Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւելյան ճամփորդություն

Օգոստոս 08,1998 00:00
Traceca

Լիսաբոնյան «հաղթանակից» հետո Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը առաջարկել էր Ստեփանակերտը Հեյդարաբադ վերանվանել, իսկ «Առավոտ»-ը հակառակ առաջարկով էր հանդես եկել՝ Բաքուն վերանվանել Ռոբերտաշեն, ինչը ավելի տրամաբանական էր թվում: Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահն էր, թեեւ հայ դիվանագիտական միտքը, ընդհանուր առմամբ, «պարտություն կրեց»:

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հրավերը Ռոբերտ Քոչարյանին՝ մասնակցելու սեպտեմբերի 8-9 Բաքվում կայանալիք TRASECA-ի միջազգային կոնֆերանսին՝ միջպետական հարաբերությունների տեսակետից հազիվ թե տարօրինակ կարելի է համարել: Անգամ, եթե նկատի ունենանք, որ երկու հարեւան պետությունների միջեւ չեն հաստատված դիվանագիտական հարաբերություններ՝ «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկարամյա տարածքային վեճի պատճառով, որը ծագեց 1988-ին՝ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի անկլավի պատկանելիությունը հայերի կողմից վիճարկելուց հետո»:

Առավել եւս, եթե հիշենք, որ երկու նախագահները նախկինում էլ են հանդիպումներ ունեցել, այսպես ասած, չեզոք երկրներում: Նման նախադեպեր ԱՊՀ /եւ ոչ միայն/ երկրներում նույնպես եղել են՝ Ելցին-Մասխադով, Շեւարդնաձե-Արձինբա: Եթե Ռոբերտ Քոչարյանը որոշում ընդունի մասնակցելու վերոհիշյալ կոնֆերանսին, ապա Հայաստանի նախագահի անվտանգության խնդիրը ապահովելուց եւ դիվանագիտական նրբություններից բացի, անհրաժեշտ է հաշվի առնել այս այցելության միջազգային հնչողությունը նույնպես: Հազիվ թե կարելի է ընկալել որեւէ դրական փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, բայց Քոչարյան-Ալիեւ հնարավոր հանդիպումը Բաքվում արդեն որպես աննախադեպ մի երեւույթ է նկատվում:

«Այսօրվա սենսացիան՝ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին Բաքու է հրավիրել: Ադրբեջանի մայրաքաղաքում կարող է հյուրընկալվել մի մարդ, որն այնպիսի շոշափելի պարտության է հասցրել հրավիրող կողմին, որից հետո ցանկացած շփում անհնար է թվում: Բայց պետք է արժանին մատուցել ադրբեջանական դիվանագիտությանը. այն գերազանցեց ինքն իրեն: Դա կովկասյան ազնվության ու արժանապատվության ցուցադրում է: Եւ, որքան էլ տարօրինակ թվա, առաջին նախանշանն այն բանի, որ Բաքուն սկսում է իրապես հաշվի առնել հարեւանների շահերը»,- նշում է «Իզվեստիա»-ն /05. օգոստոսի/:

Հաշվի առնելով միջազգային հանրության շահագրգռվածությունը՝ արագացնել Եվրոպա-Կովկաս-Ասիա, տրանսպորտային միջանցքի շահագործումը, բացատրելի է նաեւ հետաքրքրությունը Հայաստանի դիրքորոշման հանդեպ, թե Բաքվում կայանալիք հանդիպման եւ թե նրանում Հայաստանի նախագահի մասնակցության առումով: Եթե Ռոբերտ Քոչարյանը ընդունի իր կողմից «շոշափելի պարտություն» ստացած երկրի հրավերը եւ անձամբ մեկնի Բաքու, ապա դա կարող է դիտվել իբրեւ հայ-ադրբեջանական բանակցությունները վերսկսելու եւ Հայաստանի «կովկասյան գործարքներին» ավելի ակտիվ մասնակցելու նախանշան: Ոմանք դրանում դիտում են նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության որոշակի շեղում ավանդական ռուսաստանահայաց գծից եւ արեւմտյան գծին մերձեցում:

Խոսքն, անշուշտ, Ռոբերտ Քոչարյանի, այլ ոչ թե Հայաստանի պատվիրակության, կամ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի մասին է, որը, ինչպես հավաստիացնում են, բոլոր պարագաներում մեկնելու է Բաքու: Փոքր-ինչ ծանոթ լինելով Ռոբերտ Քոչարյանի ոչ ավանդական լուծումներ ընդունելու հատկությանը եւ ավելի ու ավելի համոզվելով դրանում, այսօր իսկ կարելի է ենթադրել, որ վերջնական որոշումը նախագահը միանձնյա է ընդունելու, իսկ խորհրդականների հետ հրավերի շուրջ խորհրդակցությունները ավելի շուտ կանոնակարգային, «ծիսական» բնույթ ունեն: Մեզ թույլ ենք տալիս ենթադրելու նաեւ, որ նախագահը պնդելու է Բաքու գնալու իր որոշման վրա՝ հակառակ իր թիմակից արհեստավարժների, որոնք կփորձեն /հավանաբար, փորձում են/ ետ պահել նախագահին այդ վտանգավոր քայլից, իբրեւ թե շատ են մտահոգված նախագահի՝ Բաքվում անվտանգության ապահովման խնդրով:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Հ.Գ. ՀՀ նախագահի Բաքու մեկնելու դեպքում հեղինակը պատրաստ է «վտանգելու» սեփական անձը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31