
Հարգելի «Առավոտ», սիրելի Նաիրա
1. Ցավոք, իրավիճակը եւ համեմատությունը մի քիչ կոռեկտ չէ: Չգիտեմ՝ դուք տեղյակ եք, որ այդ պահին, որ ես գոռում եմ Ձեր մեջբերած որակումները, ոստիկանները, Ա. Սարգսյանի գլխավորությամբ` հրել- բրթելով քաղաքացիներին ճամփա էին բացում, որ ոստիկանապետը 5 մետր չերկարացնի իր ճանապարհը եւ ուղիղ գծով գնա դեպի իր մեքենան: Ուրեմն պատկերացրեք նույն տեսարանի հակապատկերը: Ասենք՝ ցուցարարները հրել- բրթելով հետ են շպրտում ոստիկաններին, եւ ոստիկաններն էլ ՄԻԱՅՆ գոռում, բողոքում եւ վերոհիշյալ որակումներն են տալիս:
Հուսով եմ՝ կարողացա նկարագրել Ջեր համեմատության ոչ կոռեկտությունը:
2. Ինչպես ամրագրված է օրենքով, քաղաքացին ազատ է անելու այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով, սակայն պաշտոնյան, իրավապահը իրավունք ունի անել միայն այն, ինչի համար լիազորված է օրենքով: Ուստի քաղաքացին, լրագրողը, իրավապաշտպանը եւ այլք իրավունք ունեն իրենց որակումները տալ պաշտոնյաներին, սակայն պաշտոնյաները , իրավապահները լիազորված չեն քաղաքացիներին եւ ցուցարարներին որակումներ տալ:
3. Վիրավորանք. այն որակումները, որ քաղաքացին, ցուցարարը , լրագրողը եւ այլք տալիս են պաշտոնյային, եթե համապատասխանում է տվյալ պաշտոնյայի որակներին, դա այլեւս վիրավորանք չէ: Օրինակ` եթե խուլիգանական վարքագիծ ունեցող անձին ասես խուլիգան, դա վիրավորանք չի կարող համարվել: Տվյալ դեպքում ես շատ եմ ցանկանում, որ իմ որակումների հասցեատերերը` ոստիկանապետն ու նրա շքախմբի անդամները, եթե վիրավորանք են համարում՝ դիմեն դատարան, եւ եթե ես չկարողանամ ապացուցել իմ որակումների իրավացիությունը, ապա պատրաստ եմ պատժվել օրենքի ամենայն խստությամբ:
Վարդգես Լ. Գասպարի


















































