Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագիծը չի ենթադրում այն սարսափները, որոնք նկարագրում են այդ նախագիծը չկարդացած, բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան լսած մեր համաքաղաքացիները: Մասնավորապես, այնտեղ որեւէ խոսք չկա ծնողական իրավունքներից զրկելու մասին: Օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ընտանեկան բռնությունը, ի տարբերություն բռնության այլ տեսակների, հաճախ մնում է լատենտ, թաքնված՝ զոհերը տարբեր պատճառներով (առաջին հերթին՝ վախից եւ հասարակական կարծիքի ճնշման տակ) չեն բարձրաձայնում իրենց հանդեպ կատարված հանցագործությունների մասին: Օրենքը զոհերին պաշտպանվելու հնարավորություն, իրավունք է տալիս: Իհարկե՝ եթե նրանք ուզում են պաշտպանվել: Իսկ եթե չեն ուզում, եթե ուզում են ծեծվել եւ բռնաբարվել եւ կարծում են, որ հենց դա է «ավանդական հայկական ընտանիքի հիմքը», ապա ոչ մի օրենք նրանց վրա չի տարածվի:
Բայց կուզեի չսահմանափակվել այդ պարզ ճշմարտությունների արձանագրմամբ, այլ փորձել հասկանալ ընտանեկան բռնության երեւույթն իր խորությամբ: Հայ եւ ոչ միայն հայ տղամարդկանց մեծ մասի խնդիրն այն է, որ նրանց վերաբերմունքը, մասնավորապես, ընտանիքի անդամների նկատմամբ պայմանավորվում է նրանով, թե որքանով են երեխաները եւ կինը համապատասխանում «լավ երեխա» կամ «լավ կին» իրենց նախօրոք ձեւավորված պատկերացումներին, եւ որքանով են նրանք արդարացնում իրենց սպասելիքները: Այստեղից է գալիս «իրավիճակը վերահսկելու», իր ցանկություններին համապատասխան մարդկանց վերաձեւելու, «դաստիարակելու» մարմաջը: Իսկ եթե կանայք եւ երեխաները չեն անում այն, ինչ, այդ տղամարդկանց կարծիքով, պետք է անեն, այդ դեպքում սկսվում են կոնֆլիկտները, որոնք կարող են վերածվել նաեւ բռնության:
Իհարկե, կանանց մեծամասնությունը նույնպես ունի դիմացինին վերահսկելու ձգտում (մարդկային «էգոն» սեռական հատկանիշներ չունի): Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում տղամարդը, որպես կանոն, չի հանդուրժի, որ իրեն ծեծեն, նույնիսկ եթե նա որեւէ բան «սխալ է արել», իսկ կինը կամ երեխան դա հանդուրժում են, թաքցնում են եւ նույնիսկ «բնականոն» են համարում:
Հասարակությունը սովորաբար չի կանգնում ընտանեկան բռնության զոհի կողքին՝ ցուցաբերելով ակնհայտ փոքրոգություն՝ «եթե ծեծել են, ուրեմն մի բան եղել է»: Կամ ավելի վատ՝ «բա ամոթ չի՞, քո ամուսնու հետ քո հարաբերությունների մասին ողջ աշխարհն իմանա», «բա տղամարդ ա, կծեծի էլ, կսիրի էլ», «ընկել ես, պիտի քաշես»: Ընտանիքը քանդելու ավելի կարճ ճանապարհ չկա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Հասկանալի է, մեր ազգային ժողովը սեփական նախաձեռնությամբ ոչ մի ազգային ռազմավարական օրենք չի մշակում, այսինքն՝ եթե մեր լավ քաղաքակիրթ բարեկամ երկրները փող չտային մեր հատկապես կանանց հասարակական կազմակերպություններին ու չբարձրաձայնեին այն վայրագությունների մասին, որոնք հայ ընտանիքներում են տեղի ունենում, այդ ընտանեկան վայրագությունների հետ համեմատած պարզվում է կաշառակերությունն ու արտագաղթը աննշան բաներ են, դրա համար էլ մեր բարեկամ երկրները դրանց մասին օրենքներ մեզ չեն պարտադրում, ստացվում է մեր ազգային ժողովը աչքերը փակել է այդ ընտանեկան վայրագությունների վրա, էլ դրանից հետո նման ազգային ժողով ո՞ւմ է պետք: Կարծում եմ, հետագայում եթե մեր բարեկամ երկրները ավելի շուտ նկատեն մեր երկրի լուրջ հիվանդությունները, քան դրանք կնկատեն մեր պատգամավորները, այդ պատգամավորների վզին պետք է տալ ու դուրս շպրտել պետական կառավարման համակարգից՝ որպես իր գործը վատ կատարողի: