմիջական մարտական գործողություններին մասնակցած անձանց զինգրքույկում նշում չեն կատարել, որ մասնակցել է մարտական գործողություններին, իսկ ոչ անմիջական մասնակցություն ունեցողներին գրել են»:

Նա վրդովմունքը չզսպելով նշեց, թե Աստված չանի, եթե իրենցից որևէ մեկը դիրքերում զոհված լիներ, անպայման գրելու էին, որ մասնակցել է ռազմական գործողություններին, բայց քանի որ ողջ-առողջ եկել հասել են, նման վերաբերմունքի են արժանանում, այն դեպքում, երբ իրենք են երկրի ապագան ու տերը:

Ալիկ Ավետիսյանն արձագանքեց. «Հաջողությամբ վերադարձել եք. գոհ ու շնորհակալ ենք: Զոհը կարող էր նաև թիկունքում լինել, միևնույն է՝ սա կարգավիճակ չէր ավելացնելու»: Դառնալով ուսման վարձի զեղչերին՝ ասաց, որ դա նախարարի նախաձեռնությունն էր 50 տոկոս զեղչ սահմանել, և այդ հայտարարությունից հետո հրամանատարներից յուրաքանչյուրն ըստ իր իմացածի սկսեց նշումներ անել: Պարոն Ավետիսյանն առաջարկեց՝ միգուցե բոլոր ապրիլյան մասնակիցներին տան զեղչ, բայց դա ծանր է նստելու բուհերի համար և սոցիալական արդարության հարց է առաջանալու:

Ալիկ Ավետիսյանը նաև վստահեցրեց, թե այժմ ՊԲ-ից ցուցակներ են ստացել և կատարում են ճշգրտումներ:

Թալիշում մարտական հենակետ հետ վերցնելու համար մեդալ ստացած նախկին ժամկետային զինծառայող Պարգև Խաչատրյանի քույրը՝ Կարինե Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ իր եղբոր զինգրքույկում նշումը վերականգնվել է միայն մամուլին դիմելուց հետո: Նա պատմեց, որ երբ եղբայրը վերադարձել է տուն, տեսել են, որ զինգրքույկում ջնջում, նաև փոփոխություն է կատարված՝ «02.02.2016 մասնակցել է մարտերին» նախադասության մեջ ավելացվել է «չի» բառը:

Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը վրդովվեց, թե պետությունն իր պարտավորությունը չի կատարել բոլոր զինվորների նկատմամբ: Նա նշեց, թե ուսման վարձի 50 տոկոս փոխհատուցումը պետք է լիներ ոչ թե կրթության նախարարի խղճի զգացման արդյունք, այլ լիներ կոնկրետ պետական մոտեցում: Բարոյականության հարցը շարունակելով՝ նաև նշեց. «Որքանո՞ վ է բարոյական, որ Սեյրան Սարոյանը, Գեներալ Մանվելը լինեն գեներալ: Ինչքանո՞վ է հիմնավոր սպայական կոչումների շարանը և որքանո՞վ է բարոյական, որ այն մարդկանց, որոնց հրաման են տվել մարտական հերթապահություն իրականացել, նրանց գրառում չեն կատարել անգամ»:

Դառնալով ազգ-բանակ գաղափարախոսությանը՝ պարոն Սաքունցն ամփոփեց. «Ազգ-բանակ չգիտեմ՝ որտեղից մոգոնեցին, բայց կա հստակ սահմանադրական պարտավորություն իշխանական մարմնի կողմից քաղաքացիների առաջ»:

Հասարակական գործիչ Դավիթ Մաթևոսյանը նշեց, թե պետք է օրենսդրական բացին լուծում տալ: Օրինակ բերելով ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի ազգ-բանակ գաղափարախոսությունը՝ նշեց, թե սկզբում ուրախացել է, սակայն հետո միայն ժողովրդի բերանում շրջանառվում է 1000 դրամների նախագիծը. «Առանց այդ էլ զինվորների ծնողները 7-10 օրը մեկ տուլիկներ են ուղարկում բանակ: Անում են դա իրենց երկրի, որդու, իրենց պետության սահմանների ամրության համար: Մինչդեռ պետք է լիներ մի օրենսդրական նախագիծ, որ զինվորին ցույց է տալիս, որ պետությունն իր թիկունքին է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031