Անկախության 25-րդ տարում Հայաստանում դեռ քննարկվում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը: Քաղաքական գործիչ կոչվողները, քաղաքական վերլուծաբան անվանվողները, քաղաքականությամբ չզբաղվողները բանավիճում են հայ ժողովրդի՝ անկախությանը անպատրաստ լինելու, այդպիսով հզոր՝ հիմնականում հասկացվում է Ռուսաստանը, պետության հովանավորության տակ լինելու կամ մտնելու անհրաժեշտության, անկախության իլյուզիա լինելու վերաբերյալ:
Ճակատագրապաշտական արտահայտությունը դեմքերին նրանք պնդում են, որ հայերն ախր սեփական պետությունը չսիրող ժողովուրդ են, որ մերժել են իրենց թագավորներին ու իշխաններին, հաճույքով խոնարհվելով օտար տիրակալներին ու լծին: Ու վկայակոչում պատմությունը:
Մեր անհստակ, շատ դեպքերում տարամեկնելի ու միակողմանի շարադրված պատմությունը: Որը չգիտենք էլ կարգին:
Սեփական պատմությունը ճիշտ իմանալն աներկբա անհրաժեշտություն է՝ սխալներից դասեր քաղելու և փորձառության առումով: Ներկան անպաճույճ ձևավորելու և ապագային հասնելու համար, ինչն անհնար է դառնում անցյալի ստի ու կեղծիքի պատճառով:
Կարդացեք նաև
Կեղծվա՞ծ է մեր անցյալի պատմությունը, և եթե այո, ապա որտե՞ղ և ե՞րբ: Ի՞նչն է տարաշարադրված և ի՞նչ նպատակով:
Ու ինչպե՞ս է հնարավոր դա պարզել:
Կարծում եմ՝ սա պահանջում է երկար տարիների, բազմաթիվ մասնագետների, անաչառ հետազոտությունների և ուսումնասիրությունների համատեղման, համադրման նվիրում ու ջանք:
Փորձեր եղել են հարկավ, իմ մտքին Առաքել Բաբախանյանն է գալիս և Ռաֆայել Իշխանյանը: Ազգային փարիսեցիության դեմ միայնակ մնացած Մտավորականներ:
Բայց չեմ կարող ու չեմ ցանկանում անցյալի պատմության անկեղծության այս մեծ բանավեճի մեջ մտնել հիմա՝ շարադրված այս թեմայով:
Մեր ներկա պատմությունը թե արտացոլում է անցյալը, ուրեմն աղերս կլինի դրան, պատկերը կերևակվի: Ու թե բարեբախտաբար ոչ, ուրեմն դասերը քաղված են, անցյալը փաստագրված ու կարևոր հիշողություն այլևս: Բայց այդ պատմությանն էլ չեմ անդրադառնում մանրամասնությամբ: Ավելի շուտ ուզում եմ խոսել նորօրյա պատմության առկա հանգրվանի՝ Հայաստանի Հանրապետության՝ մեր ներկա պետականության բովանդակության ու ձևի մասին:
Խորհրդային Միության փլուզման արդյունքում և Ղարաբաղյան շարժման հանգուցալուծում որպես հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հայ ժողովրդի նպատակների ու իղձերի իրագործման հարթակ, տարածություն, համակարգ ու մեխանիզմ:
Արդյոք ձևակերպվե՞լ են դրանք՝ այդ նպատակները, հասարակական ըմբռնմամբ: Եվ ի՞նչ համապարփակությամբ:
Եվ իրագործման ո՞ր փուլում են այժմ:
Ուրեմն, ամեն ինչ հերթով…
Սկիզբը
Պետականության վերականգնման գործընթացը սկսվեց Արցախի պահանջատիրությամբ: Համաժողովրդական շարժման մասին պատմաբանները դեռ կգրեն: Կառաջադրվեն դրա ձևավորման նոր վարկածներ՝ լրացնելով հները: Ժամանակն, այնուամենայնիվ, ավելի անաչառ կլինի, հետահայաց վերլուծումը նույնպես:
Նույնիսկ եթե հիմնավորվի Սովետական ԿԳԲ-ի կողմից դրա հրահրման տարբերակը, մի բան կարելի է փաստել հստակ. Շարժումն ընթացավ բոլորովին այլ հունով և չարդարացրեց ՍովետՄիության ղեկավարության սպասումները՝ եթե դրանք առկա էին ի սկզբանե կամ ինչ-որ փուլից սկսած, իր կառավարելիության առումով: Ի վերջո, Շարժումը իրեն ծնունդ տված հասարակության պահանջների վերաձևակերպման, քաղաքական իրադրության փոփոխության, արտաքին գործոնների ու գործընթացների կտրուկ աքսելերացիայի արդյունքում լրացրեց իր բովանդակությունը, փոխեց շեշտադրումները և վերակողմնորոշվեց վերաիմաստավորվեց ի անկախության ու ազգային-ազատագրական շարժման:
Հնարավոր է, որ 1988թ-ի մարտին այն ժամանակվա Թատերական հրապարակում ձևավորված Ղարաբաղ կոմիտեն չէր պատկերացնում, որ ընդամենը երկու տարի անց ձևավորելու է ԽՍՀՄ-ում առաջին բազմակուսակցական պառլամենտը՝ ժողովրդավարական ներկայացուցչությամբ: Հնարավոր է, որ ոչ-ոք չէր կանխատեսում խորհրդային միության փլուզումը երեք տարի անց: Բայցև փաստեմ, որ շատ հեղափոխություններ սկսվել են ժողովրդական հուզումներից կամ սոցիալական ընդվզումներից: Ու անգամ դրական էր, որ շարժումը վերընթաց եղավ, հասունացավ ու հասունացրեց իրեն սնող ժողովրդին: Շարժումն ու ժողովուրդը աճեցին, հզորացան իրար հետ, սիմետրիկ ու նույն ժամանակային տիրույթում: Ու Շարժման հզորությունն ու մասշտաբայնությունը դրանից էր:
Շարժումը նոր ժամանակի ծնունդ էր, զարգացմանը միտված փոփոխությունների, որ դեռ համակարգված չէին ու խլրտում էին օդում, բայց նյութականանում էին: Այն նոր մշակույթ էր առաջարկում քաղաքական կուլտուրա չունեցող հասարակությանը՝ ազատ մտքի, ազատ խոսքի ու ժողովրդավարական առաջնորդության մշակույթ:
«Ղարաբաղ» կոմիտեն, համենայն դեպս այդ կառույցի հիմնական կազմը, ինչքան էլ որ Շարժումը ղեկավարող մարմին էր՝ իր բովանդակության մեջ ժողովրդական և աշխատելաոճի ու որոշումների ընդունման առումով ժողովրդավարական էր: Կոմիտեի անդամները իրավամբ ներկայացնում էին հանրության տարբեր շերտեր, բայց բոլորն էլ մտավորականության ներկայացուցիչներ էին՝ մեծամասնության մեջ ազգային:


Ինչ վերաբերում է հետագայում կենտրոնական դեմք դարձած Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա որպես երկրի առաջին նախագահ, նրան և իր գործին կանդրադառնամ հաջորդ մասում:
Մինչ այդ նշեմ, որ Շարժման առաջնորդների առաջարկած բարոյական և թափանցիկ քաղաքականությունը՝ կարևորագույն գործոն էր նրա համաժողովրդականության և նաև բարձր նշաձող հենց Ղարաբաղ կոմիտեի համար: Ժողովրդին տեղյակ էր պահում բոլոր քայլերի մասին, մարդիկ կարող էին առաջարկներ անել հարթակից, հրապարակում մարդկանց մեջ համերաշխություն էր և սեր, անհատները սեփական դրամով սնունդ էին բերում, ավտոբուսների, նույնիսկ պետական ծառայողական ավտոմեքենաների վարորդները աշխատանքից ազատվելու վտանգն աչքերի առաջ, հանրահավաքներից հետո ուղևորներին անվճար տեղափոխում էին :
Բարոյականությունն այո համարվում էր քաղաքականության անքակտելի մաս և կարելի է պնդել, որ նրանից աստիճանաբար հրաժարումն, ի վերջո, շարժումն անկման տարավ՝ ժողովուրդը տարանջատվեց հարթակի տղաներից, մեկուսացավ և արդյունքում խորթացավ նորաստեղծ անկախ պետությունից:
Սրա աղետալի հետևանքներն ակնհայտ երևացին հետո, սակայն այդ մասին քիչ հետո:
Իսկ այդ ժամանակ Հայաստանն իրավամբ ժողովրդավարության ջահակիրն էր, և մերձբալթյան հանրապետություններից, Ուկրաինայից, Վրաստանից դեմոկրատական շարժումների ղեկավարները գալիս էին Երևան, դասեր քաղելու մեզնից, ոգեշնչվելու մեր միասնությամբ:
Դրանք ազգային հպարտության տարիներ էին, զարգացած աշխարհի մաս կազմելու և համամարդկային արժեքներին մեր առնչության ու դրանց հետ ընդհանրության հրաշալի ժամանակ:
Մենք հաղթանակած հասարակություն էինք, իշխանություն ու երկրի տեր քաղաքացիներ:
Այս վերջինը կարծում եմ ամենակարևոր ձեռքբերումն էր, որի շնորհիվ հաղթահարվեցին հետագա սոցիալ-տնտեսական դժվարությունները, և ապա հաղթանակեցինք արցախյան պատերազմում:
Մարդիկ հացի հերթեր էին կանգնում, իրար նաև հրում, գոռգոռում, բայց ամբողջության մեջ մեր հանրությունը պատվով տարավ պատերազմի փորձությունը, իր որդիներից շատերը գիտակցաբար գնացին ինքնազոհողության:
Մենք կռվում էինք մեր երկրի համար, ու տիրոջ իրավունքով դժգոհում էինք կառավարությունից սխալների համար, հայհոյում իշխանություններին անարդարության պատճառով:
Անարդարությունը եղավ առաջին հիասթափությունը հարազատ պետությունից, առաջին անջրպետումը:
Անարդարությունը, քանզի Ազատության հրապարակում մարդիկ հավասար էին իրար և հարթակում կանգնածներին, սակայն պատերազմի տարիներին, ինչպեսև պատահում է այլուր, հանկարծ պարզվեց, որ կան որոշները, ովքեր, ինչպես Ջորջ Օրուելն է գրել, ավելի հավասար են, քան մնացածը:
Սա բարոյականությունից առաջին հետքայլն էր, որ հետո նահանջ դարձավ:
Այնուամենայնիվ, շարժման անկումն ավելի շատ կապում եմ նրա նվիրյալներից շատերի հեռանալու, մի կողմ քաշվելու հետ, հատկապես այն պահին, երբ այն հասավ իր տրամաբանական փուլին՝ իշխանություն վերցնելուն:
Վահե ԳԵՎՈՐԳՅԱՆ


















































