Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի անվտանգությունն այն խնդիրն է, որը սակարկման ենթակա չէ»

Մայիս 05,2018 14:00 Share

Դավիթ Բաբայանը համոզված է, որ Արցախյան հիմնախնդիրը կարեւոր հարց է՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժ է գալիս իշխանության, կամ ընդհանրապես ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պատասխանել է իր հասցեին հնչած այն մեղադրանքներին, թե վարչապետ դառնալուց հետո մտավախություն կա, որ պարոն Փաշինյանն այսպես ասած՝ «հողերը հանձնելու է»:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի եւ թավշյա, ոչ բռնի հեղափոխության քննադատների հիմնական փաստարկը տարիներ առաջ «Հայկական ժամանակ» թերթում Նիկոլ Փաշինյանին վերագրվող հետեւյալ խոսքերն են Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր պատրանքներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ: Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին: Մերը թողած՝ ուզում ենք տերը լինել ուրիշին»:

Հիշեցնենք, որ Փաշինյանն այս առիթով ՀՀ ԱԺ-ում պարզաբանել էր, որ արդեն 5 տարի է՝ սոցցանցերում իր նկարով այդ հատվածը տարածվում է, մինչդեռ ինքը «Հայկական ժամանակի» այդ օրվա թերթը լուսապատճենել է ու վստահեցրել, որ նման հոդված գոյություն չունի:

«Առավոտը» Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ այս ամենը հաշվի առնելով մտահոգություն չունի՞ Արցախյան հակամարտության հարցում Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ, պարոն Բաբայանը պատասխանեց. «Ինչքան գիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այդ հարցերին: Բոլորս էլ հասկանում ենք, որ չի կարող լինել վերադարձ անցյալին, երբ խոսում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: Այստեղ խնդիրը նաեւ սահմանների եւ կարգավիճակի մասին է: Մեր հակամարտությունն ամենաբարդն է, քանի որ այստեղ կա ոչ միայն կարգավիճակի, այլեւ սահմանների խնդիր: Միշտ ասել ենք, որ վերադարձ անցյալին չի կարող լինել: Արցախը պետք է ի վիճակի լինի ինքն ապահովել իր սեփական անվտանգությունը, հատկապես Ադրբեջանի պես ահաբեկչական երկրի հետ փոխհարաբերություններում: Սա, կարծում եմ, պարզ ու հստակ է բոլորի համար»:
Դավիթ Բաբայանը վստահեցրեց՝ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն այս տեսանկյունից չի փոխվել: Ըստ նրա՝ սա հենց այնպես հավակնությունների խնդիր չէ, այլ ողջամիտ մոտեցում. «Պարզապես ինչպես Սախարովն է ասել՝ մեզ համար սա կյանքի, մահվան հարց է, Ադրբեջանի համար՝ ամբիցիաների խնդիր: Այսինքն՝ մենք հասկանում ենք եւ երբեւիցե չենք թաքցրել մեր դիրքորոշումը»:

Հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն ու պատասխաններն ԱԺ նիստի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին համոզի՞չ էին, պարոն Բաբայանը պատասխանեց. «Ինքը պատասխանեց այն հարցերին, որոնք բարձրացվել էին: Կարծում ենք՝ ինչ վերաբերում է Արցախյան հիմնախնդրին եւ ապագային, սա այն հարցն է, որտեղ ողջ հայությունը պետք է միասնական լինի՝ անկախ նրանից, թե ինչպիսի տարբերակներ, քննարկումներ կան: Կա մեկ ընդհանուր պատկեր, որը բոլորն էլ հարգելու են, քանի որ սրանից կախված է ոչ միայն Արցախի ապագան, այլեւ ողջ հայ ժողովրդի: Արցախի անվտանգությունն այն խնդիրն է, որը սակարկման ենթակա չէ»:

Հետաքրքրվեցինք՝ կրկին առաջնագծում Ադրբեջանը զինտեխնիկա՞ է կուտակում, պարոն Բաբայանը պատասխանեց. «Նոր տեղաշարժեր վերջին մեկ-երկու օրվա ընթացքում չեն նկատվում, բայց դեռ հակառակորդը հետ չի քաշել իր ստորաբաժանումները, դրանք դեռեւս այնտեղ են: Մի շարք պատճառներ ունի դա: Նախեւառաջ այսպիսի կուտակումները, շարժերը մայիսին միշտ լինում են, քանի որ եռատոնի ժամանակահատվածն է. մեծ հաղթանակ է մեզ համար, իրենց համար՝ մեծ պարտություն, սրան գումարվում է նաեւ 2018-ի յուրահատկությունը: Ադրբեջանի համար այդ տարին 25-ամյակն է, երբ ունեցան ամենամեծ տարածքային կորուստները Արցախի հետ պատերազմում: Վեց շրջանը նրանք կորցրին: Այս ամենն անընդհատ փորձում են շահարկել, պատեհ առիթ է ժողովրդի ուշադրությունը շեղելու այն բոլոր խնդիրներից, որը կա այդ երկրի ներսում: Ադրբեջանի համար ամենացանկալի զարգացումներից մեկն այն կլինի, եթե մենք իրար հետ կռվենք, ներքաղաքական խորդուբորդեր լինեն, լինի քաղաքացիական պատերազմ ՀՀ-ում եւ Արցախում: Պետք է այնպես անել, որ մեր տարակարծությունները լուծվեն խաղաղ ճանապարհով: Սա Արցախի ուզածն է»:
Մեր դիտարկմանը՝ ադրբեջանական լրատվամիջոցներն անընդհատ այն գիծն են տանում, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է լինելու գնալ զիջումների, պարոն Բաբայանն արձագանքեց. «Սկզբում ասում էին, որ Փաշինյանն ու նրա կողմնակիցները մեղադրում են Ադրբեջանին, որ նա Երեւանն է ուզում, նրանք միշտ էլ տարբեր բաներով մոտենում էին ներքաղաքական հարցերին, փորձում միշտ ինչ-որ տեղ երկպառակել հանրությանը: Մենք համոզված ենք մեկ բանում, որ արցախյան հիմնախնդիրը կարեւոր հարց է՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժ է գալիս իշխանության, կամ ընդհանրապես ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում: ՀՀ-ում, Արցախում եւ Սփյուռքում չկա որեւէ մեկը, որն իրոք պատկերացնի, որ Արցախի ներկա կարգավիճակն ավելի ցածր կարող է լինել ապագայում կամ անվտանգությունն ավելի թույլ լինել, քան այսօր: Չեմ կարծում, որ որեւէ ողջամիտ հայ մարդ կարող է նման բան մտածել»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

04.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ջանս, դուք հիմա պիտի սպասէք, մինչե՜ւ որ Երեւանի իրարանցումը մի բան արտադրէ – նայինք երբ, եւ ինչ… –

    մինչ այդ, Աստուած պաշտպանէ ռազմաճակատի երեխաները

    մենք ալ կու գանք մեր աշխատանքը կը շարունակենք այդտեղ – Երեւանէն ամենաարագ կերպով transit անցնելով, առանց մօտենալու իսկ Կեդրոնին. ափսոս որ Արցախում գործող օդանաւակայան չկայ… -. եթէ գիշերը հասնելու հարց չըլլար, Զվարթնոցէն ուղղակի Շուշի կ’երթայինք… –

Պատասխանել Հ.Շ.

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031