Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ավտոմաքսատունն ամբողջությամբ Գյումրի տեղափոխելու կառավարության որոշմանը ու դրա դեմ պարբերաբար ըմբոստացող ավտոներկրողների բողոքներին, ասաց․ «Որպես գյումրեցի՝ շատ ուրախ եմ, որ Հայաստանի գործող իշխանությունները փորձում են մայրաքաղաքը ինչ-որ ոլորտի գերբեռնվածությունից ազատել ու մեքենաների մաքսազերծումը կազմակերպել Գյումրիում, բայց սա անհարմարություն է ստեղծում Հայաստանի այլ մարզերի ու մայրաքաղաքի բնակչության համար։
Ես ընդհանրապես կողմ էի, որ Հայաստանի Հանրապետությունում լինի երեք մաքսատուն։ Առաջինն, անխոս, պիտի բացվեր Գյումրիում, որը պիտի սպասարկեր հյուսիսային և հյուսիս-արևելյան մարզերը, բացի Շիրակից, նաև Լոռին, Տավուշը, Արագածոտնի հյուսիսային շրջանները։
Կենտրոնական շրջաններում բնակվող մեր քաղաքացիները, ինչպես նաև Կոտայքի ու Գեղարքունիքի բնակիչները իրենց մեքենաները պետք է մաքսազերծեին Երևանում, չպիտի մոռանանք նաև հարավային մեր մարզերի բնակիչներին, որոնց համար Գյումրի հասնելը շատ դժվար է։
Կարդացեք նաև
Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Մեղրիի, Գորիսի, Եղեգնաձորի կամ Կապանի բնակիչների համար ինչքան դժվար է Գյումրի հասնելը, մի նոր մաքսատուն էլ պիտի բացվեր այնտեղ՝ Կապանում կամ Գորիսում։ Չմոռանանք, որ մեծ քանակությամբ մեքենաներ, որոնք մեր հայրենակիցները գնում են Արաբական Միացյալ Էմիրություններից, նավով հասնում են իրանական Բանդար- Աբաս նավահանգիստ, այնտեղից երկաթուղով հասնում են մինչև Թավրիզ, Թավրիզից տեղափոխվում Մեղրի։ Ավելի օպտիմալ տարբերակն այն էր, որ Հայաստանը բաժանվեր մեքենաների երեք մաքսազերծման գոտիների և երեքում էլ համապատասխան ճյուղերը գործերին»։
Մեր դիտարկմանը, որ գյումրեցիները տարիներ շարունակ հասել են մայրաքաղաք ու երբևէ չեն դժգոհել, հետևաբար գյումրեցիների համար այնքան էլ ընդունելի չէ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու շուրջ բողոքները, մեր զրուցակիցն ասաց․ «Այո, գյումրեցիները չեն դժգոհել, բայց միևնույն ժամանակ մենք չպետք է մոռանանք, որ ավտոներկրող գյումրեցիների թիվը տասնապատիկ անգամ ավելի քիչ է, քան նույն երևանցիներինը։ Ավտոմաքսատունը բերվել է Գյումրի, բայց դուք՝ որպես գյումրեցի, գո՞հ եք քաղաքի փողոցների ծանրաբեռնվածությունից կամ նույն մաքսազերծման համար Գյումրի եկած շատ վարորդների ավտոմեքենա վարելուց, որոնք բացարձակ չգիտեն քաղաքի փողոցները և նույնիսկ շատ կոպիտ սխալներ են անում՝ ստեղծելով վթարային իրավիճակներ ու խցանումներ կենտրոնական փողոցներում։
Սա է խնդիր մեր քաղաքի համար, այո, շարժը բավական շատացել է, բայց միևնույն ժամանակ այդ շարժի հետ մեկտեղ պետք է արձանագրենք ոչ միայն դրական, այլ բացասական կողմերը։ Ընդունում եմ և՛ մայրաքաղաքի, և՛ հարավային մարզերի բնակիչների դժգոհությունը․ եթե նրանք նախկինում Գորիսից կամ Մեղրիից 300-400 կիլոմետր պիտի կտրեին, գային-հասնեին Երևան ու վերադառնային, հիմա ստիպված են 120-150 կիլոմետր ավել վարել, որպեսզի գան Գյումրի, հերթ կանգնեն, մաքսազերծեն իրենց մեքենաները»։
Գագիկ Համբարյանն անդրադարձավ նաև Գյումրի-Երևան ավտոմայրուղու վիճակին։
«Հյուսիս-հարավ ճանապարհը խայտառակ վիճակում է՝ կապված շինարարական աշխատանքների և բազմաթիվ ոլորանների հետ, որի արդյունքում գրանցվում են ավելի շատ պատահարներ, քան եղել են նախկինում։ Մայրաքաղաքը Գյումրիին կապող երկրորդ ճանապարհը, որն անցնում է Արմավիրով, որոշ հատվածներ բավական վնասված են և անհրաժեշտ է վերանորոգման աշխատանքներ կազմակերպել։
Ամեն դեպքում բողոքողների վիճակի մեջ ես մտնում եմ և հասկանում նրանց դժգոհության պատճառը։ Դրա համար ամենաօպտիմալը երեք մաքսազերծման կենտրոններ ստեղծելն է՝ Գյումրիում, Երևանում կամ Գորիսում։ Իհարկե, նորից եմ ասում, շատ շնորհակալ եմ իշխանություններից, որ մտածում են Գյումրիի մասին, բայց պետք է մտածել նաև մյուս մարզերի բնակիչների, նրանց հարմարությունների, ինչու ոչ՝ նաև զարգացման մասին», -ասաց քաղաքագետը։
Ի դեպ, Գյումրու բանուկ փողոցներից մեկում` տեղակայված Հյուսիսային մաքսատուն- վարչությունը, որի դիմաց աննկարագրելի հերթեր էին գոյանում՝ հասնելով մինչև հարակից Անի թաղամաս, այլևս զերծ է նման հերթերից։ (Տե՛ս լուսանկարներում) Պատճառը, բնականաբար, Գյումրու նորակառույց ավտոմաքսատան գործարկումն է, որի մասնաշենքերից մեկն արդեն պատրաստ է ու առաջին իսկ պահից զգալի էր դրա տաք, հարմարավետ լինելը։
Ի դեպ, երեկ Գյումրիում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մասնակիցներից մեկը, խոսելով նորակառույց մաքսատնից, քաղաքային իշխանություններին հորդորեց․ «Կարող է ՏԻՄ-ի իրավասության ներքո չլինի այս հարցը, բայց, երևի թե, կարողանաք ինչ-որ լուծում տալ, կամ փորձեք ուղղորդել լուծող մարմիններին․ Թբիլիսյան խճուղում, որտեղ նոր մաքսատուն է բացվել, այդ փողոցն արդեն դարձել է բավականին վտանգավոր: Նախկինում շատ հանգիստ փողոց էր, հիմա նոր մեքենաները՝ մեր մայրաքաղաքից կամ այլ վայրերից ժամանած, արագությամբ ընթանում են, ու այդ ջարդած մեքենաներով երթևեկությունն ահավոր է, հնարավո՞ր է քաղաքապետարանը դիմի ոստիկանություն, որպեսզի այդ հատվածում մի քիչ խստացնեն վերահսկողությունը, որ այդ դեպքերը քչանան»։
Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն ասաց, որ իրենք թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների պաշտոնավարման ժամանակ դիմել են ոստիկանությանն՝ արագաչափեր տեղադրելու խնդրանքով, սպասում են պատասխանի։
«Գիտեք, որ Երևանում արագաչափերի ու տեսախցիկների տեղադրումը ոստիկանության միջոցներով են կազմակերպվում, իսկ մեզ մոտ՝ Գյումրիում, մենք մեր բյուջեից պիտի անենք, մենք այդ հնարավորությունը չունենք»,- ասաց փոխքաղաքապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































