Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունալ վճարումները եւ մենք

Ապրիլ 04,2016 12:00

ՄԻ ձմեռ էլ ուղարկեցինք գրողի ծոցը: «Գրողի ծոցն» եմ ասում, որովհետեւ մեր ձմեռային կոմունալ վարձերը, որ մի քանի անգամ գերազանցում են գարնանային, աշնանային ու մանավանդ ամառային վարձերին, մեզ ստիպում են ուրախանալ ձմռան ավարտի կապակցությամբ: Եվ մենք ազգովի ուրախանում ենք: «Ազգովի» եմ ասում, որովհետեւ մեջներիցս բացառիկներն են, որ չեն ճկռում կոմունալ վարձերի ահավոր ճնշման տակ:
Վերջերս, երբ մի քանի ժամով մեր թաղամասի լույսերն անջատել էին, եւ ծանոթներիցս մեկն իր զարմանքն էր արտահայտում առ այն, թե ինչպես ենք պատերազմի տարիներին հաղթահարել հովհարային անջատումները, զրուցակիցներիցս մյուսը կեսկատակ ասաց, որ եթե հիմա էլ հովհարային կանոնավոր անջատումներ լինեին, բավական կթեթեւանար մեր կոմունալ վճարումների գերծանր բեռը: Ինչպես ասում են՝ ցանկացած կատակի մեջ ճշմարտության հատիկ կա:

Մի հոգու աշխատավարձը հազիվ է հերիքում ձմռան մի ամսվա վճարումներին: Լավագույն դեպքում եւ այն էլ՝ միանգամայն պատկառելի աշխատավարձը: Եթե նկատի ունենանք, որ Հայաստանում բազմաթիվ են այն ընտանիքները, ուր ընդամենը մի հոգի է աշխատում, պատկերն ավելի պատկերացնելի կդառնա: Էլ չենք խոսում այն մասին, որ Հայաստանում կան բազմաթիվ ընտանիքներ, որոնց անդամներն աշխատանք չունեն: Ընդ որում՝ ոչ իրենց կամքով ու մեղքով: Եթե նրանցից որոշներն արտերկրներում աշխատողներ ունեն եւ դրսից ֆինանսական աջակցություն են ստանում, դա բարեբախտություն է, որովհետեւ մեծամասնությունն այդ աջակցությունից էլ է զրկված, եւ փառք են տալիս Աստծուն, որ այս տարի համեմատաբար թեթեւ ձմեռ արեց, եւ եթե թեթեւը կոմունալ ծախսերի տեսակետից էսքան ծանր էր, պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե չափազանց խստաշունչ ու չափազանց տեւական ձմեռ լիներ: Ասածս չի նշանակում, թե մենք կոմունալ վճարումների տակից հեշտ դուրս եկանք: Շատերը պարտքերի մեջ խրվեցին եւ չեն պատկերացնում՝ ինչպես են տակից դուրս գալու: Ասածս նաեւ չի նշանակում, թե գարնան ու ամռան մեր կոմունալ պարտավորությունների տակից հեշտ ենք դուրս գալու: Ասածս նաեւ չի նշանակում, թե ես ելքը գիտեմ:

Մի խոսքով՝ շատ բարդ վիճակ է: Հասկանալի է, որ եթե իշխանությունները նույնիսկ շատ ուզենան, արդեն չեն էլ կարող էականորեն պակասեցնել ու նվազեցնել մեր կոմունալ ծախսերը, եւ եթե շատ ուզենան, չեն կարող այնքան աշխատատեղեր ստեղծել, որ բոլոր ցանկացողներն աշխատանքով ու աշխատավարձով ապահովված լինեն: Կենսաթոշակների մասին չեմ ասում, որովհետեւ եթե մեր իշխանությունները շատ ուզենային, մեր ուսուցիչների, բժիշկների, դասախոսների ու շարքային քաղաքացիների կենսաթոշակներն այդքան էականորեն չէին տարբերվի մեր ոստիկանների, զինվորականների, դատավորների ու պատգամավորների կենսաթոշակներից: Նշվածների կենսաթոշակները շուրջ տասն անգամ ավելի են մահկանացուներիս կենսաթոշակներից: Կարծում եմ՝ վերանայման անհրաժեշտություն կա, ընդ որում՝ անհապաղ:

Ինչ վերաբերում է կոմունալ վճարումներին, պետք է ավելացնեմ, որ այդ վճարումների ու թվերի հավաստիությունն էլ է ժողովրդի մոտ կասկածների տեղիք տալիս: Մարդիկ մտածում են, որ իրենց վրա ուռճացված գումարներ են գրվում՝ հատկապես էլեկտրաէներգիայի գծով:

Մարդիկ գիտեն, որ իրենց օգտագործած էլեկտրաէներգիայից ավելի մեծ թվեր են մուծում, բայց չեն կարողանում ապացուցել:

Բոլորը չեն, որ պայքարի ընդունակ են: Պետությունը պիտի համապատասխան մարմինների վրա այնպիսի լուրջ ու խիստ վերահսկողություն սահմանի, որ քաղաքացիները գոնե հավատան իրենց վերագրվող թվերին:

 
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
02.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930