Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք էլ Ղրիմը տեսնում ենք Ուկրաինայի կազմում

Հունիս 06,2016 15:30

ԹԵ ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանն ինչպես պահեց իրեն Հայաստանի նկատմամբ, բոլորս տեսանք եւ ավելին, հերթական անգամ համոզվեցինք այն ճշմարտության մեջ, որ ճակատագրական պահերին՝ ինչպես միշտ, այնպես էլ այսօր, Հայաստանը միշտ մենակ է մնում, հետեւաբար նաեւ, պարտադրված է լինում հույսը դնել միմիայն իր վրա: Այս եւ նմանատիպ այլ հարցերում, Ռուսաստանն առաջնորդվում է զուտ իր քաղաքական շահով, այն է՝ չի ուզում նեղացնել կամ կորցնել Ադրբեջանին, քանզի Հայաստանի պարագայում նեղացնելու կամ կորցնելու խնդիր չունի, որովհետեւ ինչպես էլ վարվի, միեւնույն է՝ Հայաստանը ոչ նեղանում է, ոչ էլ հեռանում է, այլ ընդամենը ներսում նեղացածի կեցվածք է ընդունում: Դե, մեծ եղբայր է, հետո ինչ, որ սխալ է թույլ տալիս, բա ո՞ւր մնաց հայկական մենթալիտետը. չէ՞ որ մեծ եղբայրը միշտ ճիշտ է: Հասկանալի է, որ այստեղ մեծ ու փոքր եղբոր հարց ընդհանրապես չկա, քանզի Ադրբեջանն էլ մեծ չէ, ուղղակի Ադրբեջանն իրեն դնել գիտի եւ ստիպում է, որ իրեն հարգեն, որը եւ Ռուսաստանը պարկեշտորեն անում է: Ահավասիկ՝ Ադրբեջանի ԵԱՏՄ չմտնելու փաստը:

Բնական է, որ Ադրբեջանը ԵԱՏՄ կմտնի, եթե ինքը ուզենա եւ այն էլ այն ժամանակ, երբ իրեն հարմար լինի: Մի խոսքով, ինքն է որոշում ինչ անի եւ երբ անի: Ցավոք, Հայաստանը որոշող չէ, այլ ընդամենը կատարող է: Ավելին ասեմ, եթե Ադրբեջանը երբեւէ որոշի ԵԱՏՄ մտնել, ապա կմտնի միմիայն Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կարգավիճակով: Հասկանալի է, որ Հայաստանում Ռուսաստանի որդի Պերմյակովը ընտանիք է մորթում եւ մեր նույն մենթալիտետով չենք կարողանում ադեկվատ մոտեցում ցույց տալ: Եվ դա այն դեպքում, երբ ադրբեջանցիները Ռուսաստանում՝ ռուս գնդապետի են մորթում՝ ընտանիքի հետ միասին եւ Ռուսաստանը դրան վերաբերվում է սովորական քրեական հանցագործության նման:

Հասկանալի է, որ Ռուսաստանն Ադրբեջանին 5-ից 6 միլիարդ դոլարի զենք է տալիս (գուցե եւ, վաճառում է)՝ Ղարաբաղը ոչնչացնելու համար, քանզի նա այլ երկրի հետ կռիվ չունի, իսկ Հայաստանին առ այսօր 200 միլիոն դոլարի (մոտ 30 անգամ պակաս) զենքը չի տալիս (իհարկե, ճիշտ է անում, ասում է՝ փողը տուր, տամ): Հասկանալի է նաեւ, որ ինչ-ինչ քաղաքական շահերից ելնելով, չի պաշտպանում Հայաստանին, բայց որ Մեդվեդեւն ի լուր աշխարհի հայտարարում է, որ Ռուսաստանը Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմում, սա արդեն վերջն է: Սա, ըստ Ռուսաստանի, ոչ այլ ինչ է, քան որդին՝ Ղարաբաղը, փորձում է դավաճանել հորը՝ Ադրբեջանին, բա նա էլ պետք է ծեծի, ուրիշ ինչ պետք է անի: Է, նման դեպքում, որ մեկս էդպես չի վարվի: Հարգարժան «ռազմավարական գործընկեր», հասկացանք, որ օգտվելով Հայաստանի իշխանությունների թույլ տված բազմապիսի կարճամիտ քայլերից, Հայաստանի թույլ՝ հիվանդ վիճակից, քեզանով ես արել մեր երկրի բոլոր ռազմավարական օբյեկտները, ինչ ուզում ես, մեր իշխանությունները սիրով, հոժարակամ անում են, բա այդքանից հետո, ինչո՞վ քեզ ձեռք չի տալիս Ղարաբաղի անկախ երկիր դառնալու հանգամանքը, որ հայտարարում ես՝ Ղարաբաղը տեսնում ես Ադրբեջանի կազմում:

Մոռացել ես 1988թ. Բաքվի, Մինգեչաուրի եւ Ադրբեջանի այլ վայրերում հայերի նկատմամբ իրականացրած վայրագ ջարդերը, 1990-1994թթ. տասնյակ հազարավոր հայերի սպանությունը, որի պատճառով Հայաստանն ստիպված եղավ նոր գերեզմանոց սարքել՝ Սուրբ եռաբլուրը: Մոռացել ես, որ 1994թ.-ից մինչեւ այսօր՝ հենց Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության պատճառով Հայաստանի տնտեսությունը ոչնչացվեց, եւ միլիոնավոր հայեր պարտադրված եղան լքել Հայաստանը: Մոռացել ես ապրիլյան պատերազմը, որի ընթացքում մեր հարյուրավոր սուրբ երիտասարդները նահատակվեցին՝ նույն քո սիրելի ադրբեջանցիների ձեռքով (ընդամենը նշեցի կատարվածի մի փոքր մասը) եւ այդքանից հետո, ինչ բարոյական իրավունքով ես բարձրաձայնում, որ դու Ղարաբաղը տեսնում ես Ադրբեջանի կազմում:

Մեկը հարցնող լինի, թե դու ի՞նչ գործ ունես այդ հարցի հետ, ինչո՞ւ ես խառնվում քեզ չվերաբերող հարցի հետ: Հասկանում եմ, որ դու այլ կերպ ես մտածում. ինչո՞ւ այդպես չասեմ, որ Ղարաբաղն ստիպված լինի հայտարարությամբ դիմել ինձ, որ հարգարժան Ռուսաստան, արդեն Հայաստանն ամեն ինչ տվել է քեզ, խնդրում եմ վերջին «լավությունն» էլ արա, զորքդ բեր եւ Ղարաբաղի ու Ադրբեջանի ամբողջ սահմանագծով անվտանգության գոտի սարքիր եւ փրկիր ինձ Ադրբեջանի ոտնձգություններից: Պարզ է, որ այդ դեպքում էլ տարածաշրջանում կհաստատես զինվորական իշխանություն եւ մեծ փողերի դիմաց՝ Ղարաբաղը մաս-մաս կհանձնես Ադրբեջանին: Իհարկե, զարմանալ պետք չէ, քանզի դա ընդամենն այն քայլի պատասխանն է, որ Ղրիմը զավթելուց անմիջապես հետո, Հայաստանի իշխանություններն ի լուր աշխարհի հայտարարեցին, որ Ղրիմը վերցնելու (զավթելու)՝ Ռուսաստանի քայլը ճիշտ էր եւ բարոյական ու դրանով անմիջապես կանգնեցին քո կողքին…

Այս դեպքում, Հայաստանի ժողովուրդն էլ պարտադրված իր հայտարարությունն է անում. մենք էլ Ղրիմը տեսնում ենք Ուկրաինայի կազմում…
ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն
եւ ընտրական գործընթացներ»
միջազգային կենտրոն հ/կ նախագահ

«Առավոտ»

04.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ, ոչ միայն Ղրիմը Ուկրայնի մասն է, այլ նաև Աբխազիան ու Հարաւային Օսեցիան տեսնում ենք Վրաստանի կազմում:

    Սրանք թենաներ են, որոնցով պիտի զբաղւեն գոնե մեր ԱԺ-ի օպպօզիցյոնը:

  2. Garegin Manasarian says:

    Մենք միշտ էլ խաղաքարդ ենք եղել Ռուսաստանի համար,նրանք երբեք մեզ բարեկամ չեն եղել: Անգլերենով գոյություն ունի ԲՕՀԻԿԱ տերմինը-սա ռուսամետ հայ քաղաքանաքետների համար է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930