Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական քննություն

Հուլիս 07,2015 10:01

Հոսանքի թանկացման դեմ շարժումը պետք է շարունակվի: Որպեսզի շարունակվի, պետք է դասեր քաղի: Դասերից մեկը հանգրվանային հաջողությունները արժեւորելն է: Դրա համար պետք է համբերություն եւ հետեւողականություն:

Եթե ես Երեւանում հայոց լեզվի միասնական քննությունից բարձր գնահատական եմ ստանում, ապա ես չպիտի դրանից հրաժարվեմ եւ պահանջեմ, որ ինձ անմիջապես Սթենֆորդի համալսարանի PhD տան: Շատ ավելի տրամաբանական կլինի, որ ես ասեմ` իմ ուսման այս փուլը բարեհաջող ավարտվեց, ես ամենեւին իմ նպատակներից չեմ հրաժարվում եւ այդ հաջողությունից ոգեւորված՝ ավելի շատ եմ աշխատելու` հաջորդ քննությունները նույնպես բարեհաջող հանձնելու նպատակով: Եթե ես սկսում եմ դարդ անել` վայ, էս միասնական քննությունն ինձ պետք չէր, եւ մոտակա մի շաբաթը պառկեմ բազմոցին եւ երազեմ PhD-ի մասին` դա լավագույն դեպքում, սպորտային լեզվով ասած, տեմպի կորուստ է:

Հետեւաբար հունիսի 27-ի նախագահի ելույթը, որքան էլ այն չբավարարեր ցուցարարներին, պետք էր որակել որպես հանգրվանային հաջողություն, գնալ Ազատության հրապարակ` ներգրավելով նոր կողմնակիցների եւ գուցե վերաձեւակերպելով ու կոշտացնելով պահանջները: Պետք չէր Վաղինակին, Մաքսին եւ նրանց հետ Ազատության հրապարակ գնացածներին պիտակավորել: Ընդհանրապես որքան քիչ է կասկածամտությունն ու պարանոյան, այնքան օգուտ է բոլորիս համար:

Հիմա էլ, բնականաբար, ուշ չէ: Միայն թե Ազատության հրապարակում հայտնվեն մարդիկ, որոնց խոսքը հեղինակավոր լինի հավաքվածների մեծամասնության համար: Այդ մարդիկ պետք է ցուցարարներին առաջարկեն գործողությունների ծրագիր` փոքր-ինչ ավելի «կրեատիվ», քան աղբամաններն ամեն օր մեկ քայլով առաջ տալն է: Այդ ղեկավար մարդկանցից մեկը պետք է բանակցություններ վարի ոստիկանների հետ` օրենքի ոգին եւ տառը պահպանելով:

Այդ նույն մարդիկ պիտի որոշեն, թե որ չափով այդ բողոքներին պիտի մասնակցեն քաղաքական ուժերը: Ինձ թվում է՝ դրանից այլեւս խուսափել հնարավոր չէ: Բայց դա, իհարկե, երկսայր զենք է` մի կողմից՝ կուսակցականները գուցե ապահովեն մարդկանց որոշակի քանակ, մյուս կողմից` մեծ է գայթակղությունը շարժումը տանելու «դասական» ընդդիմադիր ուղղությամբ` «հրաժարական», «արտահերթ ընտրություններ»` ուղղություն, որով ընդդիմությունը գնում է մոտավորապես 1992 թվականից սկսած, եւ որի արդյունքները հայտնի են:

Հետեւաբար քաղաքացիական շարժումը քաղաքականացնելու աշխատանքը պետք է տարվի զգուշությամբ, կարելի է ասել` ոսկերչական ճշգրտությամբ: Կա՞ն արդյոք այսօր Ազատության հրապարակում հավաքվածների մեջ նման հաշվարկներ անողներ: Շուտով պարզ կդառնա: Իսկ այս փուլը թե՛ իշխանության եւ թե՛ ակտիվիստների համար կարելի է համարել «միասնական քննություն»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031