Լրահոս
Օրվա լրահոսը

Սկզբում պատկերացրու «ծովը», հետո կառուցիր «նավը»

Մայիս 07,2015 12:30

Առանց հստակ եւ անկեղծ ձեւակերպված նպատակի իմաստ չկա «գործիքների» մասին մտածել

«Եթե դու ուզում ես նավ կառուցել, պետք չէ կանչել մարդկանց, պլանավորել, բաժանել աշխատանքը, ճարել գործիքները: Պետք է մարդկանց վարակել դեպի անվերջանալի ծովը գնալու ձգտմամբ»: Այս միտքը պատկանում է Անտուան դե Սենտ-Էքզյուպերիին, որի ամենահայտնի գործն, իմ կարծիքով, առանձնապես մի գեղարվեստական գլուխգործոց չէ, սակայն բազմաթիվ խորը եւ իմաստալից մտքեր է պարունակում:

Տվյալ դեպքում իմաստն այն է, որ «գործիքներ» փնտրելուց առաջ պետք է հստակ պատկերացնել եւ ձեւակերպել նպատակները: Սովորաբար մարդիկ դա չեն անում նույնիսկ անհատական մակարդակով: «Ես չեմ ուզում աղքատ լինել», «ես չեմ ուզում հիվանդ լինել» կամ ավելի մանր՝ «ես չեմ ուզում ուշանալ», «չեմ ուզում չաղանալ»՝ դրանք սխալ ձեւակերպված նպատակներ են, որովհետեւ ընդգրկում են բացասական երանգ պարունակող բնորոշիչներ՝ «աղքատ», «հիվանդ», «ուշանալ», «չաղանալ»: Ձեր ենթագիտակցությունը չի լսում բացասական մասնիկը, եւ դուք այդպիսով «ծրագրավորվում եք» աղքատ, հիվանդ, ամեն տեղ ուշացող ու չաղ, բայց ոչ բախտավոր լինելու համար:
Խնդիրը, հետեւաբար, նախեւառաջ ցանկությունները դրական տեսքով ձեւակերպելու մեջ է: Բայց ասել «ուզում եմ»՝ քիչ է, պետք է ամբողջ սրտով, ամբողջ մարմնով եւ ամբողջ հոգով դա ցանկանալ: Հակառակ դեպքում դա կլինի «բազմոցի վրա» մոգոնած դատարկ երազանք: Իրական նպատակները պետք է ձեւակերպվեն ավելի մանրամասն եւ ավելի հստակ, այդ դեպքում դառնում են ոչ միայն նպատակ, այլեւ առաքելություն, որից հետո միայն պետք է դրվի իրատեսության, միջոցների, գործիքների խնդիրը:

Մարդկանց խմբի, առավել եւս՝ ազգի դեպքում խնդիրը պետք է ձեւակերպվի այնպես, որպեսզի ոչ միայն դու, այլեւ մնացածները դրան անկեղծորեն հավատան, դրանով վարակվեն: Բերեմ մի օրինակ, որն ինքն իրենով բացասական է, սակայն ցույց է տալիս վարակվելու մեխանիզմը: 1930-ականների սկզբին գերմանական նացիստները ձեւակերպել են իրենց ազգի առաջ դրված նպատակները՝ դրանք անհեթեթ էին, հիմնված էին զառանցանքների, մարդակերության, ռասիզմի վրա, բայց գերմանացիների մեծամասնությունը հավատաց այդ բլեֆին, վարակվեց դրանով: Նրանք տեսան «ծովը» եւ սկսեցին «նավ կառուցել»:

Հայաստանում, որպես ներքին քաղաքական նպատակ, ենթադրենք, հռչակվում է «բարեկեցիկ պետություն կառուցելը»: «Ժողովրդավարությունը», «ազատ շուկան» նույնպես նշվում են, բայց շատերի կողմից պարտադիր չեն համարվում: Բայց երբ մարդիկ ասում են՝ «ես ուզում եմ բարեկեցիկ պետություն ունենալ», նրանց մեծ մասն անկեղծ չէ, նրանք մտքում նկատի ունեն՝ «ես ուզում եմ բարեկեցիկ լինել»: Բայց դա էլ չի արտահայտում խորքային ցանկությունը, իրական նպատակն է՝ «ես չեմ ուզում, որ իմ երկրում մարդիկ ինձնից լավ ապրեն»: Ահա եւ ստացվում է, որ պետության առջեւ դրված նպատակների՝ արդարության, բարեկեցության մասին խոսակցությունները սովորաբար վերածվում են չարախոսության, ատելության եւ անեծքների: Ինչ խոսք, իշխանավորների եւ մեծահարուստների մեծ մասը դրանց արժանի է, բայց դա այն «ծովը» չէ, որի համար արժե «նավ կառուցել»:

Ազգային նպատակները՝ նույնը: Անցած ապրիլին դա շատ հստակ երեւաց: Այն, որ մենք «հիշում ենք», պարզ է, աշխարհն էլ է հիշում, թուրքերի մի մասը՝ նույնպես, հաջորդ տարի նրանց թիվը կկրկնապատկվի, իսկ մի քանի տարուց կամ տասնամյակից այնքան շատ կլինի, որ թուրքական կառավարությունը նույնպես ստիպված կլինի այս կամ այն կերպ «հիշել»: Իսկ ահա «պահանջելու» հարցում կատարյալ մշուշ է՝ առաջին հերթին մեզ համար: Երբ հարցնում ես՝ «ինչ ենք ուզում», սովորաբար պատասխանում են՝ «հողերը»: Դա նույնն է, որ մարդիկ բազմոցին պառկած երազում են «հարուստ դառնալ»: Դա հաստատ «ծով» չէ, ոչ էլ առավել եւս՝ «ծովից ծով»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031