Վերջին շրջանում Հայաստանում երեխաների շրջանում կարմրուկով եւ կապույտ հազով հիվանդությունների դեպքերը շատացել են: Ցավոք, կան նաեւ մահվան դեպքեր: Պատճառը շատ պարզ է՝ սաստկացել է քարոզչությունը պատվաստումների դեմ, ծնողները սկսել են այդ քարոզչությանը հավատալ եւ հրաժարվում են երեխաներին պատվաստել: Առաջ նույնպես կային խոսակցություններ պատվաստումների վնասների մասին, եւ մայրիկներն ու տատիկները խոհանոցներում դրանք ակտիվորեն քննարկում էին: Բայց 20-30 տարի առաջ տգիտությունը զբաղեցնում էր հենց այն տեղը, որին արժանի էր՝ լուսանցքից դուրս: Այսօր, չնայած տեղեկատվություն ստանալու հնարավորությունները էապես հեշտացել են, տգիտությունը դարձել է ավելի համատարած եւ ագրեսիվ:
Չեմ կարծում, որ գրագետ մարդիկ այս տասնամյակների ընթացքում պակասել են: Պարզապես նրանք չեն համարձակվում հակադրվել տգետների ագրեսիային, չեն ուզում իրենց վրա հրավիրել այդ զանգվածի ուշադրությունը: Ավելին՝ կան մարդիկ, որոնք հասկանում են, որ պատվաստումները նախորդ դարի կեսերից սկսած փրկել են միլիոնավոր մարդկանց կյանքեր, բայց միտումնավոր թողնելով 21-րդ դարի քաղաքակիրթ մարդկանց հագուստները՝ հագնում են միջնադարյան մարդկանց մորթիները՝ տգետ ամբոխին դուր գալու համար: Նրանց համար ավելի էական է մի երկու «ընդդիմադիր» նախադասություն ֆեյսբուքում գրելը, քան երեխաների առողջության մասին մտածելը: Հիրավի՝ «տգիտության հաղթարշավի» առումով դաժան ժամանակներ ենք ապրում:
Տեղեկատվությունը ստուգելը, կրկնեմ, այսօր րոպեների հարց է: Բայց մարդիկ չեն ցանկանում դա անել եւ հակված են հավատալու ապատեղեկատվությանը, որն ավելի է համապատասխանում իրենց տրամադրություններին: Մի քանի շաբաթ հայկական ֆեյսբուքը հրճվում էր, որ Միացյալ Նահանգները Հայաստանին այլեւս ոչ մի կոպեկ օգնություն չի տրամադրելու: Այդ «փաստի» հիման վրա կառուցվում էին «խորիմաստ վերլուծություններ»: Երբ մեկը համարձակվում էր ասել, որ նման բան հնարավոր չէ, նրան նույն պահին «իշխանության ստրուկ» էին հանում: Վերջապես՝ երբ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին օգնության հատկացումների հանձնաժողովն առաջարկեց, որ 2019թ. Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը կազմի 6 մլն 40.000 ԱՄՆ դոլար (եւ խիստ հավանական է, որ Կոնգրեսն այդ թվին մոտ մի գումար կհաստատի), բոլոր «վերլուծաբանները» այդ թեման մոռացան: Չնայած որպես «սփոփանք» կարող եմ նրանց հայտնել, որ դա 760 հազար դոլարով ավելի քիչ է, քան 2018-ին էր: Չգիտեմ, գուցե օգտատերերին թեթեւակի հրճվանք կպատճառի այն, որ Վրաստանին նախատեսված է տրամադել 31 միլիոն 100 հազար դոլար (Ադրբեջանին՝ 4 միլիոն):
Բայց տխրելուց կամ ուրախանալուց առաջ պետք է իմանալ ճշմարտությունը, ոչ թե տենչալ լսել այն, ինչ ուզում ես լսել: Տգիտությունը մեր գլխավոր թշնամին է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Շատ դժբախտաբար, այս յատուկ նիւթին մէջ, «գրագէտ» լինելի… պատուաստ չէ, տգիտութեան դէմ:
Այս զաւակասպան խելագարութիւնը սկսողը բժիշկ մըն է ! Կատարեալ աւանակ մը, որ սակայն բժշկական վկայական ունի !!
Ուսեալ, զարգացած անձեր անգամ կարգին յիմարանում են, պատուաստների դէմ այս շատ վարակիչ մտային հիւանդութեամբ: Հիմնական խնդիրը մայրերն են, սա թուաբանական իրականութիւն է, սեռային անարգանք չէ – ընդհակառակն, արմատական ֆեմինիստները պիտի որ ուրախանան, քանզի մէյ մը որ մայրը որոշեց այս դիրքը բռնել, ոչ ամուսնոյն խօսքը, ոչ քաւորին խօսքը, ոչ կեսուրպապային խօսքը, ոչ ել տէրպապային խօսքերը ոչ մի արժէք ունեն, անհնար է միջամտել – :
Յետագային, նոյն բժիշկը, անդրադառնալով իր ապուշ տեսութեան վնասներուն, յատուկ յօդուածներով մեղմացնել փորձեց իր մահացու զառանցանքը, սակայն արդէն ուշ էր: Նոյնիսկ ոմանք համոզուած են թէ նա ծանր հարկադրանքների տակ գրեց իր յաջորդող մի քիչ աւելի բանական յօդուածները, եւ թէ առաջինը կը մնայ միակ ճշմարիտը…
Արեւմուտքի ամենազարգացած նկատուող երկիրներու մէջ կայ այս ահարկու համաճարակը:
Մի ֆիլմի մէջ, դերակատար մը ասում է հետեւեալ խօսքերը՝ «ձկնորսութեան երթալու համար, պարտադիր է արտօնագիր ունենալ. սակայն ոեւէ մէկը կրնայ երեխայ բերել աշխարհ…»
(գրագէտ աւանակին անունը Andrew Wakefield է)
Ամբողջովին համաձայն եմ արտայայտուած տեսակէտին – նոյնիսկ արժէ ձեւ մը գտնել սաստելու նման խեղաթիւրիմներու հեղինակները , ցաւօք սրտի սակայն պէտք է նաեւ ընդունիլ որ պատասխանատւութեան իրենց բաժինը ունին իշխանութիւնները որոնց հաղորդած լուրերը ամէն անգամ իրականութեան չեն համապատասխաներ;