«Սահմանադրության հայեցակարգը ավելի խոստումնալից էր, քան ներկայացված տեքստը»
Այսօր երեկոյան Ամերիկյան համալսարանի հումանիտար եւ սոցիալական գիտությունների ֆակուլտետը կազմակերպել էր քննարկում` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, որը վարում էին համալսարանի դասախոսներից Ջեննի Պատուրյանը եւ սահմանադրական իրավունքի մասնագետ Գաբրիել Բալայանը:

Քննարկման նպատակը ուսանողությանը եւ դասախոսական կազմին ներկայացնելն է, թե հիմնականում ինչ փոփոխություններ են ակնկալվում: Թեեւ գրեթե չխոսվեց փոփոխությունների լավ եւ վատ կողմերի, ընդհանրապես՝ փոփոխությունների էության մասին, ինչպես նաեւ չտրվեց այն հարցի պատասխանը, թե ի՞նչ կարելի է ընդհանրապես ակնկալել սահմանադրության նոր նախագիծը ընդունվելու պարագայում:
Կարդացեք նաև
Կազմակերպիչները, ըստ պարոն Բալայանի, խնդիր էին դրել, որպեսզի քննարկումը լինի միայն տեղեկատվական բնույթի: «Քննարկվեց, թե որ տիպի երկրներում են ավելի լավ ապրում` պառլամենտական, թե նախագահական կառավարման: Համեմատական որոշակի վերլուծության արդյունքում ասվեց, որ պառլամենտական երկրներում ավելի լավ են ապրում»,-նշեց պարոն Բալայանը:
Նա, համեմատական անցկացնելով` նշեց, որ հայեցակարգն ավելի խոստումնալից էր, քան ներկայացված տեքստը, բայց հույս ունի, որ մինչեւ հանրաքվեի դրվելը նախագիծը էլի որոշակի լրամշակման կենթարկվի:
Խոսելով ընդդիմության կարծիքների վերաբերյալ՝ պարոն Բալայանն ասաց, որ ամենաշատն արծարծվող տեսակետն այն է, որ փոփոխությունը արվում է իշխանության վերարտադրության համար: Այս կարծիքը Գաբրիել Բալայանը ընդհանրապես լուրջ չի ընդունում, քանի որ, ըստ նրա, որեւիցե խնդիր չկա մի բառ փոխելու եւ նորից նախագահ ընտրվելու համար:
«Անվտանգության հետ դեռ շատ խնդիրներ կան, օրինակ` ո՞վ է խաղաղ պայմաններում լինում Զինված ուժերի գլխավոր հրամանատարը, ի՞նչ դեր է կատարելու Անվտանգության խորհուրդը ռազմական դրության, պատերազմի ժամանակ, ովքե՞ր են լինելու Անվտանգության խորհրդի անդամները ի պաշտոնե, ի՞նչ լիազորություններով են օժտված լինելու եւ այլն: Չմոռանանք, որ նույն Սովետական Միությունում նախագահի պաշտոնը ստեղծվել էր հենց դիմագրավելու համար այդ անվտանգության մարտահրավերները, որոնք առկա էին»,-նշեց պարոն Բալայանը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


















































