Լրահոս
Օրվա լրահոսը

Դույլերով ջրեր օտարի ջրաղացին

Հուլիս 07,2019 12:00

Չնայած Հայաստանում Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխությունը բացահայտ հաղթանակի հասավ, եւ հաղթանակած ուժը միանձնյա ու բացարձակ իշխանություն կազմեց՝ իր առաջնորդին վարչապետ օծելով, այդուհանդերձ, այս պահին Հայաստանում քաղաքական այն համեմատական հանգիստ ու տեղատվական վիճակը չկա, որ սովորաբար լինում է երկրում հեղափոխությունից հետո:

Ոչինչ վերջնականապես պարզ չէ, եւ վստահաբար կարող ենք ասել, որ հեղափոխությունը շարունակվում է, եւ չնայած հաղթած ուժերը Նիկոլ Փաշինյանի միանձնյա առաջնորդությամբ իրենցից կախված ամեն ինչ անում են, որպեսզի որոշակիացնեն ու տեսանելի դարձնեն Նոր Հայաստանի տեսլականը, բայց հակահեղափոխական ուժերը կարծես թե «տեղները չեն սթրվում» եւ ճիգեր են գործադրում հառնել մոխիրներից ու փլատակներից: Եվ, կարելի է ասել, որոշ չափով հաջողացնում են: Կարելի է ասել՝ կենդանության նշաններ են ցույց տալիս:

Փաստորեն, փողն իր դերը խաղում է: Հատկապես Քոչարյանի փողն է իր դերը խաղում: Վստահաբար կարելի է պնդել, որ այսօր քոչարյանական կայքեր գոյություն ունեն եւ այս պահին դրանք «ստեղծագործական» ոգեւորության ու վերելքի մեջ են: Հասկանալի է, որ տվյալ «ստեղծագործողները» նաեւ աշխատավարձ են ստանում:

Այսինքն, Քոչարյանի շնորհիվ նաեւ աշխատատեղեր են ստեղծվում, որոնք, փաստորեն, այսպես թե այնպես, «աջակցություն» են Նոր Հայաստանի իշխանություններին, եւ ոչ ոք չի կարող ասել թե՝ ինչքան կշարունակվի ներկայիս այս աննորմալ ու անբնական վիճակը, բայց փաստը փաստ է, որ սկսվել ու շարունակվում է, ու վերջն էլ չի երեւում, եւ եթե սրանից մի քանի տարի առաջ մեզ որեւէ մեկն ասեր, որ հանուն Ռոբերտ Քոչարյանի ազատության պայքարող լրագրողներ ու քաղաքական գործիչներ են Հայաստանում գոյություն ունենալու, մենք էդ ասողին առնվազն խելագարի տեղ կդնեինք, մինչդեռ հիմա, ահա, լավ էլ գոյություն ունեն ու լավ էլ պայքարում են, ու ոչ ոք ոչ ոքի խելագարի տեղ չի դնում. ընդհակառակը. քոչարյանականները ոչ միայն մեզանում են համախոհներ գտնում, այլեւ հեռավոր Ռուսաստաններում եւ այլուր, մինչեւ իսկ Վլադիմիր Պուտինի շրջապատում, եւ դա կարծես թե հասկանալի ու պատկերացնելի է, եւ կարծես թե հակառակը չէր կարող լինել, եթե հաշվի առնենք ու նկատի ունենանք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից Ռուսաստանին տվեց այն ամենը՝ ինչ որ հնարավոր էր տալ, եւ հիմա, ահա, հետ է ստանում, եթե, իհարկե, էս բարոյական ու հոգեբանական աջակցությունը հետ ստանալ համարենք, բայց չհամարել էլ չենք կարող, որովհետեւ Վլադիմիր Վլադիմիրովիչն ամեն մեկի համար չէ, որ կարող էր էսպես հավատարմորեն ու անդավաճան «դոշ տալ», բայց Պուտինը, Քոչարյանի համար «դոշ տալով» հանդերձ, կարծես թե նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ է նորմալ ու բարիդրացիական հարաբերություններ պահպանում, եւ էս առումով Պուտինն իրեն պահում է այնպես, ինչպես մեծ ու հզոր երկրի ղեկավարին է բնորոշ ու սազական, եւ Ալիեւի ու Նիկոլի հետ հարաբերություններում էլ է Պուտինն իրեն երկակի ու երկիմաստ ստանդարտներով դրսեւորում: Այնպես, որ հանկարծ կողմերից որեւէ մեկի համար ընկալելի ու հասկանալի չդառնա, եւ Նոր Հայաստանի ղեկավարության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի համար ժամանակի բարդությունն առաջին հերթին հենց Ղարաբաղի հարցի բարդության հետ է կապված, եւ բարդությունն առաջին հերթին կայանում է նրանում, որ Նոր Հայաստանի ղեկավարությունն ու անձամբ վարչապետ Փաշինյանը Ղարաբաղի հարցում մեր քաղաքական ուժերից ու գործիչներից ոչ միայն աջակցություն չեն ստանում, այլեւ ստորության աստիճանի հասնող թերահավատության ու անհավատության են արժանանում, եւ զանազան կասկածելի կայքերում զանազան կասկածելի լրագրողների կողմից անհեթեթություններ են լույս տեսնում «Նիկոլը ծախում է Ղարաբաղը» եւ նման այլ անկապ ու անհեթեթ վերնագրերով, եւ պատահական չէ եւ նույնիսկ բնական ու տրամաբանական է, որ սրանց այս անկապ ու անհեթեթ «վերլուծություններն» անմիջապես արտատպում են ադրբեջանական կայքերն ու լրատվամիջոցները, որովհետեւ այս փաստորեն դավաճանական «դատողություններն» ավելի շատ հենց ադրբեջանցիների շահերից են բխում, եւ ադրբեջանցիները շատ կերազեին, որ հայ «ազգայնականների» այս ցնդաբանությունները գոնե չնչին չափով իրականությանը համապատասխանեին:

Ահա այսպես ենք մենք ջուր լցնում օտարի ջրաղացին: Դույլերով:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ, 

05.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gagik says:

    Նիկոլին չքննադատեք, թուրքը կնայի կուրախանա։ Նիկոլը ունի ամբողջական իշխանություն, անգամ այսպես կոչված քաղաքացիական հասարակությունը, դրսից ֆինանսավորվող տարբեր հայտնի Զլմ ներ իր կողմից են, դուքել եք իր կողմից։ Դե հիմա մի քանիսնել թող քննադատեն, հող ծախելու մեջ մեջ մեղադրեն։ եթե դա տենց խանգարումա նիկոլին թող հրաժարական գնա իր հին գործին։

  2. Seyran says:

    Այսօր բոլոր լրատվամիջոցները ,բացի ,,Հայկական Ժամանակից,,,գրում են նույնը,ինչ Լևոն Տեր-Պետրոսյանի,Ռոբերտ Քոչարյանի,Սերժ Սարգսյանի մասին էր՝բոլորին էլ մեղադրում էին Ղարաբաղը ,,ծախելու,,մեջ…:Նոր բան գիտեք գրեք դրա մասին….

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031