Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԵՎ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ

Մայիս 05,1999 00:00
Gyumri

Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում, նախընտրական շրջանը մարդկանց խանդավառության եւ աշխուժության չի մղում։ Ավերակ շենքերի պատերին թեկնածուների չպատճառաբանված ժպտացող դեմքերն են։ Փողոցներում անկապ ասելիքով պաստառներ են՝ այս կամ այն թեկնածուի օգտին։

Ըստ նախորդ խորհրդարանական ընտրություններին առաջադրված եւ չընտրված թեկնածուների՝ Գյումրիում ակտիվ նախընտրական կյանքը սկսվում է մայիսի 10-ից հետո։

Շիրակի մարզում կա 7 ընտրատարածք՝ 73 թեկնածուներով։ Նրանցից 12-ը չեն աշխատում (գործազուրկ է անգամ Արարատ Դվինովիչը), իսկ 42-ը անկուսակցական են։ Թեկնածուների մեջ բանվորագյուղացիական անցյալով մեկը չկա. բոլորը բանկիրներ, տնօրեններ, դասախոսներ, դատախազության աշխատակիցներ են։ Ամենատարեց պատգամավորները, բնականաբար, կոմկուսի անդամներ են՝ ծնված 1927, 32, 38 թվականներին։ Ամենաերիտասարդը 27 տարեկան է։

Գյումրեցիների շրջանում հատուկ հեղինակություն ու ակնածանք են վայելում թաղային հեղինակությունները։ Նրանց անունները տաբու են, բարձրաձայն չեն արտասանվում (համենայնդեպս, ինձ պատահած գյումրեցիներից եւ ոչ մեկը որեւէ անուն չտվեց- Լ. Ա.)։ Վերոնշյալ հեղինակություններն իրենց թեկնածությունը չեն դրել՝ հարկավորից շատ աչքի չընկնելու նպատակով։ Փոխարենը պաշտպանում են որեւէ թեկնածուի՝ հասկանալի հետեւանքներով։ Գյումրիում ընտրողները մի տեսակ վախեցած են. ոչ մի անուն բարձրաձայն եւ օտար մարդու ներկայությամբ չի տրվում։ «Առավոտ» էր զանգահարել գյումրեցի Լեւոն Խաչատրյանը եւ ասել, որ կարող է բազմաթիվ նախընտրական խախտումների մասին պատմել։

Սակայն իմանալով, որ ինձ իր մոտ ուղեկցողը նույնպես գյումրեցի է, ոչ մի կոնկրետ բառ չասաց. «Չեմ վախենում, պարզապես չեմ կարող ասել»,- իմ հարցերին պատասխանում էր պրն Խաչատրյանը։

Փողոցում իմ հարցումներն էլ պատահական գյումրեցիներին, ըստ էության, անարդյունք էին. որեւէ կոնկրետ թեկնածուի պաշտպանող մեկը ինձ չհանդիպեց։ Հիմնականում ընտրողները չկողմնորոշված են ու արդեն հասցրել են իրենց խաբված համարել։ Բայց, ինչպես ասում են. «Եթե ընտրությունները որեւէ բան որոշեին, դրանք տեղի չէին ունենա»։

Թեկնածուներն էլ՝ ամենեւին չհուզվելով իրենց հանդեպ ձեւավորված անվստահությունից, նոր եւ, կարեւորը, գունավոր բուկլետներ են հրատարակում։ Գյումրեցիների հումորը նրանց մի մասին պարտավորեցնում է իրենց կուսակցությանը՝ «Առաքելությանը» հումորով ընկալել։ Թեեւ կուսակցությունը Շիրակի մարզում (եւ ոչ միայն) մեծ հավակնություններ ունի։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31