Լրահոս
Օրվա լրահոսը

Կապիտանի հարվածից ենթական՝ կինը, «ֆիզիկական ցավ էր» զգացել

Սեպտեմբեր 09,2015 14:30

Մայիսի 26-ի որոշմամբ կապիտան Լեւոն Ստեփանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվեց ստորագրությունը չհեռանալու մասին

Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից նա մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ սահմանափակվեց մեկ տարով նրա զինվորական ծառայության մեջ մնալը: Վերջ դրվեց նաեւ հունիսի 19-ից սկսված դատական գործընթացին:

Կապիտանի վերաբերյալ քրեական գործով հրապարակային դատաքննություն չի եղել ըստ էության, քանի որ նա միջնորդել էր արագացված ընթացակարգով քննություն իրականացնել:

Պարզվեց, որ Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, երկրորդ դասի խորհրդական Ա. Թումանյանի ապրիլի 27-ի որոշմամբ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ այն ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քրեական գործերով վարչության չորրորդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

Ըստ քրեական գործի նյութերի, մայիսի 19-ի որոշմամբ սույն քրեական գործով տուժող է ճանաչվել մեկ անձ՝ Նաիրա Մելքոնյանը:

Զինվորական կայազորի մայիսի 26-ի որոշմամբ Լեւոն Ստեփանյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նա մեղադրվել էր այն բանի համար, որ այս տարվա ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի 3-րդ ուսումնական վաշտի սպայական սենյակում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված վիճել էր զորամասի ուսումնական դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ Նաիրա Մելքոնյանի հետ: Վեճի ժամանակ նա սեռական բնույթի հայհոյանքներ էր տվել իր ենթակային՝ կնոջը, եւ ծեծի ենթարկել նրան:

Չտիրապետելով իրեն՝ նա բռունցքով հարվածել էր տուժող Նաիրա Մելքոնյանի գլխին, ինչի հետեւանքով վերջինս զգացել է ֆիզիկական ցավ:

Արագացված դատաքննություն անցկացնելու միջնորդությունն անելիս զինվորականն ընդունել է իր մեղքը:

Դատավոր Սամվել Ուզունյանն ուսումնասիրելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, հաշվի էր առել այն, որ «նա երիտասարդ է, իրեն լիովին մեղավոր է ճանաչել եւ անկեղծորեն զղջացել կատարած արարքի համար, ծառայության վայրում դրական է բնութագրվում»:

Դատարանն արձանագրել էր, որ գործում ամբաստանյալ Լեւոն Ստեփանյանի քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ են նախկինում դատապարտված չլինելը, զինվորական ծառայության վայրում դրականորեն բնութագրվելը:
Հղում անելով ՀՀ վճռաբեկ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 30-ի նախադեպային որոշումներից մեկին՝ Կարեն Հարությունյանի վերաբերյալ գործին, դատարանը հանգել էր այն հետեւության, որ պատիժը համարվում է արդարացի, եթե դատարանը ճիշտ է գնահատում գործի բոլոր հանգամանքները, անձին բնութագրող բոլոր տվյալները եւ քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով` հանցագործության մեջ մեղավոր անձի նկատմամբ նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ եւ բավարար է այդ անձին ուղղելու եւ նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:
Կապիտանի նկատմամբ կիրառված սահմանափակումն այլընտրանքային է: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասի՝ սանկցիան այլընտրանքային է, այն թույլ է տալիս դատարանին իր հայեցողության շրջանակներում չորս հնարավոր պատժատեսակներից՝ զինվորական ծառայության մեջ սահմանափակում, կալանք, կագապահական գումարտակում պահել եւ ազատազրկում, ընտրել այնպիսին, որը համաչափ է հանցագործության ծանրությանը, հանցավորի անձին, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներին՝ ապահովելով պատժի նպատակների իրագործումը:

Ավան եւ Նոր Նորքի դատարանն իր իրավական գնահատականներում հանգել էր այսպիսի հետեւության. «Լեւոն Ստեփանյանն իր կատարած հանցագործության համար ենթակա է պատժի զինվորական ծառայության մեջ սահմանափակման ձեւով, որն անհրաժեշտ եւ բավարար է Լ. Ստեփանյանին ուղղելու եւ նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար»:

Ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը չի փոխվել, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Նշենք, որ տուժողը քաղաքացիական հայց չի ներկայացրել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930