Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրաքվե՝ «Հրայր Թովմասյանի հարցով»

Փետրվար 07,2020 10:00

Իմ մանկության տարիներին մի մուլտֆիլմ կար (ցավոք, չեմ գտնում youtube-ում). մեկը կացինով մի ամբողջ հսկայական ծառ է ջարդում՝ մեկ հատիկ լուցկի ստանալու նպատակով: Վերջում էլ այդ լուցկին կոտրվում է: Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու համար սահմանադրական փոփոխություններ իրականացնելը եւ այդ նպատակով համաժողովրդական հանրաքվե անցկացնելը դրա նման մի բան է: Այդքան ջանք եւ ռեսուրս (առաջին հերթին՝ քարոզչական) ծախսելը՝ մեկ մարդու պաշտոնանկ անելու համար կարող է վկայել միայն հստակ հոգեբանական մտասեւեռումների մասին:

Եթե ես լինեի այդ պաշտոնյան ու տեսնեի, որ իմ պատճառով պետք է հարյուր հազարավոր մարդիկ նեղություն կրեն, պետական բյուջեից մեծ գումարներ ծախսվեն եւ բացառված չէ, օրենք խախտվի, ես, իհարկե, հրաժարական կտայի: Բայց պարզ է, որ տարբեր մարդկանց համար պաշտոնն ու իշխանությունը կարող է տարբեր նշանակություն ունենալ:

Ազգային ժողովում քննարկումն ընթանում էր հետեւյալ սխեմայով: Ընդդիմադիրները մտահոգություններ էին իրավական խնդիրների վերաբերյալ, մասնավորապես՝ եթե այդ փոփոխությունները կատարվեն՝ հանրաքվեից առաջ Սահմանադրական դատարան չուղարկելով եւ դրական եզրակացություն չստանալով, կարող է խախտվել Սահմանադրությունը: (Ի դեպ, նմանատիպ մտահոգություններ ունեն նաեւ ԵԽԽՎ համազեկուցողները՝ զգուշացնելով, որ «առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետեւանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա»):

Իշխանության պատգամավորներն ու վարչապետը իրավական խնդիրների մեջ չէին խորանում՝ նրանք խոսում են այն մասին, թե որքան վատն են նախկին իշխանությունները: Թեեւ այդ դիտարկումների զգալի մասի հետ կարելի է համաձայնել, բայց դրանք բուն թեմայի հետ կապ չունեն: «Լայքաբեր» եւ «սրտիկաբեր» էմոցիոնալ արտահայտությունները եւ թունդ որակումները չեն պատասխանում հիմնական հարցին՝ որքանո՞վ է առաջարկվող ճանապարհը օրինական:

Ի՞նչ կլինի, եթե Հրայր Թովմասյանը, ասենք, եւս մեկ տարի մնա ՍԴ նախագահ: Ինձ թվում է, աշխարհը շուռ չի գա: Մինչ այդ կպատրաստվի սահմանադրական փոփոխությունների ամբողջական փաթեթը, եւ մեր քաղաքացիները հանրաքվեի կգնան ոչ թե միայն «Հրայր Թովմասյանի հարցով», այլեւ բազմաթիվ այլ՝ գուցե շատ ավելի կարեւոր խնդիրներով: Եվ կարծում եմ՝ այս պարագայում ՍԴ-ն չի կարողանա խոչընդոտել բանական եւ համալիր լուծումներին:

…Նախորդ իշխանության՝ օրենքի տեսանկյունից կասկածելի քայլերը ներկա իշխանությունը ցանկանում է ուղղել նույնքան կասկածելի քայլերով: Ժողովրդական բավականին կոպիտ խոսք կա այն մասին, որ մի բանով սարքածը մեկ այլ բանով են ուղղում: Կարծում եմ, սա հենց այդ դեպքն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու համար:

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել Միլլի Մեջլիսի (պառլամենտի) լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, որը կկայանա 2020 թվականի փետրվարի 9-ին:

    Սա նշանակում է, որ անհրաժեշտ է նաև Հայաստանի Հանրապետությունում հանրաքվե կամ մի ինչ որ բան անցկացնել: Պատճառ կգտնվի:

  2. Հայկ says:

    Դուք ազնիվ չեք այս դեպքում՝ հանրաքվեն Հրայր Թովմասյանին հեռացնելու համար չէ, այլ սահմանադրակա դատարանի բոլոր անդամներին, որոնք նշանակված են, և ծառայել են (կարծում եմ կույր է պետք լինել սա չտեսնելու համար) հանցավոր ռեժիմին։

  3. Վախթանգ Սիրադեղյան says:

    «Եթե ես լինեի այդ պաշտոնյան ու տեսնեի, որ իմ պատճառով պետք է հարյուր հազարավոր մարդիկ նեղություն կրեն, պետական բյուջեից մեծ գումարներ ծախսվեն եւ բացառված չէ, օրենք խախտվի, ես, իհարկե, հրաժարական կտայի:»
    Տվյալ դեպքում հանրաքվեն միջոց է պատասխանատվությունը ժողովրդի վրա գցելու առումով՝ լինի այն օրինական, թե ոչ: Ինչ գումարներ էլ ծախսվեն՝ հանրաքվեն անհրաժեշտ է հենց միայն այն բանի համար, որպեսզի վարչապետն իմանա իր ներկա վարկանիշը, ինչը կստիպի նրան կամ փոխել իր վարքագիծը, եթե այն ցածր լինի, ինչից կշահի մեր պետությունը:

  4. իրատես says:

    Ես չեմ կարծում,որ Դուք դեմ էք՝ մարտի մեկի լիարժեք բացահայտմանը և շատ-շատ նման բաներ,,,,

  5. Հ.Շ. says:

    Տեղի ունեցածը՝ իրադարձութիւնների բնական, տրամաբանական շարունակութիւնն է: Շփոթը գոյացաւ այն պատճառով որ այս յեղափոխութիւնը տեղի ունեցաւ իբրեւ թէ օրինական իշխանափոխութեան ձեւակերպութեամբ: Սակայն գոյութիւն չունի՝ «սահմանադրական յեղափոխութիւն»: Դա յստակ paradox մըն է:

    Բռնի ուժով, փողոցի ուժով տեղի ունեցաւ ամէն բան, եւ այդ անօրինականութեամբ – եւ նաեւ կոշտութեամբ, գոռոզութեամբ ու անկրթութեամբ – կը շարունակուի ամէն բան, մինչեւ այն ատեն որ հիմա ել երկրին տիրացած այս խմբակը կարող է շարունակել իր ընթացքը:

    Այնպէս որ, աւելորդ տեղը ամէն մարդ ժամանակ է կորսնցնում: Ինչպէս որ Սերժ Սարգսյանը երկիրը յանձնեց այս վարչակարգին, օգտակար կը լինի որ վերջինս տիրանայ նաեւ Սահմանադրական Դատարանին: Ապրիլ 2018ին սկսած շարժումը պէտք է որ ամբողջանայ, հասնի իր լրումին, քանզի միայն այն ժամանակ է որ բոլորին աչքերը պիտի բացուին: Աւերներն ալ, վնաս չունի: Արդէն շատ բան ել չկար՝ որ աւերուի:

  6. Լավատես says:

    Ինչպես երեխան առաջին քայլերն անելուց հաճախ ընկնում է ու իրեն ցավ պատճառում, բայց զարգացման հասունացման բնական ցանկությունն ու բերկրանքը ստիպում է երեխային վեր կենալ ու էլի վազել: Այսօր մեր պետությունն իր առաջին քայլերն է անում եւ հաճախ սայթաքում, որի հաղթահարումը պետության միակ զարգացման միջոցն է:
    Խնդիրը պարզ է, ո՞րն է լուծումը: Մարդն իր մասնագիտության հանդեպ ունի մասնագիտական ինքնասիրություն, որն իսկական մասնագետի համար սրբության նման մի բան է, այն ոչ փողով, ոչ այլ ստիպողական ձեւով մասնագետին չես ստիպի դավաճանել իր մասնագիտությանը՝ թացին չոր ասել, սեւին էլ ՝ սպիտակ: Պետության կայացման ու կայուն զարգացման համար անհրաժեշտ է ունենալ մասնագիտական խորհուրդներ թե միություններ, որոնց մեջ մտնող մասնագետների իննսուն հինգ տոկոսին հնարավոր չի կաշառել, իսկ դրսից կաշառվող մնացած հինգ տոկոսը եղանակ չի ստեղծի: Կարծում եմ անկախ դատավորներն իրենք պետք է ընտրեն իրենց ընտրյալներին՝ բարձրագույն դատական իշխանություններին եւ ոչ թե մեծամասնության սկզբունքով, այլ գերակշիռ, բացարձակ մեծամասնության՝ յոթանասուն իննսուն տոկոսի դեպքում, որ ոչ մի կասկած չլինի: Նմանապես բոլոր մասնագիտական բնագավառներում, նույնիսկ ամենանեղ մասնագիտական ուղղությունը իր խորհուրդը պետք է ունենա, սա պետք է, որ ներդաշնակ գործող համակարգը առանձին անհատներից կախված չլինի, որ կաշառելու իմաստ էլ չլինի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829