Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Առասպելների տարբերությունը

Մայիս 12,2018 10:00

Վերջերս քաղաքական իմիջի փորձագետ Էլինա Ասրիյանն իմ ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ռուսական եւ մեր առասպելաբանությունը խիստ տարբեր են: Ռուսների գլխավոր հերոսներից մեկն է «царь-батюшка»-ն, որը վերին արդարության մարմնավորումն է եւ ժամանակ առ ժամանակ պատժում է չարամիտ բոյարներին՝ իրենց «ոչ ժողովրդանպաստ» արարքների համար:

Պուտինի ժամանակաշրջանում, օրինակ, պարբերաբար աշխատանքից են ազատվում ու անգամ դատվում են նահանգապետերն ու քաղաքապետերը: Մի քանի ժամ տեւող ուղիղ եթերի ժամանակ «ցարին» դիմում են շարքային քաղաքացիները եւ, ենթադրենք, տեղեկացնում են, որ իրենց ծորակից վատ ջուր է գալիս, ու ցարը նույն պահին հանձնարարում է իր բոյարներին անհապաղ շտկել թերությունը: 1930-ականներին նույնպիսի «ցար» էր Ստալինը, եւ հավատավոր կոմունիստները գնդակահարվելուց առաջ բացականչում էին՝ «ախ, եթե ընկեր Ստալինն այս ամենի մասին իմանար»: (Ի դեպ, հենց այդ պատճառով Ստալինի մահվանից հետո «փուռը տվեցին» Բերիային՝ «ցարին» անառիկ պահելու համար):

Այն ղեկավարները, որոնք շեղվում էին «царь-батюшка»-ի կերպարից՝ Ալեքսանդր 2-րդը, Խրուշչովը, Գորբաչովը, արժանանում էին ռուս ժողովրդի մերժմանը եւ արգահատանքին: Հիմա, երբ Նավալնին ասում է՝ «он нам не царь», նա արտահայտում է Ռուսաստանի մեգապոլիսների բնակչության 30 տոկոսի (հիմնականում երիտասարդության) տեսակետը, մնացած ռուսաստանցիները կարծում են, որ Պուտինը «ցար» է որ կա:

Հայկական առասպելաբանությունը այլ բնույթի է: Այստեղ չկա բարի եւ արդարամիտ թագավորի կերպարը: Հակառակը՝ «ցանկացած իշխանություն Աստծուց է» աստվածաշնչյան գաղափարը մեզ համար բացարձակապես անընդունելի է (ի տարբերություն ռուսների): Մեր հերոսը մարդ-փրկիչն է, որը դուրս է գալիս ինչ-որ քարանձավից, հանում է իր թուրը եւ ժողովրդին ազատում է, փրկում է հրեշավոր, չարիքը մարմնավորող ուժերից: Այդ դերում կարող են հանդես գալ զորավարներ, օրինակ՝ Վարդան Մամիկոնյանը կամ Անդրանիկ-փաշան:

Վերջին 30 տարում հայերն այսպիսի հերոս էին ուզում տեսնել ընդդիմադիր առաջնորդների մեջ, բայց, հավանաբար, նրանց ինչ-որ բան պակասում էր: Եվ միայն 1990-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իրենց բոլոր չափանիշներով համապատասխանեցին այդ կերպարին: Բայց երկուսն էլ դարձան «թագավորներ», եւ, համենայնդեպս, Առաջին նախագահի դեպքում մեր ժողովրդի վերաբերմունքը «թագավորների» նկատմամբ բացահայտվեց ողջ ուժով (իհարկե, նաեւ Տեր-Պետրոսյանի մեղքով): Հուսանք, որ Նիկոլ Փաշինյանի դեպքում այդպես չի լինի: Իսկ եթե այդ առասպելաբանական կարծրատիպն, այնուամենայնիվ, գործի, թող դա լինի որքան հնարավոր է՝ ուշ: Պետության կայունության հարց է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Լավատես says:

    ՝Մեր հերոսը մարդ-փրկիչն է՝
    Մեր հերոսը հայ-փրկիչն է, մարդս որն ա, մարդ կա, ով ՝ձրի՝ լավ լավ բաներ է հյուրասիրում ու հետո թակարդը գցում՝ քոչվորների սիրած մարտավարությունը, կարեւորը հայը հայ լինի, մնացած ցանկացած խնդիր հայերով կարելի է լուծել:
    Անվտանգությունից հետո ընտրություններն ու Արցախի մեր օգտին լուծելու խնդիրներն են: Սա կարելի է մի փաթեթով լուծել՝ Արցախին տալ նույն կարգավիճակ, ինչ ասենք Կոտայքն ու Լոռին է, հետո Կոտայքին, Լոռիին ու Արցախին տալ այնպիսի իրավունքներ ու պարտավորություններ, որ նախանձեն նույն կարգավիճակի պետական կառույցները այլ երկրներում: Ժողովրդավարությունը միայն քաղաքացու մակարդակով չի իրականացվում, ժողովրդավարություն պետք է լինի նաեւ գյուղերի, շրջանների ու մինչեւ վերպետական կառույցներում:
    Օրինակ, ընտանիքում ժողովրդավարություն կա՞: Սկզբից ծնողները իրենց երեխաներին դաստիարակում են եւ միաժամանակ սովորեցնում ինքնուրույն մտածողություն ու պատասխանատվություն կրել սեփական արարքների համար եւ երբ ծնողներն իրենք են ծերանում, հասուն երեխաներն էն հոգ տանում նրանց համար: Նմանապես, գյուղի ժողովուրդը երեխաներն են, որոնք իրենց միջից ընտրում են իրենց ծնող իշխանավորներին, գյուղի իշխանավորները իրենց միջից ընտրում են իրենց ծնողներին՝ շրջանի իշխանավորներին ու այդպես դեպի վեր: Դրա համար, իշխանավորները պետք է այնպես դաստիարակեն իրենց քաղաքացիներին, որ նրանց միջից դուրս գան ապագա լավ իշխանավորներ, կարճ ասած, լավ հայրը իր տղային դաստիարակում է այնպես, որ իր տղան լավ հայր դառնա:

    • Հ.Շ. says:

      արդեօ՞ք կատարուածը հայրասպանութիւն էր… որպէսզի Oedipus-ը (=ցուցարար ամբոխը) ինք տիրանայ Մայր Հայաստանին… «մե՛նք ենք տէրը…»…սակայն այդ դիւցազներգութիւնը լաւ չվերջացաւ, յատկապէս հայրասպանին համար…

      • Լավատես says:

        Ինձ ընդամենը մի բան է հուզում՝ դրսի մատը ստեղ խառնված է թե՞ չէ, եթե սա զուտ հայկական երեւույթ է՝ բացի հիացմունքից ու հպարտությունից ուրիշ զգացում չկա՝ ընդ որում բոլոր կողմերի հանդեպ, ովքեր իրենց հայ են զգում: Դուրսն իր շահերն ունի՝ այսօր մեր շահերի հետ բռնում են, վաղը չեն բռնում ու ի՞նչ մենք պետք է անենք: Մենք պետք է հասկանանք, որ եթե չես ուզում որ քեզ օգտագործեն ու հետո շպրտեն, դու ինքդ քո շահերը պետք է ունենաս դրսում: Իսկ դրա համար ազգ բանակ ես կառուցում: Նույնիսկ եթե երկու տիեզերագնաց են թռչում մի տիեզերանավով, նրանցից մեկը անպայման հրամանատար պետք է լինի ու ողջ պատասխանատվությունը նրա վրա է, նույնն էլ հայ ընտանիքում՝ բոլորի կողմից բուռն վիճաբանվում են ասենք գյուղի գյուղապետ ընտրելու հարցը, բայց միաձայն ենթարկվում ընտանիքի հրամանատարի հրամանին, ով այնքան խելոք է, որ լսելու ունակություն ունի, ով դաստիարակել է իր ընտանիքում սեփական կարծիք ունենալու եւ այն արժանապատիվ պաշտպանելու ոգին:

        • Հ.Շ. says:

          “հիացմունքից ու հպարտություն”?… երբ միեւնոյն ժողովուրդը, նախ իր քուէները սիրայօժար կը ծախէ, յետոյ փողոցային շարժումով իր իսկ այդ ձեւով ընտրած Ազգային Ժողովը կը վերածէ զաւեշտի… հաւանական է որ «դրսի մատը խառնուած է», սակայն եթէ ներսը այդքան խոցելի չլինի այդ մատին համար, այդ մատը բան մըն ալ չի կրնար ընել, չէր կրնար անել… իսկ ներսը չափազանց խոցելի է, անկայուն, խակ ու դիւրաբեկ է, միաժամանակ զինք կարծելով շա՜տ զօրեղ… ուղղակի խղճալի է… հետեւաբար, «հիացմունքը» ինքնահիացմունք է միայն, եւ կը սահմանափակուի հիմնականօրէն ֆէյսպուքով… խոր ու խորիմաստ լռութիւն մը կայ Հայութեան մի մեծ հատուածի մօտ, որ երեւի մարդ չի լսում… շատ զբաղ են իրենց տեւական խրախճանքի ամուլ աղմուկով… (ի դէպ, Oedipus-ը առասպելը Մօր համար ել լաւ չվերջացաւ…)

          • Լավատես says:

            Ես միշտ էլ հիացել ու հպարտացել եմ, անկախ ճիշտ ու սխալից, հիմա խնդիրը ժողովրդի մեջ չէ, խնդիրը նրանումն է, որ ժողովրդին ինչ որ ուժեր՝ ներքին թե արտաքին ձեռքի խաղալիք չդարձնեն, որպեսզի երիտասարդությունը չխաբվի այնպես, ինչպես ավագ սերունդը խաբվեց, դրա համար ցանկացած լավ թե վատ գործիչ պետական պաշտոնյա դառնալու համար պետք է ստանա ԱԱԾ ի համաձայնությունը:

  2. avag says:

    Հայկական բնաշխարհը բնորոշող ամենախոշոր աշխատությունները- Թումանյանի անմահ գործերը են:
    1. Քաջ Նազար – ծայրից ծայր
    2. Ձախորդ Փանոս – հատկապես իր նստած ճյուղը կտրելուց
    3. Մի Կաթիլ Մեղր – հատկապես խանութպանի մոտ
    4. Բարիկենդան – երբ իր ձին տալիս է, որ ոտքով ավելի արագ գնա

  3. Հ.Շ. says:

    նախ Պետութիւն պէտք է լինի, որ կարենանք խօսիլ անոր կայունութեան մասին… սակայն այո, այդ ուղղութեամբ այժմ յաջողեցանք «Պետութեան» լոկ երեւութային պատկերը անգամ, պատրանքն ու bluff-ը իսկ անէացնել, ոտնակոխել… այդ ալ՝ դուխո՛վ, խնդրեմ… չէք պատկերացնում դրսից ոնց է երեւում այս ամէնը… յետոյ ել զարմացող կայ որ դասական Սփիւռքը հիմնականօրէն զուսպ մնաց ոչ միայն կատարուածի ընթացքին այլ նոյնիսկ բանը բանից անցնելէ ետք…

  4. Ruben says:

    Ո՞վ կարող է պատասխանել երկու հարցի.՝

    1. Ու՞մ է ենթակա (ենթարկվում) (ո՞ր պետական մարմնին) հանրապետության կենտրոնական բանկը:

    2. Փաշինյանը երբեւէ որեւէ բան ասե՞լ է կենտրոնական բանկի մասին եւ բանկի նախագահին փոխելու վերաբերյալ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031