Լրահոս
Օրվա լրահոսը

Ուր է գնալու Գագիկ Ծառուկյանի հավաքած ձայնն այս անգամ. «Ժամանակ»

Հունվար 19,2017 11:41

ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի, կամ քաղաքականության մեջ ակտիվ կարգավիճակի վերականգնման մասին հայտարարությունը ներքաղաքական կյանքում ստեղծել է հին և նոր մի իրավիճակ: Հին այն իմաստով, որ նախընտրական գործընթացը, փաստացի, ստանում է նույն առանցքը, ինչի շուրջ կազմավորված էր թե՛ 2007 թվականի, թե՛ 2013 թվականի խորհրդարանի ընտրությանը: Այդ ընտրություններին կար Գագիկ Ծառուկյան ուժեղ խաղացողը, որը անխուսափելիորեն հավաքում էր ձայների մեծամասնությունը և հետո կատարում «բարեգործի» դեր, արդեն իշխանության, ՀՀԿ-ի համար: Թե՛ 2007-ին, թե՛ 2012-ին ընտրական գործընթացը, ակնհայտորեն, հաղթել է Ծառուկյանը, բայց բացարձակ հաղթանակը սահուն և անաղմուկ կերպով գրանցվել է ՀՀԿ-ի օգտին: Իրավիճակը այդ տեսանկյունից կրկնվում է, քանի որ աներկբա է, որ Ծառուկյանն ունի ՀՀԿ-ից ավելի շատ ձայն հավաքելու օբյեկտիվ հնարավորություն, միաժամանակ որևէ այլ սուբյեկտ չունի նրանից ավելի ձայն հավաքելու հնարավորություն: Դրան զուգահեռ, կան իհարկե սկզբունքային նոր երանգներ և հանգամանքներ: Դրանցից առաջինն իհարկե այն, որ Հայաստանում այլևս չկա նախագահի ընտրություն, Հայաստանն այլևս խորհրդարանական կառավարման մոդելով պետություն է, ինչը իր հետքն է թողնում ներքաղաքական զարգացումների տրամաբանության վրա:

Եթե մինչ այդ խորհրդարանի ընտրությունը տեղավորվել է նախագահի ընտրության համար ծավալվող գործընթացների մարտավարական համատեքստում, ապա այժմ արդեն խորհրդարանի ընտրությունն ունի ռազմավարական համատեքստ: Ծառուկյանն այդ համատեքստից դուրս է, քանի որ նա գործնականում չի ունեցել իր ռազմավարությունը, թե՛ 2007-ին, թե՛ 2012-ին նա եղել է ուրիշի ռազմավարության մասը, բաղադրիչը: 2007-ին դա Ռոբերտ Քոչարյանն էր, 2012-ին՝ Քոչարյանն ու հավանաբար մի փոքր էլ Լևոն Տեր-Պետրոսյանը: Երկու գործընթացներում էլ ինչ-որ մասով նա եղել է նաև Սերժ Սարգսյանի ռազմավարության մեջ դիտարկվող գործոն, բայց նա չի ունեցել սեփական ռազմավարություն, սեփական ռազմավարական խաղ: Իսկ այդ գործիչների ռազմավարությունն էլ կառուցված է եղել նախագահի պաշտոնի թիրախավորմամբ: Սերժ Սարգսյանը վերացրել է այդ թիրախը ու փաստացի ստեղծել նոր իրավիճակ, որտեղ ձեռք է բերել ռազմավարության «մենաշնորհ» կամ ավելի շուտ գերիշխող դիրք, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Ծառուկյանի համար դա մեծ խնդիր չէ, քանի որ նա երբեք չի էլ ունեցել իր ռազմավարությունը, որպեսզի մտահոգվի դրա կորստի կամ Սերժ Սարգսյանի գերիշխող դիրքի կապակցությամբ:

 

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031