Լրահոս
Օրվա լրահոսը

Չեղած «Տիկոն» եւ եղած «Դերոն»

Սեպտեմբեր 18,2012 13:36

Պատմում են, որ բանասիրական ֆակուլտետում կային դասախոսներ, որոնք, ցանկանալով տապալել ուսանողին քննության ժամանակ, հարցնում էին՝ ինչպիսի՞ շրջազգեստ էր հագել այսինչ պահին վեպի այսինչ հերոսուհին: Բնականաբար, այդ երկրորդական դետալները սովորաբար հնարավոր չէ հիշել, եթե հատուկ մտքիդ չդնես: Իսկ ահա «քաղաքական» կոչվող գործընթացներում մարդկանց ուշադրությունը, որպես կանոն, սեւեռվում է նման դետալների վրա: Նման մոտեցում ունեցողները բաժանվում են երկու կեսի՝ մի մասն ի վիճակի չէ կամ հավես չունի խորանալու, թե ինչի մասին է խոսքը, մյուս մասը շատ լավ էլ հասկանում է, բայց գործի էության քննարկումը նրանց համար ձեռնտու չէ, եւ նրանք միտումնավոր կենտրոնանում են մանրուքների վրա: Վերջիններս նման են «Այն նույն Մյունհաուզենը» ֆիլմի թագավորին, որը ձեւ է անում, թե իր թագավորության ամենակարեւոր խնդիրն է՝ շորերը կարելիս ճիշտ տեղում իրանի տեղը գտնելը:

Շաբաթ օրը կառավարությունում կայացած խորհրդակցության ընկալման պատմությունը նույնն է: Քաղաքական գործիչների ու մեկնաբանների 90 տոկոսը «վերլուծում է» ոչ թե ՀՀ նախագահի բուն ասելիքը, այլ այն, թե ինչպես է նա դիմել վարչապետին եւ նախարարներին: Ընդ որում, այդ «խորքային վերլուծաբանների» հիշողության մեջ, չգիտես ինչու, տպավորվել է, որ Սերժ Սարգսյանը վարչապետին անվանել է «Տիկո»՝ չնայած նա օգտագործել է «Տիգրան» դիմելաձեւը: Իսկ առողջապահության նախարարին, այո, անվանել է «Դերո»: Թերեւս իսկապես իմաստ ունի նման միջոցառումների ժամանակ ստորադասներին դիմել «պարոնով», բայց դա չորրորդական նշանակություն ունեցող մանրուք է:

Իսկ կարեւորն այն է՝ գոյություն ունե՞ն, թե՞ չունեն այն խնդիրները, որոնք բարձրացրել է նախագահը: Կա՞ն իրականում պետական միջոցների թալան, կոռուպցիա, «ատկատներ» եւ այլն: Հնարավո՞ր է արդյոք տնտեսել պետական բյուջեի միլիարդավոր դրամներ, եթե կտրվի նման մեքենայություններով զբաղվող պաշտոնյաների «ծորակը», եթե «ծիգ»-երն ու նախարարությունները չմտնեն հանցավոր համաձայնության մեջ, եթե պետական փողերը ռացիոնալ ծախսվեն: Կա՞ արդյոք բարձիթողի վիճակ դեղերի շուկայում, հնարավո՞ր է այդտեղ տարրական կարգուկանոն հաստատել: Ահա այդ խնդիրների վերլուծությանը ես այս երկու օրվա ընթացքում չեմ հանդիպել: Փոխարենը՝ չեղած «Տիկոյի» եւ եղած «Դերոյի» քննարկում, լավագույն դեպքում՝ գուշակություններ սուրճի բաժակի շուրջ, թե երբ է փոխվելու վարչապետը: Վերը նշված խնդիրները արդյոք պայմանավորվա՞ծ են վարչապետի, նախագահի կամ որեւէ այլ պաշտոնյայի անձով: Թե՞ պետք է ստեղծել ինստիտուտներ, մեխանիզմներ, կանոնակարգեր՝ այդ ամենը հետզհետե վերացնելու համար:

…Ինձ երբեմն թվում է, որ անձնական մակարդակով ռադիկալ փոփոխությունների կոչեր են անում հենց նրանք, ովքեր չեն ցանկանում, որ իրական կյանքում որեւէ բան փոխվի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930