Վերջին հաշվով, անկասկած է, որ Հայաստանում թե՛ Երևանի, թե՛ Հայաստանի խորհրդարանի ընտրությունների գլխավոր գարանտը Նիկոլ Փաշինյանն էր, ու նույնքան անկասկած է, որ մեր խնդիրը՝ որպես պետություն ու հասարակություն, պետք է լինի ինստիտուցիոնալ երաշխավորության անշրջելի մակարդակի հասնելը:
Այդպիսով, մենք թևակոխում ենք քաղաքական համակարգի ձևավորման դաշտ, որտեղ իր առանձին պարտավորություններն ու ֆունկցիոնալ անելիքները ունի իշխանությունը, և իր անելիքն ունի թե՛ քաղաքական դասը, թե՛ հասարակական սեկտորը: Այդ իմաստով, թերևս, ավելորդ չէր լինի ստեղծել մի խորհրդակցական մարմին՝ այդ երեք դաշտերի ներկայացուցիչներից կազմված, որի խնդիրը կլիներ ապահովել փոփոխությունների համար անհրաժեշտ տեղեկատվական մթնոլորտը, թույլ չտար, որպեսզի այլ տեղեկատվական աղբյուրներ նենգափոխեն իրավիճակը և խնդիրները:
Այդ խորհրդակցական կառույցը բացարձակապես չպետք է ունենա որոշումներ կայացնելու, կամ որևէ այլ գործադիր լծակ, իրավասություն, պարտավորություն: Ամենևին չպետք է լինի կոնսենսուսի, համաձայնության, այսպես ասած՝ տեսակետների շատի ու քչի խնդիր, ընդհանուր հայտարարի գալու հարց: Դրա նպատակը պետք է լինի բացառապես հասարակության օրակարգի, այսպես ասած, գեներացիան, դրա շուրջ տեղեկատվական թարմությունը և աշխուժությունն ապահովելը, միաժամանակ այդպիսով կանխարգելելով «տեղեկատվական աղբի» ներգործությունը այդ ամենի վրա՝ հաշվի առնելով այն, որ մենք գտնվում ենք մի տեղեկատվական միջավայրում, որտեղ, դժբախտաբար, աղբը կարող է ստեղծել մթնոլորտ կամ տրամադրություն:
Այդ կառույցը, անկասկած, չպետք է լինի նաև, այսպես ասած, արդիականացման հավատաքննիչ, այսինքն՝ ով իր մեջ կամ հետ չէ, ուրեմն դեմ է քաղաքական արդիականացման օրակարգին և ձգտում է նենգափոխել այն: Ակումբը պարզապես պետք է լինի մի սուբյեկտ, որը կփորձի հանրությանը մատուցել «քաղաքական նորաձևության» նոր առաջարկներ և այդպիսով խթանել որակյալ մրցակցություն ու մշակույթ, և եթե կձևավորվեն այդպիսի այլ միջավայրեր, ապա դա միայն ու միայն կնշանակի, որ ստեղծված խորհրդակցական շրջանակը կատարել է իր դերը:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում


















































