Լրահոս
Օրվա լրահոսը

Լեգենդներ տոնածառի մասին. qahana.am

Հունվար 01,2015 18:36

Մեր օրերում Սբ. Ծննդյան տոնի և Ամանորի անբաժան խորհրդանիշն է տոնական զարդարված տոնածառը, որը սակայն երկար ճանապարհ է անցել` մինչև մեզ հասնելը:

Գերմանիային է վերագրվում Սբ. Ծննդյան Տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը 16-րդ դարում, երբ հավատավոր քրիստոնյաները զարդարված ծառերը բերեցին իրենց տները: Ոմանք տոնածառը պատրաստում էին փայտից և զարդարում մշտադալար բույսերով և մոմերով:

Աստիճանաբար տոնածառի ավանդույթը տարածվեց Եվրոպայի տարբեր երկրներում: Անգլիայի Վիկտորիա թագուհու ամուսինը` իշխան Ալբերտը տոնածառն ավելի նորաձև դարձրեց` 1841թ. անգլիական առաջին տոնածառը Ուինձորի դղյակում զարդարելով մոմերով, զանազան կոնֆետներով, մրգերով և մեղրաբլիթով: Իհարկե, շուտով անգլիացի այլ հարուստներ հետևեցին նրա օրինակին` զարդարելու նպատակով օգտագործելով զանազան խենթուխելառ իրեր: Չարլզ Դիկենսը նկարագրել է տոնածառ` զարդարված տիկնիկներով, խաղալիք փոքրիկ կահույքով, երաժշտական գործիքներով, հրացաններով և թրերով, մրգով և քաղցրավենիքով:

19-րդ դարի առաջին տասնամյակներում տոնածառերն ընդունված չէին: Տոնածառի առաջին ցուցադրությունը 1830-ական թվականներին կատարեցին Փենսիլվանիայի գերմանացի նորաբնակները: Նրանք ցուցադրեցին մի տոնածառ` տեղի եկեղեցու համար գումար հանգանակելու նպատակով: 1851թ. եկեղեցիներից մեկի բակում տոնածառ դրվեց, սակայն ծխականներն այն համարեցին վերադարձ հեթանոսությանը և եկեղեցու սպասավորին խնդրեցին տոնածառը հանել: Մինչև 1980-ական թվականները տոնածառի զարդարանքները գալիս էին Գերմանիայից, իսկ ԱՄՆ-ում տոնածառը գնալով ավելի ու ավելի մասսայական էր դառնում: Եվրոպացիներն օգտագործում էին փոքր տոնածառեր` մոտավորապես 4 ֆուտ բարձրությամբ, մինչդեռ ամերիկացիները գերադասում էին հատակից մինչև առաստաղ հասնող տոնածառերը: 20-րդ դարի սկզբում ամերիկացիներն իրենց տոնածառերը զարդարում էին հիմնականում տնայնագործ զարդարանքներով, իսկ գերմանական ծագումով ամերիկացիները շարունակում էին օգտագործել խնձոր, ընկուզեղեն և նշակարկանդակ: Շարաններ էին պատրաստվում մեջընդմեջ դրված վառ գույներով ներկված եգիպտացորենի բոված հատիկներից (ադիբուդի), հատապտուղներից և ընկուզեղենից:

Էլեկտրականությունը նպաստեց, որ լույսերով զարդարված տոնածառերը զարդարվեն աշխույժ գույներով: Դրանից հետո տոնածառերը սկսեցին հայտնվել քաղաքային հրապարակներում: Թե մասնավոր և թե հանրային բոլոր կարևոր  շենքերը տոնածառի զարդարումով ազդարարում էին Սբ. Ծննդյան Տոնի սկիզբը: Վաղ տոնածառերը զարդարվում էին փերիների և բարի հոգիների պատկերներով, թեև եղջյուրները և զանգակներն էլ օգտագործվում էին չար ուժերին վախեցնելու համար: Լեհաստանում տոնածառերը զարդարվում էին հրեշտակներով, սիրամարգերով և այլ թռչուններով, ինչպես նաև շատ աստղերով, Շվեդիայում` վառ գույներով ներկված փայտե խաղալիքներով և կենդանիների ու երեխաների ծղոտե պատկերներով: Դանիայում տոնածառների վրա կախում էին դանիական փոքրիկ դրոշակներ, զանգակներ, աստղեր, ձյան փաթիլներ և սրտիկներ:

Ճապոնիայում քրիստոնյաները նախընտրում էին փոքրիկ հովհարներ և թղթե լապտերիկներ:

Լիտվայում տոնածառերը զարդարում էին ծղոտե թռչնավանդակներով, աստղերով և երկրաչափական պատկերներով: Ծղոտը խորհրդանշում էր նոր տարում առատ բերքի մաղթանք:

Չեխոսլովակիայում  տոնածառերը զարդարում էին ներկված ձվի կճեպից պատրաստված զարդարանքներով: Ուկրաինայում տոնածառերի վրա կար սարդը և սարդոստայնը` որպես հաջողության  խորհրդանիշ: Կա լեգենդ մի աղքատ կնոջ մասին, ով ոչինչ չուներ` զարդարելու իր երեխաների տոնածառը: Սբ. Ծննդյան Տոնի առավոտյան արթնանալով` նա տեսում է, որ ծագող արևն արծաթի է վերածել իրենց տոնածառի` սարդոստայնով պատված ճյուղերը:

Տոնածառի ծագման մասին շատ լեգենդներ կան: Դրանցից մեկն անգլիացի վանական  Սբ. Բոնիֆացիուսի մասին է, ով քրիստոնեական հավատը տարածել է Ֆրանսիայում և Գերմանիայում: Մի օր շրջելիս նա հանդիպում է հեթանոսների մի խմբի, ովքեր շրջապատած մի հսկա կաղնի` պատրաստվում էին մի մանկան զոհաբերել Թոր աստծուն:

Զոհաբերությունը կանխելու և մանկանը փրկելու նպատակով Բոնիֆացիուսը բռունցքի հուժկու հարվածով տապալում է ծառը, որի տեղում իսկույն աճում է մի փոքրիկ եղևնի: Սուրբը հեթանոսներին հայտնում է, թե այդ փոքրիկ եղևնին Կենաց Ծառն է և խորհրդանշում է Քրիստոսի հավիտենական կյանքը:

Ըստ մեկ այլ լեգենդի` բողոքականության հիմնադիր Մարթին Լյութերը Սբ. Ծննդյան Տոնի նախօրեին անտառում քայլելիս դիտում և զմայլվում էր երկնքի միլիոնավոր աստղերով, որոնք փայլփլում էին մշտադալար ծաղերի սաղարթների միջից: Տարվելով այդ տեսարանով` նա կտրում է մի փոքրիկ եղևնի և տանում իր ընտանիքին: Անտառում իր տեսած աստղափայլը վերստեղծելու նպատակով նա եղևնու բոլոր ճյուղերին մոմեր է դնում:

Մեկ այլ լեգենդ էլ պատմում է մի աղքատ անտառապահի մասին, ով շատ վաղուց Սբ. Ծննդյան Տոնի նախօրեին հանդիպում է մի կորած և քաղցած մանկան: Չնայած իր ծայրահեղ աղքատ լինելուն` անտառապահը մանկանն ապահովում է կերակուրով և օթևանով: Առավոտյան արթնանալով` նա իր դռան մոտ տեսնում է մի գեղեցիկ ու շքեղ տոնածառ: Քաղցած մանուկն իրականում ծպտյալ Քրիստոսն էր: Նա էր դրել տոնածառը` որպես այդ լավ մարդուն փոխհատուցում` իր բարեգործության համար:

Կա նաև այն լեգենդը, թե տոնածառը կարող է լինել «Դրախտի ներկայացում»-ը: Միջնադարում մարդկանց մեծամասնությունը գրագետ չէր և չէր կարող կարդալ, և ներկայացումները վերածվում էին Եվրոպայում Աստվածաշնչի ուսուցման դասերի: «Դրախտի ներկայացում»-ը, որում պատմվում էր մարդու արարման և Ադամի ու Եվայի` Եդեմի պարտեզից արտաքսման մասին, բեմադրվում էր ամեն տարի ձմռանը` դեկտեմբերի 24-ին: Քանի որ ներկայացման համար պետք էր խնձորենի, իսկ ձմռանն էլ խնձորենին բերք չի տալիս, հարկ եղավ խնձորենին փոխարինել մշտադալար ծառերով և դրանք զարդարել խնձորներով:

Գերմանիայից ծագող մեկ այլ լեգենդ էլ կա սարդերի և սարդոստայնի մասին: Վաղ անցյալում  ընտանիքը թույլ էր տալիս, որ իրենց ընտանի կենդանիները Սբ. Ծննդյան Տոնի նախօրեին մտնեին տուն և տեսնեին տոնածառը: Քանի որ մանուկ Հիսուսը ծնվեց ախոռի մսուրում, մարդիկ մտածում էին, որ կենդանիները ևս պետք է մասնակցեն Սբ. Ծննդյան տոնակատարությանը: Սակայն սարդերին թույլ չէին տալիս մտնել տուն, քանի որ տանտիրուհիներին դուր չէր գալիս նրանց` ամենուր հյուսած ոստայնը: Իհարկե, սարդերը դրա համար շատ տխուր էին և մի տարի էլ այդ մասին բողոքեցին Քրիստոսին: Նա խղճաց սարդերին և որոշեց ուշ գիշերը նրանց ներս թողնել` տեսնելու տոնածառը: Սարդերին տոնածառը շատ դուր եկավ, և նրանք ողջ գիշերը պտտվեցին նրա ճյուղերի մեջ` հյուսելով իրենց ոստայնը: Սբ. Ծննդյան Տոնի առավոտյան տանտիրուհիները տեսան սարդերի արարքը, սակայն զայրանալու փոխարեն հիացան, որովհետև մանուկ Հիսուսը նրանց հյուսած սարդոստայնը վերածել էր շողշողուն  փայլազարդերի:

Եվրոպայում Սբ. Ծննդյան տոնի ծառն իր անմիջական նախորդն ունի: Դա փայտե կառույց էր` բուրգի տեսքով, որի վրա կախված էին բուսականություն և զարդարանքներ: Նվերները կամ քաղցրավենիքը դրվում էին բուրգի դարակներին: Մինչև տոնածառի հայտնվելը նման բուրգը Գերմանիայում և Հյուսիսային Եվրոպայում համարվում էր Սբ. Ծննդյան տոնի գլխավոր զարդը:

Սբ. Ծննդյան տոնածառի մասին առաջին գրավոր հիշատակությունը թվագրվում է 16-րդ դարին: Օրինակ, 1561 թվականին թվագրված գերմանական աղբյուրում ասվում է, որ Սբ. Ծննդյան տոնին տանը չի կարող լինել մեկից ավելի տոնածառ: 17-րդ դարում արդեն տոնածառը Գերմանիայում և Սկանդինավյան երկրներում դարձավ Սբ. Ծննդյան տոնի առաջին ատրիբուտը: Սբ. Ծննդյան տոնածառն Ամերիկա տարան գերմանացի վերաբնակիչները, ինչպես նաև հանուն անկախության պատերազմին մասնակից վարձկանները:

Ինչո՞վ էին զարդարում տոնածառը: 16-րդ դարում Գերմանիայում տոնածառը զարդարում էին փոքրիկ ֆիգուրներով և գունավոր թղթերից կտրատված ծաղիկներով, խնձորներով, վաֆլիներով, ոսկեզօծ առարկաներով, շաքարով: Ընդհանրապես, տոնածառը զարդարելու ավանդույթը կապված է դրախտի` խնձորներով զարդարուն ծառի հետ: Տոնածառի հաջողությունը բողոքական երկրներում ավելի մեծ էր` շնորհիվ լեգենդի այն մասին, որ Մարթին Լյութերն առաջինն էր մտածել տոնածառի վրա մոմեր վառել: Մոմերի փոխարեն էլեկտրական լուսաշղթաների կիրառման գաղափարն անգլիացի հեռախոսավար Ռալֆ Մորիսինն է: Մինչ այդ էլեկտրական լամպերն արդեն կիրառվում էին հեռախոսային բաշխիչ վահանակներում, իսկ Մորիսը մտահղացավ դրանք կախել տոնածառի վրա:

Էլեկտրական լուսաշղթաներով առաջին տոնածառերը հայտնվեցին Ֆինլանդիայում 1906 թվականին:

Քանի որ առաջին տոնածառերը զարդարված էին բնական ծաղիկներով և մրգերով, իսկ ավելի ուշ ավելացան քաղցրավենիք, ընկույզ և տոնական մոմեր, ապա նման բեռն անշուշտ ծանր էր ծառի համար: Դրա համար էլ գերմանացի ապակի փչող բանվորները սկսեցին արտադրել սնամեջ ապակե խաղալիքներ տոնածառի համար` փոխարինելու մրգերին  և այլ ծանր զարդարանքներին:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031