Իմ վերջին սյունակներից մեկում ես հիշատակեցի Չինաստանում Սոցիալական կրեդիտի համակարգի ու զանգվածային հսկման մասին: Այդ համակարգը Չինաստանում բաղկացած է 3 մասից՝ Մեծ չինական firewall-ից կամ այլ կերպ՝ «Ոսկե վահան» կոչվող համացանցային զտման ծրագրից, տեսահսկման SkyNet համակարգից եւ սոցիալական կրեդիտների համակարգից:
Զանգվածային հսկողությունը Չինաստանում սկսվել է այդ երկիր համացանցի մտնելու ժամանակներից: Գրեթե միանգամից չինական իշխանությունները հայտնաբերեցին, որ ցանցում կա շարքային չինացու համար վտանգ պարունակող նյութերի հսկայական քանակ՝ սկսած պոռնոգրաֆիայից մինչեւ Տյան Յան Մեն հրապարակում ապստամբության մասին տեղեկությունները: Եվ եթե պոռնոգրաֆիան համացանցում չինական իշխանությունների համար այնքան էլ վտանգավոր չէր, ապա լրատվադաշտի մենաշնորհի խաթարումը ծայրահեղ անընդունելի էր:
Սովորականի պես՝ իշխանությունը հայտարարել էր, որ իրեն խիստ անհանգստացնում է պետական ինքնիշխանությունը, եւ որ չինական համացանցը չպետք է վերահսկվի դրսից: 1998-ից ի վեր՝ Չինաստանը սկսեց իր սեփական համացանցի կառուցումը, հընթացս ներդնելով սովորական համացանցի զտման մեխանիզմները: 2008-ի շեմին՝ Չինաստանն ամբողջովին մեկուսացած էր արտաքին ցանցից: Առաջացան սոցիալական ցանցերի, ինտերնետ-խանութների, YouTube-ի նման տեսանյութերի հոսքերի ծառայությունների տեղական տարբերակները: Կան Google-ի եւ Apple-ի հավելվածների հատուկ չինական խանութներ: Արեւմուտքում այս համակարգը կոչվում է Great Firewall (որը կարելի է մոտավորապես թարգմանել անվտանգության «ջրարգելակ»)՝ նմանեցնելով Great Wall-ին՝ Չինական մեծ պատին, այն կառավարում է Համացանցային ոստիկանությունը, որը համացանցը կարգավորող մի քանի պետական մարմինների հավաքական անվանումն է:
SkyNet համակարգում (ոչ, սա «Տերմինատոր» ֆիլմից չէ) միավորված են Չինաստանի ողջ տարածքով մոտ անվտանգության 200 մլն տեսախցիկներ (համեմատության համար նշենք, որ դրանց քանակն ԱՄՆ-ում մոտ 50 մլն է)՝ տեղակայված փողոցներում, հասարակական վայրերում, հանրային շենքերում: Ի տարբերություն մնացյալ ողջ աշխարհում տեսահսկման համակարգերի, տեսահսկումը Չինաստանում կենտրոնացված է, տեսագրությունները հավաքվում են կառավարական «ամպիկի» մեջ, աշխատում է դեմքերի ճանաչման համակարգը՝ իրական ժամանակի մեջ (realtime): Համակարգը հաշվի է առնում ոչ միայն մարդու դեմքը (այդ դեպքում հեշտությամբ կարելի է խաբել համակարգին), այլեւ՝ քայլվածքը, հասակը, հագուստը եւ սանրվածքը: Կարանտինի ժամանակաշրջանում համակարգին սովորեցրին ճանաչել դիմակներով մարդկանց:
Կարդացեք նաև
2009 թվականից ի վեր՝ Չինաստանում սկսեցին ներդնել Սոցիալական կրեդիտի համակարգի հիմքերը: Դրա իմաստը քաղաքացիներին բարեհուսության միավորներ տալն է: Եթե դու մանր, անլուրջ օրինախախտումներ ես թույլ տալիս, օրինակ, ուտում ես շքամուտքերում (չգիտեմ, թե ինչու, բայց դա Չինաստանում ինչ-որ սարսափելի երեւույթ է համարվում), փողոցն անցնում ես չնախատեսված վայրում կամ կարմիր լույսի տակ, մանր ժուլիկություն ես անում հարկերի վճարման հետ կապված, չափից դուրս բարձր երաժշտություն ես լսում, չես մաքրում շանդ թողած կեղտերը փողոցից, թեթեւակի խարդախություն ես անում քննությունների ժամանակ, ֆինանսապես չես օգնում ծնողներիդ, եւ էլի բազմաթիվ զանցանքներ՝ դրանց ցանկը Չինաստանի յուրաքանչյուր գավառում առանձնահատուկ է, այդ ամենը ինքնաբերաբար նվազեցնում է ձեր սոցիալական վարկանիշը:
Իսկ ցածր սոցիալական վարկանիշով քաղաքացիների համար կյանքը բարդանում է՝ նրանք չեն կարողանում պատշաճ կրթություն ստանալ, նրանց համար անհասանելի են դառնում բազմաթիվ պաշտոններ: Նրանց անգամ չեն վաճառում ինքնաթիռի, գնացքի եւ էլեկտրագնացքի տոմսեր (2019-ին տոմսերի վաճառքի կենտրոնացված համակարգը՝ ինչպես ցանկացած այլ համակարգ Չինաստանում, մերժել է տոմս վաճառել մոտ 6 մլն քաղաքացու):
Գործը հասել է ավելի տարօրինակ բանի՝ ծանոթությունների ծառայությունները, որոնք, ինչպես հասկանում եք, նույնպես անանուն չեն, ողջունում են իրենց օգտատերերի կողմից սեփական սոցիալական կրեդիտի հրապարակումը:
Կա նաեւ համատարած հսկման չորրորդ, ոչ պաշտոնական (այդ պատճառով ես այն չընդգրկեցի 3 հիմնական բաղկացուցիչների մեջ) ալիքը՝ դա մասնավոր, կոմերցիոն ընկերությունների իրավասության տակ գտնվող տեղեկատվությունն է՝ WeChat հաղորդագրությունների ալիքը (WhatsApp-ի անալոգը՝ ընդարձակումների հսկայական քանակներով), որը թույլ է տալիս բանակցություններից բացի, անցկացնել ակնթարթային ֆինանսական հաշվարկներ, եւ էլի շատ բաներ՝ նորություններ կարդալուց մինչեւ ծանոթություններ, Weibo-ն՝ Ֆեյսբուքի եւ Թվիթերի անալոգը, հեռախոսներ, խելացի ժամացույցներ, փոշեկուլ-ռոբոտներ, ցանցային սարքավորումներ արտադրող տարբեր ընկերությունները ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ Չինաստանի պետական մարմիններին ներկայացնել ողջ տեղեկատվությունը:
Գործածելով այս 4 ալիքները՝ չինական կառավարությունը գիտի իր քաղաքացիների մասին ԱՄԵՆ ԻՆՉ: Անգամ այն, ինչ իրենք՝ քաղաքացիները, չգիտեն իրենց մասին:
Պատկերացում ստանալով համատարած հսկման համակարգի մասին՝ սթափ դատող մարդը միանգամից կմտածի՝ արդյո՞ք դա լավ է: Առաջին հայացքից՝ գուցե վատ չէ: Հանցավորություն չկա, բոլորը վճարում են հարկերը, կոռուպցիոներներին պարբերաբար գնդակահարում են, մարդիկ չեն մտածում այն մասին, ինչի մասին չպետք է մտածեն: Ամեն ինչ վայելուչ է եւ գեղեցիկ: Նույնիսկ՝ չափից դուրս. համատարած հսկման համակարգը Չինաստանին թույլ տվեց բավականին արագ կորոնավիրուսի համավարակի հախից գալ:
Միակ հարցը, որը մնացել է ինձ մոտ՝ հետեւյալն է՝ իսկ կուզե՞ր իմ ընթերցողն ապրեր նման երկրում: Իմ կողմից պատասխանեմ՝ ես՝ ոչ:
Ս. Յ.
«Առավոտ» օրաթերթ
05.05.2020



















































