Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԶԳԱՅՆԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է»

Մարտ 03,2004 00:00 Share

Ասում
է ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը
– Բուդապեշտում հայ սպայի սպանությունը մեզ ետ շպրտեց 10 տարով: Հայաստանում եւ Ադրբեջանում ծավալված քարոզչությունից տպավորություն չունե՞ք, թե կարծես չեն եղել զինադադարի հաստատումից անցած տարիները:

– Դա տպավորություն չէ, այլ համոզմունք: Մենք խորապես դատապարտում ենք Բուդապեշտի սպանությունը, եւ ես չեմ բացառում, թե այն նախապես կազմակերպված էր: Առավել քան մտահոգված եմ իրադարձությունների վերջին զարգացումներով: Ազգայնամոլական, նացիոնալիստական գաղափարախոսությունն արդեն կարծես թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հռչակվել է պետական գաղափարախոսություն ու քաղաքականություն: Երկու երկրների ղեկավարությունն էլ այժմ արդեն բացահայտորեն վարում են հակամարտությունը ոչ թե չկարգավորելու, այլ ավելի խորացնելու ու առավել թեժացնելու քաղաքականություն: Որեւէ իրատեսական բացատրություն չի կարող լինել, թե ինչու է արվում դա: Սակայն պատճառները թերեւս հետեւյալն են: Ազգայնամոլությունն ինքնըստինքյան իռացիոնալ է որպես կատեգորիա: Բացի այդ՝ բացահայտ ազգայնամոլության գնում են քաղաքականապես բացարձակ սնանկ իշխանությունները (խոսքս Հայաստանի ներկայիս վարչակարգի մասին է): Այս միջոցով նրանք կարծես հույս ունեն նման գործելակերպով մեկ օր ավելի երկարաձգել իրենց իշխանությունը:

– Ռոբերտ Քոչարյանն օրերս տեսականորեն հնարավոր համարեց պատերազմի վերսկսումը: Իսկ գործնականում հնարավո՞ր է այն, կա՞ն նախանշաններ:

– Տարիներ շարունակ նախազգուշացրել ենք, որ Ղարաբաղի հակամարտությունը չկարգավորելու քաղաքականությունը հանգեցնելու է կա՛մ նոր ռազմական գործողությունների, կա՛մ միջազգային հանրության պարտադրած լուծման: Ու թեեւ հակամարտությունը խորացնելու քաղաքականությունը նոր երեւույթ է, դրա նախանշանները եղել են մի՛շտ: Սա հանգեցնելու է նշածս երկու տեսական լուծումներից որեւէ մեկին: Իսկ պատերազմի լուրջ նախանշաններ իրոք կան: Թեկուզ «Զինապարտության մասին» օրենքի նախագիծը. որեւէ այլ տրամաբանական բացատրություն չի կարող լինել, թե ինչու այն հայտնվեց շրջանառության մեջ, բացի այն, որ բանակին հարկավոր են զորակոչի նոր ռեսուրսներ: Սա նաեւ վկայում է, թե բանակի վիճակն այնպիսին չէ, ինչպես ներկայացնում են իշխանությունները՝ եթե հույսը ասպիրանտների փոքրաթիվ խմբաքանակը զորակոչելն է: Իսկ ադրբեջանական բանակը վերջին տարիներին էապես բարեփոխվել է եւ նրա զարգացումն ընթանում է ՆԱՏՕ-ի չափանիշներով: Մինչդեռ Հայաստանի բանակը մնում է ռուսական, եթե չասենք՝ սովետական բանակի չափանիշներով: Եթե Աստված չանի՝ իսկապես սկսվեն ռազմական գործողությունները՝ դա կլինի բանակային երկու մոդելների բախում, որ մենք բազմիցս տեսել ենք: Ե՛վ զինատեսակների, ե՛ւ մասշտաբների, ե՛ւ ռազմական ավիացիայի առավել ծավալուն օգտագործման առումով՝ դրանք էապես ու որակապես տարբերվելու են 90-ականների սկզբների ռազմական գործողություններից: Չի բացառվում, որ դրանց ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավվեն նաեւ այլ կողմեր եւ մեր հարեւան երկրներից մեկն էլ անմասն չմնա այս անգամ:

– Սակայն կողմերից որեւէ մեկի համար կարո՞ղ է նպաստավոր լինել այժմ ռազմական գործողությունների վերսկսումը:

– Նման իրավիճակում պատերազմը կարող է նաեւ հախուռն բռնկվել, այսինքն՝ անկախ որեւէ մեկի կամքից: Կարծում եմ՝ գուցե դա իրականում ձեռնտու լինի Ռոբերտ Քոչարյանին: Նա այժմ կառչած է իշխանությունից եւ այլեւս չունի այն պահպանելու քաղաքական, իրավական ներքին եւ արտաքին որեւէ ռեսուրս: Իսկ Իլհամ Ալիեւին պատերազմն այժմ ձեռնտու չէ, քանի որ բացահայտ հայտարարում է, թե ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին: Այդ երկրի տնտեսական աճը էապես գերազանցում է Հայաստանի անտեսանելի «տնտեսական աճին»: Բացի այդ՝ Ադրբեջանն անընդհատ ստանում է նորանոր քաղաքական եւ դիվանագիտական աջակցություն: Ձգձգման հետեւանքով Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն արդեն վերածվում է գրավյալ տարածքների վերադարձման հարցի, եթե արդեն չի վերածվել:

– Տարեսկզբից Եվրախորհուրդն ու Եվրախորհրդարանը պատրաստվում էին ընդունել ադրբեջանանպաստ փաստաթղթեր, որոնց մի մասը հաջողվեց կանխել հայկական լոբբիստական խմբերի ու դիվանագիտության ջանքերով:

– Ես չգիտեմ՝ այդ ո՞րն է կանխվել:

– Ասենք, Եվրախորհրդում Ղարաբաղը գրավյալ տարածք հռչակելը:

– «Ղարաբաղը եւ գրավյալ այլ տարածքները» ձեւակերպումը մնացել է Ադրբեջանի վերաբերյալ փաստաթղթում: Դա Եվրախորհրդի պաշտոնական տեսակետն է, եւ արդյոք կարեւո՞ր է, թե ինչ վերնագիր ունեցող փաստաթղթում է նշված այն: Ես չեմ տեսնում որեւէ հաջողություն: Ավելին՝ ակնհայտ է, որ նման ձեւակերպումներով բանաձեւերի ընդունումը կշարունակվի եւ դրանք նոր չէ, որ կան: Նման փաստաթղթեր անընդհատ եղել են Ստամբուլի հռչակագրից սկսյալ. հետո՞ ինչ, որ իշխանությունները եւ ընդդիմադիր դաշտի մի լուրջ հատված ձեւ էին անում, թե չեն տեսնում դրանք:

Իսկ այն, որ Պեր Գարթոնի զեկույցից քվեարկությամբ հանվեց 5 շրջանները վերադարձնելու վերաբերյալ դրույթը, կարծում եմ՝ ոչ թե լոբբիստական գործունեության արդյունք էր, այլ զուտ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Եվրամիության հարաբերությունների: Այսինքն՝ եթե այդ առաջարկն ընդունվեր, պաշտոնապես կհայտարարվեր, թե Եվրամիությունը Մինսկի խմբին զուգահեռ սկսում է զբաղվել հակամարտության կարգավորմամբ: Միակ բացատրությունն է, թե եռանախագահող երկրների, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության միջեւ է ձեռք բերվել այդ պայմանավորվածությունը, որ առայժմ (ընդգծում եմ՝ առայժմ) կարգավորմամբ զբաղվելու է Մինսկի խումբը:

– Այսինքն՝ չե՞ք բացառում, թե հետագայում Եվրամիությունն էլի է փորձելու հանդես գալ նման մասնակի լուծումների վերաբերյալ առաջարկներով:

– Ավելին՝ վստահ եմ, որ իրադարձությունների այս ընթացքի դեպքում, եթե չփոխվի սցենարը, ոչ միայն Եվրամիությունը, այլ միջազգային այլ կառույցներ էլ կսկսեն զբաղվել այդ հարցով: Եվ ոչ այնպես, ինչպես Մինսկի խումբը, այլ նման գրեթե վերջնագրային ձեւակերպումներով: Մինսկի խմբում Ռուսաստանի ներկայացուցիչը վերջերս բացահայտ հայտարարեց, որ այժմ որեւէ գործընթաց չկա: Թեեւ ըստ ԱՄՆ-ի ներկայացուցիչների՝ այնուամենայնիվ կան առաջարկներ, որոնք կա՛մ ներկայացվել են, կա՛մ ներկայացվելու են:

– Իսկ ինչպե՞ս կարող է փոխվել Ձեր նշած սցենարը:

– Այն կարող է փոփոխվել միայն եւ միայն մեկ դեպքում՝ եթե Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն եւ հաստատվի օրինական իշխանություն: Դա միանգամից էապես կփոխի իրավիճակը եւ հնարավորություն (այլ ոչ երաշխիք) կտա ինչ-որ կերպ կանխել մեզ համար խիստ անբարենպաստ զարգացումները, որոնք արդեն ակնհայտ են ողջ հասարակության համար: Եթե այս իշխանությունները չհեռացվեն՝ կասկած չունեմ, որ կրկնվելու է այն, ինչ եղավ 1920-ին, երբ այդ ժամանակվա կառավարողները մինչեւ չզիջեցին վերջին թիզ հողը՝ չհեռացան իշխանությունից:

Զրույցը վարեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031