Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պաշտպանություն կոռեկտության

Նոյեմբեր 11,2016 10:07 Share

Ամերիկացիները հոգնել են քաղաքական կոռեկտությունից՝ հարգեք սեւամորթներին, հարգեք կանանց, հարգեք մահմեդականներին: Եկավ մի գործիչ, որն ասում է՝ մի՛ հարգեք, ինչ ուզում եք՝ ասեք նրանց հասցեին, կորչի՛ երեսպաշտությունը: Անշուշտ, դրա մեջ կա ճշմարտության հատիկ, որովհետեւ այդ սահմանափակումները դնողներն իրականում այնքան էլ առաքինի մարդիկ չեն, խոսում են հանդուրժողականությունից, բայց պատրաստ են ոչնչացնել ոչ միայն այլադավաններին, այլեւ իրենց դոգմաներից դուրս մտածողներին: Եվ ի վերջո՝ բարոյական բարձր նորմերից խոսողները պետք է առաջին հերթին ունենան մաքուր ձեռքեր, իսկ ամերիկյան քաղաքական վերնախավն այնքան է կոռումպացված, որ այդ գործիչների դեմ մեր կոռուպցիոներները պարզապես մանկապարտեզի երեխաներ են:

Բայց ես, այնուամենայնիվ, կողմ եմ քաղաքական կոռեկտությանը, եւ ինչո՞ւ միայն քաղաքական, ընդհանրապես կոռեկտությանը: Կողմ եմ մշակույթների, գաղափարների բազմազանությանը, կողմ եմ հարգալից վերաբերմունքին բոլոր այն անձանց հանդեպ, որոնք ինձնից ինչ-որ բանով տարբերվում են: Կասեք՝ հնացած մոտեցում է, հիմա, երբ ողջ աշխարհում սրվել են բոլոր տեսակի հակասությունները: Կամ, ինչպես որ հայերն են սիրում ասել, «հիմա, երբ ազգիս վիճակն օրհասական է»: Բայց նույն բաները՝ հակասությունների սրման կամ «օրհասական պահի» մասին ասվում են 25-30 դար շարունակ, եւ դրանք ասվում են ոչ միայն հայերի, այլեւ բոլոր ազգերի կողմից: (Հիմա Թրամփի կողմնակիցներն ասում են՝ «մեզ 30 տարի թալանել են»: Ուրեմն՝ Ամերիկայում նո՞ւյնպես «ալան-թալան» կա): Գուցե այդպես ասողնե՞րն են հակասությունները սրում կամ «պահը օրհասականացնում»: Ուրիշ հարց, որ պետք է կոռեկտ լինել անկեղծորեն, «ի սրտե», ոչ թե ինչ-որ արտաքին, պարտադրված դոգմաների ճնշման տակ:

«Կոռեկտ» նշանակում է նաեւ ճիշտ, իրավիճակին համապատասխան: Եթե ես ժամանակը չափում եմ կիլոգրամներով, իսկ քաշը՝ կիլոմետրերով, դա կոռեկտ չի: Մեր վեճերն էլ կոռեկտ չեն: Այս պահին Ֆեյսբուքում ամեն երկրորդ «ստատուսը» 1000 դրամ հավաքելու մասին է: Գաղափարն իսկապես լուրջ լրամշակման կարիք ունի: Բայց այդ «ստատուսների» 90 տոկոսի դեպքում հակափաստարկը հնչում է մոտավորապես այսպես՝ «գնացեք, այդ փողը հարուստներից խլեք»: Որպես պոպուլիզմ՝ հրաշալի է հնչում, որպես ճանապարհ փակուղային է. մենք դա արդեն անցել ենք:

Որ պետք է գումարներ հանգանակվեն հանուն մեր բանակի՝ դրան ես երկու ձեռքով կողմ եմ: Պարզապես այդ գաղափարն իրագործելու համար պետք է գտնել օրինական եւ տրամաբանական մեխանիզմներ: Իսկ ամենակարեւոր բաղադրիչն այս հարցում վստահությունն է: Դրա դեֆիցիտը շատ է զգացվում:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    “…իսկ ամերիկյան քաղաքական վերնախավն այնքան է կոռումպացված, որ այդ գործիչների դեմ մեր կոռուպցիոներները պարզապես մանկապարտեզի երեխաներ են:”
    Մեր կոռուպցիոներների անունից շնորհակալություն եմ հայտնում: Ես էլ ասում եմ դրանց մինիստրների ձենը ինչի չի գալիս: Պարզ է`կաշառք են վերցնում: Իսկ նահանգապետներից մեկը, Ֆոքսիկ մականունով, իր տան մոտ մարդ է “գյուլլել”:

  2. Քրիստափոր says:

    Բայց համենայն դեպս չեմ կարծում, թե պարոն Աբրահամյանը Հոլիվուդի գեղարվեստական ֆիլմերը վավերագրականի տեղ է դրել: Համել ,,Ֆոքսիկի,, տղան տվել հարևանի աչքն էր հանել:

  3. Հ.Շ. says:

    Այս հոդվածում «քաղաքական կոռեկտության» բացատրական սահմանումը շիտակ չէ. իսկ անոր հակառակ կեցվածքի սահմանումը՝ ա՛լ աւելի սխալ է:

    «Քաղաքական կոռեկտություն»ը, որ կը տիրէ եւ կը տիրապետէ Արեւմուտքի մէջ (այս մէկը իսկապէս, բացառապէս Արեւմուտքի հիւանդությունն է, եւ այդտեղից է որ երբեմն փոխանցվում է մնացեալ աշխարհին, վտանգելով նաեւ Հայաստանը), այդ արտաքին, երեսային, խօսակցական, երեւութային կեցվածքն ու դավանանքն է, ըստ որու՝

    . մեծամասնությունը միշտ սխալ է, չունի ոչ մէկ իրաւունք, եւ նամանաւանդ ոչ՝ արտահայտության իրաւունքը. նրա հազիւ տրվում է նոյնիսկ լռելու իրաւունքը, որովհետեւ ան հաճախ պարտավոր է նաեւ իր համաձայնությունը հայտնելու իրեն պարտադրված որեվէ կարծիքի.

    . բացարձակապէս, բացարձակապէս արգիլված է որեվէ փոքրամասնություն քննադատել, նվազագոյն չափով իսկ. չի՛ կարելի:

    . ամէն բան թոյլատրված է փոքրամասնության անդամներին, եւ եթէ պատահի որ անոնք մի սխալ բան անեն, անոր ալ հանցաւորը նրանք չեն, այլ անշուշտ՝ մեծամասնությունը

    . որեվէ նիւթի մէջ, որեվէ հաստատ կարծիք անխելքության նշան է, որեվէ հաստատ դիրքորոշում՝ ամօթ, անպատշաճ եւ անընդունելի է. մարդկային, ընկերային աւանդական ոչ մի արժէք գոյություն չունի, վնասակար է, պէտք է անհետանա. որեւէ աւանդական ըմբռնողություն զզվելի կարծրատիպ է, եւ անհրաժեշտ է անոր ճիշդ հակառակին ենթարկվիլ, այդ ալ՝ հրճվանքով

    եւայլն. եւայլն.

    Ոչ միայն զուտ կեղծիք մըն է «Քաղաքական կոռեկտություն»ը, որ աշխարհը կը ներկայացնէ իրականութէնէն դուրս տեղ մը, այլ կոթողային կեղծավորություն մը, քանզի զայն գործադրողները իրենք վարքագծով, արաքներով, կը հակադրվին անոր:

    Մարդկային տարրական ինքնության հերքումքն է, էական բնոյթի լրիվ ժխտումն է՝ «Քաղաքական կոռեկտություն»ը:

    Արեւմտյան երկիրներում, «Քաղաքական կոռեկտություն»ը հաստատած է փոքրամասնությանց բռնատիրությունը, բոլոր մակարդակների վրա:

    Քաղաքական ոլորտին մէջ, «Քաղաքական կոռեկտություն»ը այսպէս կոչված Ձախին մենաշնորհն է: Որ անշուշտ այս տիեզերական կինոյին մէջ մնայուն բարին է, ի դէմ չար, միշտ չա՜ր Աջին:

    Այս պատճառով է որ Տոնալտ Թրամփը ընտրվեցաւ ԱՄՆ-ի նախագահ: Եւ որ նոյնանման – զուտ ժողովրդավարական – հեղաշրջումներ շարունակվելու են Արեւմուտքում:

    • Հ.Շ. says:

      «Քաղաքական կոռեկտություն»ը բնորոշող մի քանի կէտեր եւս կ’արժէ պարզել՝

      . Ազգ գոյություն չունի. երկրի սահման գոյություն չունի.
      ի դէպ, թշնամի ել գոյություն չունի.

      . միակ լաւ տղամարդը այն տղամարդն է որ… տղամարդ չի
      (Հայաստանի cro-magnonները թող շատ չխանդավարվեն, մի քանի անգամ նշեցի որ խօսքը Արեւմուտքի մասին է… իսկ եթէ Հայաստանում ել կան ծայրահեղ, ֆեմինիստներ, տղամարդը ատող եւ զայն կին դարձնել ուզող մոլեռանդ գործիչներ, այդ ալ արտաքին ներմուծում է.)

      . Աստուծոյ հավատալը կատարյալ հիմարություն, ապուշություն է.
      սակայն միակ կրօնքը որ հնարավոր է քննադատել, ծաղրել, հեգնել, ոտնակոխել՝ քրիստոնէությունն է

Պատասխանել gib.gibindus

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930