Հատկապես հիմա, երբ թե՛ ՀՅԴ–ն, թե՛ ՀՀԿ–ն չեն անցել խորհրդարան, ավարտվել է քարոզարշավն ու արդեն կարելի է խոսել սեփական սխալներից՝ առանց վարանելու, որ դրանք կարող են քարոզարշավային մարտավարությանը վնասել: Ի վերջո, երբ խոսում ենք սխալներն ընդունելու մասին, նկատի չունենք հասարակության առջև պրիմիտիվ ապաշխարումը: Սխալների իրական ախտորոշումը պետք է նախ ունենա ներքին պահանջարկ ու տեղի ունենա նախ ներսում: Բայց բոլոր ազդակները հուշում են, որ առնվազն հիմա այդպիսի պահանջարկ վերոնշյալ ուժերը չունեն:
Ի վերջո, քաղաքականությունը ենթադրում է ռեսուրսների չոր հաշվարկ և դրանց արդյունավետ կիրառում: Եթե խորհրդարանում չհայտնված ուժերը շարունակելու են նեղացածի կեցվածքով անել դատողություններ՝ իրենց ձախողման մեղքը փնտրելով իրենցից դուրս, ապա դժվար թե մոտ ժամանակներում նրանք կարողանան գալ ռեսուրսների ռացիոնալ հաշվարկմանն ու դրանց արդյունավետ կիրառմանը: Այս իմաստով, գուցե և լավ է, որ նմանատիպ մոտեցումներ ունեցող ուժերը չանցան խորհրդարան՝ ստանալով շանս կանգ առնելու և շունչ քաշելու: Ի վերջո, տարիներ շարունակ լինելով քաղաքական կոնյուկտուրայի գերին՝ այդ ուժերն այդպես էլ ժամանակ չեն ունեցել վերաիմաստավորելու իրենց գործունեությունը: Կոնյուկտուրան է պայմանավորել նրանց վարքագիծը:
Իսկ հիմա, երբ նրանք հայտնվել են կոնյուկտուրայից դուրս, վերջապես կա շանս այդ վերաիմաստավորման ժամանակը գտնելու համար: Պարզապես նախապես անհրաժեշտ է ձերբազատվել նեղացածի կեցվածքից ու սկսել իրերը կոչել իրենց անուններով:
Լեւոն ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































