Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական համագումար

Փետրվար 02,1999 00:00
Aram Abrahamyan

Հանրապետական կուսակցության համագումարում ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը մտահոգություն հայտնեց, որ ՀՀԿ-ն կարող է ընկալվել որպես պետական նոմենկլատուրայի իշխանության կուսակցություն եւ, իր էությամբ, նոր ՀՀՇ: Ըստ ամենայնի, պրն Բազեյանի մտահոգությունը բավականին հիմնավոր է: Նման զուգահեռներ անցկացնելու տեղիք է տալիս հենց նույն ՀՀԿ-ի արտահերթ համագումարը: ՀՀՇ վերջին համագումարներին, գոնե արտաքնապես, նմանությունը կատարյալ է. նույն «Ջիպերն» ու «BMW»-ները մուտքի մոտ, նույն կաշվե վերարկու հագած «պուզատի» պատվիրակները /որոնք, մեծ մասամբ, մաշկը թեթեւակի փոխած նույն ՀՀՇ-ականներն են/, նույն անզուսպ քծնողական ներբողները առաջնորդի հասցեին, նույն բուռն ծափահարությունները: Կայի՞ն արդյոք այդ դահլիճում ու ընդհանրապես այդ կուսակցության մեջ չարքաշ կյանքով ապրող ուսուցիչներ, բանվորներ, գիտաշխատողներ: Թե՞ բացարձակ մեծամասնությունը կազմում են թաղապետերը, համայնքապետերը, քաղաքապետերը, մարզպետները եւ զանազան այլ պետերը, ինչպես նաեւ բարձրաստիճան սպաները:

Պաշտպանության նախարարը, որի անկեղծությանը հիմքեր չունեմ կասկածելու, միանգամայն ճիշտ խոսքեր է ասում Ղարաբաղի եւ ազգային համերաշխության մասին: Վախենամ, սակայն, որ դահլիճում հավաքվածներից շատերին ոչ Ղարաբաղն է պետք, ոչ ազգը, ոչ էլ համերաշխությունը: Միակ բանը, որի վրա նրանք կենտրոնացած են, սեփական ստամոքսն է եւ գրպանը:

Եվ ո՞վ է կասկածում, որ այդ պետերը եւ նրանց դրածոները հաղթելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ընդ որում ցինիկաբար հորինելով իրենց համար հերոսական կենսագրություններ: Մինչդեռ իսկական հերոսներն ու ազատամարտիկները, ժողովրդի ճնշող մեծամասնության նման, այդ ամենից չափազանց հեռու են եւ հազիվ են ծայրը ծայրին հասցնում:

Ժամանակին Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինը նկատել էր. «Մեզ մոտ ինչ կուսակցություն որ ստեղծում ես, ի վերջո նմանվում է ԽՄԿԿ-ին»: Հավանաբար, այդ դիտողությունը ճիշտ է ոչ միայն Ռուսաստանի դեպքում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728