Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը Հայաստանում սկսվել է տասներկու տարի առաջ, «ՀՀ պետբյուջեի մասին» օրենքի 8 հավելվածի եւ ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ: ՀՀ կառավարությունը իր դեմ դատական գործընթացների ժամանակ բազմիցս նշել է, որ փոխհատուցման տրամադրումը կրել է հասցեական բնույթ եւ «նպատակաուղղվել է առաջին հերթին հանրապետության բնակչության սոցիալապես անապահով խմբերին դասված քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը»:
«Ես ու հանգուցյալ ամուսինս մեր ընտանիքի բարեկեցության հաշվին կուտակել էինք դրամական ավանդ՝ մեր ապագայի համար եւ ներդրել նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում: Այդ տարիներին, մինչեւ 2005թ. նոյեմբերի 28-ը՝ նոր Սահմանադրության ընդունումը, մենք զրկված ենք եղել դիմել Սահմանադրական դատարան»,- ՀՀ կառավարության դեմ դատարան դիմած Տավուշի մարզի Իջեւանի Թավրիզյան 7 տան 87-ամյա բնակչուհի Ռոզա Ղազարյանի դիմումից է:
Տարեց կնոջ փոխարեն դատարաններում հարցը ներկայացնում է որդին՝ Սերգեյը, որն՝ էլ տեղեկացրել էր, որ երբ հայրն ու մայրը ավանդ են գցել խնայբանկ, մեկ ԽՍՀՄ ռուբլին արժեր 0,96 դոլար:
Դրամն արժեզրկվել է եւ 20 000 ԽՍՀՄ ռուբլու փոխարեն մարդը կարող է ստանալ 300 000 ՀՀ դրամ, ինչը Սերգեյ Ղազարյանի գնահատմամբ՝ ՀՀ կառավարության կողմից լիազորությունների չարաշահում է, կոռուպցիայի դասական դրսեւորում:
«ՎՏԲ-Հայաստան բանկի» արխիվացման բաժնի կողմից տրամադրված տեղեկանքների համաձայն, ավանդատու Ղազարյանի բանկային հաշվի քարտում մինչեւ 1993թ. հունիսի 10-ի դրությամբ առկա գումարների չափը կազմել է 348 532 դրամ՝ ԽՍՀՄ 43 033 ռուբլու դիմաց:
Դիմումատուի հայրը մահացել է, իսկ մայրը տարիներ առաջ ներկայացրել էր բանկ իրենց վեց խնայողական գրքույկը: Նշեմ, որ անապահով ընտանիքներից մեկն է:
Սահմանադրական դատարան դիմած Ղազարյանները չեն հաշվարկել 1988թ.-ի 30 տարվա տոկոսադրույքները: Այդ հաշվարկն, ի դեպ, ավելի խոսուն կարող էր լինել:
«Օգտագործելով, պահելով մեր ավանդները՝ պետությունը 30 տարի չի հարցրել մեր ցանկությունները, խախտել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի կետերը:
Տարբերություն է դրվել ՀՀ կառավարության, ԱԺ, ՀՀ նախագահի համախոհների միջեւ, որոնք ունենալով իրենց անուններով տասնյակ ՍՊԸ-ներ, մեզ վարկեր չեն տրամադրել, փոխարենը մեր ավանդներն են տրվել նրանց, որը մինչ օրս չի վերադարձվել»,-նշել է Ս. Ղազարյանը:
Քաղաքացին հայտնել էր, որ դատարանները կայացրել են որոշումներ, վճիռներ, որով ոտնահարվել է իրենց՝ ավանդների նկատմամբ սեփականության իրավունքը:
Մինչ ՍԴ դիմելը, Ս.Ղազարյանը ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել ՀՀ կառավարության կողմից իր՝ սեփականության իրավունքը խախտող հակասահմանադրական իրավական նորմերը, ակնկալելով, որ դատարանը կդիմի Սահմանադրական դատարան՝ համաձայն ՀՀ քաղդատօրի 106 հոդվածի: Համաձայն այդ իրավական ակտերի, քաղաքացին չի հանդիսանում իր հոր եւ մոր ժառանգը, կառավարությունը հաջորդ իրավական ակտով համարժեք գումար չի ցանկանում տալ, եւ երրորդ՝ նրա ծնողների ավանդը պահելով՝ պետությունը չի հարցրել նրա ծնողների ցանկությունը՝ սեփականության տնօրինման մասին:
Ըստ Ղազարյանների՝ իրենց գործով խախտվել են նաեւ «Իրավական ակտի մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի դրույթները, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը գործում են Սահմանադրության եւ սույն օրենքով սահմանված՝ առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերի գերակայության սկզբունքի հիման վրա: Իրավական ակտերի միջեւ հակասությունների դեպքում գործում են ՀՀ Սահմանադրության եւ սույն օրենքով նախատեսված ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը:
ՀՀ կառավարության որոշումով խախտվել է դիմումատուի սեփականության իրավունքն ավանդի ձեւով, սահմանափակվել է խաղաղ պայմաններում մարդու ավանդը տնօրինելու, ավանդի ժառանգության իրավունքները, չի կիրառվել ավանդները ժառանգությամբ տնօրինելու վաղեմություն:
Ի դեպ, Ղազարյանների ընտանիքի գործին ծանոթանալուց հետո պարզվեց, որ Ս. Ղազարյանը դիմել էր նաեւ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին եւ Մ. Մարտիրոսյանի նախագահությամբ հանձնաժողովը կայացրել է որոշում. դատավորին պատասխանատվության ենթարկելու առերեւույթ հիմք չի հայտնաբերվել: Քաղաքացին բողոքել էր, որ իրենց գործով դատարանը գործում է հօգուտ ՀՀ կառավարության: «Ես լավ ծանոթ եմ ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, այն հոդվածին, որով դատավորը պարտավոր էր տեղյակ պահել ՍԴ-ին, քննարկելու հայցադիմումս:
Իրավական ակտերը ցածր են եղել ՀՀ սահմանադրությունից ու Սահմանադրական դատարանի կայացրած որոշումներից, սակայն գործել են»,-ասում է քաղաքացին:
Հազարավոր ավանդատուների նման պահանջում է ապացույց այն մասին, որ ավանդները տնօրինում է ՀՀ կառավարությունը:
ՀՀ կառավարությունը՝ հանձին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, հայտնել էր, որ ԱԺ-ն չորս տարի առաջ մայիսի 22-ին հավանության է արժանացրել ՀՀ կառավարության օրեր առաջ ընդունած որոշումը, որով սոցիալական պաշտպանության քաղաքականության բնագավառում իրականացվելու է մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց սոցիալապես «խոցելի ավանդատուներին օգնության տրամադրման շարունակական ծրագրեր»:
Ի դեպ, փոխհատուցում, ըստ պաշտոնական տեղեկանքի, տրվել է բարձր անապահովություն ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված, մինչեւ 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված մարդկանց, այդ թվում մահացած ամուսնու կողմից ներդրված ավանդն էլ, եթե համատեղ կյանքի ընթացքում է դրվել:
Գործադիրը մի այսպիսի տեղեկություն էլ է հայտնում. «ավանդ եւ ավանդի դիմաց տրվող դրամական փոխհատուցում հասկացությունները չեն նույնացվում, քանի որ Հայաստանի կողմից վերադարձվում են ոչ թե նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված գումարները, այլ տրամադրվում է ներդրված ավանդների դիմաց դրամական օգնություն, սոցիալական օգնություն ավանդատու հանդիսացող անձանց»:
Այսինքն, ավանդատուների սեփական միջոցները վերադարձնելով, «օգնում են» կամ «օգնողի» դիրքից հանդես գալիս:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.-Տարիներ առաջ՝ 2006թ. նոյեմբերի 4-ին, ՍԴ-ն, երբ լսում էր Մանուշակ Քոչարյանի եւ Հրանուշ Դավթյանի՝ սոցիալական ապահովության քարտ չստանալու մասին դիմումը, հակասահմանադրական ճանաչեց նրանց նկատմամբ կատարվածը՝ աշխատանքից ազատելը, նպաստ չվճարելը, դիմումատուները զրկվել էին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում իրենց ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքից:
«Առավոտ»
03.04.2018


















































