Կարծում է Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչը
ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում մի կողմից՝ Ադրբեջանում հնչող ագրեսիվ հայտարարությունները, մյուս կողմից՝ այդ հիմնախնդրի լուծման ճանապարհին միջազգային կառույցների վերջերս հնչեցրած մի քանի ոչ հայանպաստ դիտարկումները որոշակի լարվածություն առաջացրին նաեւ հայաստանյան քաղաքական շրջանակներում եւ հասարակության ներսում: Այդ լարվածությունն ավելի ընդգծվեց անցյալ շաբաթ Բուդապեշտում հայ սպայի դաժան սպանության եւ դրան ադրբեջանական իշխանությունների եւ հասարակական կազմակերպությունների խիստ անհամարժեք հայտարարությունների ֆոնի վրա: Կարծում ենք, դրանով էր պայմանավորված, որ սումգաիթյան ողբերգությունից 16 տարի անց Հայաստանում այդ տարելիցին մեր հասարակությունն ավելի խիստ եւ կազմակերպված արձագանքեց, քան, ասենք, մի քանի տարի առաջ: Բայց այս համատեքստում հատկապես արտառոց էին ադրբեջանական կողմից՝ մարդասպան սպայի պաշտպանության կոմիտեների, դրա հաշվեհամարի ստեղծման, նրա քայլը քաջալերող տեղեկությունները, եւ մյուս կողմից՝ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանի՝ «հայերն ու ադրբեջանցիները գենետիկորեն անհամատեղելի են» արտահայտությունը, նաեւ հայ սպայի սպանության «վրեժը պահանջող» կարգախոսները:
Ակնհայտ է սակայն, որ ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում բոլորը չեն, որ հակված են այն աստիճան սրել իրավիճակը, որ արտերկրում մեր հայրենակիցների մոտ տպավորություն ստեղծվի, թե հայ-ադրբեջանական հարաբերությունները սաստիկ լարված են, ավելին՝ որ, իբր, Հայաստանում զորահավաք է սկսվել:
Երեկ զրուցեցինք Ադրբեջանի ընդդիմության՝ «Ենի Մուսաֆատ» կուսակցության ներկայացուցիչներից մեկի՝ Հիքմեթ Հաջիզադեի հետ եւ փորձեցինք պարզել, թե արդյո՞ք Ադրբեջանում հայ սպային կացնահարած ադրբեջանցու արարքը հերոսացնելու միտումը զանգվածային բնույթ է կրում:
«Անկեղծ ասած, չգիտեմ, թե Ադրբեջանի
իշխանությունների արձագանքն ինչպիսին է եղել, բայց որ տեղի ունեցածը անցանկալի, դատապարտելի երեւույթ է՝ հստակ է: Բայց բանն այն է, որ մենք չգիտենք էլ, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Մեզ լիարժեք որեւէ տեղեկություն չի հասնում»,- ասաց Հ. Հաջիզադեն: Վերջինիս ասելով, ադրբեջանական հասարակությունը գիտե ընդամենն այս. «Մենք լսել ենք, որ տեղի է ունեցել սպանություն եւ ձերբակալված է ադրբեջանցի սպա, որը սպանել է հայ սպայի, որ նրանք միասին մասնակցել են անգլերենի ուսուցման կուրսերի եւ հիմա ադրբեջանցին ձերբակալված է եւ ոչ մեկին թույլ չեն տալիս նրան տեսակցել: Ավելին, ցավոք, ինքս չգիտեմ: Չեմ կարծում, թե Բուդապեշտում տեղի ունեցածը եղել է հենց այնպես՝ առանց նախապատմության»: Երբ մեր զրուցակցին փոխանցեցինք տեղի ունեցածի մեզ հայտնի տարբերակը, վերջինս կրկին հիշեցրեց, որ իրենք՝ Ադրբեջանում այդ սպանության մանրամասների վերաբերյալ տեղեկացված չեն, ինչպես ՀՀ-ում:
Անդրադառնալով Ադրբեջանում Սաֆարովի պաշտպանության կոմիտեների ստեղծման փաստին, Հ.Հաջիզադեն նկատեց. «Ի՞նչ ասել է պաշտպանության կոմիտե: Ես դեմ եմ նրան, որ նման դեպքեր ընդհանրապես տեղի ունենան: Բայց ցավոք, ազգամիջյան լարավածությունը կա եւ դա իրեն զգացնել է տալիս: Այդ կոմիտեները, որոնք այստեղ կան, չգիտեմ ինչի՞ն են կոչված. նրանք պաշտպանելու են ձերբակալված ադրբեջանցու իրավունքնե՞րը, թե՞ կոչված են հայտարարելու՝ այո, բոլորին պետք է սպանել: Միաժամանակ, չեմ կարծում, թե Ադրբեջանում կան կոմիտեներ, որոնք քաջալերում են նման սպանությունները՝ որտեղ հայերն ու ադրբեջանցիները հանդիպեն, իրար պետք է սպանեն: Նման բան Ադրբեջանում չեմ նկատել»:
Այդուհանդերձ, ադրբեջանցի ընդդիմադիրը կիսո՞ւմ է այդ երկրի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե՝ քանի դեռ ԼՂ հակամարտությունը լուծված չէ, նման դեպքեր էլի կարող են կրկնվել: Ի վերջո, հայաստանյան քաղաքական ուժերի, պաշտոնական շրջանակների դիտարկմամբ, տեղի ունեցած սպանությունը Ադրբեջանում իշխանությունների սանձազերծած հակահայկական հիստերիայի արդյունք է:
«Ես գտնում եմ, որ դրանցից որեւէ մեկը կոռեկտ արտահայտություն չէ, որովհետեւ, հավանաբար, Ադրբեջանում էլ կգտնվեն նման մարդիկ, ովքեր կարող են ասել, թե հայ-ադրբեջանական լարվածությունը պայմանավորված է, ասենք, հայկական կողմից Զորի բալայանների նման մարդկանց՝ ազգամիջյան լարում հրահրելու հետ, եւ այդ է պատճառը, որ տեղի ունեցել է այս կամ՝ այն»,- նկատեց Հ.Հաջիզադեն:
Ինչ վերաբերում է օրերս ՀՅԴ գործիչ Ա.Ռուստամյանի հայտարարությանը՝ հայերի եւ ադրբեջանցիների գենետիկ անհամատեղելիության մասին, ապա ադրբեջանցու համոզմամբ՝ «Ես այդպես չեմ կարծում, եւ համաձայն չեմ, թե մենք գենետիկորեն անհամատեղելի ենք: Իզուր են խիստ շովինիստական տրամադրություններ ունեցող մարդիկ փորձում կրակի վրա յուղ լցնել: Մեր ժողովուրդները իրար դեմ հակամարտել են, բայց եթե պատմությանը նայենք, մենք նաեւ մի մեծ ժամանակաշրջան խաղաղ եւ նորմալ ապրել ենք կողք-կողքի»:
Արդյո՞ք Հայաստանում եւ Ադրբեջանում փոխադարձ մեղադրանքների եւ լարվածության այս փուլը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարի համար տեղ է թողնում: «Կարծում եմ, պետք է հուսալ, որ խաղաղ լուծում, այնուամենայնիվ, կլինի: Եվ որպեսզի դա լինի, մեր երկրները պետք է նախեւառաջ օրինական իշխանություններ ունենան»,- հույս հայտնեց ադրբեջանցի ընդդիմադիրը:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


















































