Լրահոս
Օրվա լրահոսը

2015-ին պաշտպանության ոլորտի համար ծախսված գումարները

Ապրիլ 21,2016 00:07

Վաղը կառավարության նիստին կներկայացվի 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին  Ազգային Ժողովի որոշման նախագծին հավանություն տալու մասին որոշումը:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից:

Ըստ կառավարություն ներկայացրած ԱԺ-ի կողմից հաստատված որոշման, 2015 թվականի Հայաստանի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` մոտ 1,2 տրիլիոն դրամ է, ծախսերի գծով` ավելի քան 1,4 տրիլիոն դրամ է, բյուջեի դեֆիցիտը` ավելի քան 241 միլիարդ  դրամ է:

Նիստի օրակարգում ընդգրկված 2015 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բաղկացած է 342 էջից: Այս հաշվետվությունից առանձնացրել ենք պաշտպանության ոլորտի ծախսերը: Մյուս ոլորտներին կանդրադառնանք առաջիկայում:

Ըստ այդմ, 2015 թվականին պաշտպանության բնագավառում պետբյուջեից կատարվել են 198.5 մլրդ դրամ ծախսեր` կազմելով ծրագրի 95.7%-ը: Շեղումը պայմանավորված է ՌԴ-ի կողմից տրամադրված պետական արտահանման վարկի հաշվին ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար նախատեսված 8.6 մլրդ դրամի միջոցները չօգտագործելու հանգամանքով, որի համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016 թվականի փետրվարից: Նախորդ տարվա համեմատ ոլորտի ծախսերն աճել են 4.2%-ով` հիմնականում պայմանավորված ռազմական կարիքների բավարարման ծախսերի ավելացմամբ:

Հաշվետու տարում 191.2 մլրդ դրամ ուղղվել է ռազմական պաշտպանության ֆինանսավորմանը` կազմելով ծրագրի 95.7%-ը: Նշված գումարից 190.8 մլրդ դրամը հատկացվել է ռազմական կարիքների բավարարմանը, որը կազմել է ծրագրի 100%-ը: ՀՀ ռազմական կցորդների պահպանմանը տրամադրվել է 353.2 մլն դրամ` նույնպես կազմելով ծրագրի 100%-ը: ՀԱՊԿ-ում ՀՀ զինված ուժերի ներկայացուցչի ծախսերը կազմել են 39 մլն դրամ կամ ծրագրի 94.2%-ը: 2014 թվականի համեմատ ռազմական պաշտպանության ծախսերն ավելացել են 4.2%-ով:

Արտաքին ռազմական օգնությանը տրամադրվել է 158.4 մլն դրամ կամ ծրագրված միջոցների 100%-ը: Այս դասում ներառված` ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունում պաշտպանության հարցերով պետական խորհրդականի պահպանման ծախսերը կազմել են 53.3 մլն դրամ: ՆԱՏՕ-ում (ռազմավարական հրամանատարությունների) ռազմական համագործակցության վարչությունում ՀՀ փոխգործակցության սպայի պահպանման ծախսերը կազմել են 43 մլն դրամ: ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունում Հայաստանի ռազմական ներկայացուցչի պահպանման նպատակով տրամադրվել է 52.4 մլն դրամ: Երեւանում ՆԱՏՕ-ի հասարակական տեղեկատվական կենտրոնի տարածքի վարձակալության նպատակով բյուջեից հատկացումները կազմել են 9.6 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ արտաքին ռազմական օգնության ծախսերն էական փոփոխություն չեն կրել:

Պաշտպանության ոլորտում հետազոտական եւ նախագծային աշխատանքների դասում ներառված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային հետազոտություններ» ծրագրի շրջանակներում կատարվող հատուկ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների գծով պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 1.6 մլրդ դրամ` ապահովելով 99.2% կատարողական եւ նախորդ տարվա համեմատ ավելանալով 7.9%‑ով:

Պաշտպանության` այլ դասերին չպատկանող ծախսերը կազմել են 5.6 մլրդ դրամ կամ ծրագրվածի 93.9%-ը, որից 60.8 մլն դրամը (ծրագրվածի 89.4%-ը) տրամադրվել է այլընտրանքային ծառայության ապահովմանը, 50.4 մլն դրամը (ծրագրվածի 100%-ը)՝ զորակոչիկներին վարորդական իրավունքի վկայականների տրամադրմանը եւ քննությունների ընդունմանը, 162.6 մլն դրամը (ծրագրվածի 86.6%-ը)` հումանիտար ականազերծման եւ փորձագիտական ծառայությունների կազմակերպմանը, 5.3 մլրդ դրամը (ծրագրվածի 100%-ը)` պաշտպանության բնագավառի այլ ծախսերին: Այլ ծախսերի գծով արտաբյուջետային միջոցների հաշվին օգտագործվել է 76.1 մլն դրամ` կազմելով ծրագրի 18.7%-ը: Նախորդ տարվա համեմատ տվյալ դասի ծախսերն աճել են 5.2%‑ով:

Նելլի Բաբայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930