Հարցազրույց պատմաբան, հրապարակագիր Արա Նախշքարյանի հետ
– ՀՅԴ «Դրո Կանայան» կոմիտեն նախորդ օրը կորցրեց նվիրյալ ընկներներին՝ Երվանդ Թադեւոսյան Սահակի, Մանուկ Թորոսյան Գագիկի, Վիգեն Մուրադյան Իսրայելի, Գեւորգ Հաճեան Իգնատիոսի, Դանիել Թովմասյան Հակոբի, Կարեն Բադալյան Համբարձումի… նրանք զոհվեցին Վարանգաթաղի (Լուլասազ) բարձունքի ազատագրման գործողությունների ժամանակ: Դուք դժվարությամբ համաձայնեցիք այսօր խոսել. պատճառը տասից ավելի ընկերների մահվան լուրը ստանալն էր՝ մի օրում: Կներկայացնե՞ք նրանց, գուցե այսպես թեթեւանաք…
– Ես հիմա էլ դեռ փորձում եմ վերջին ուժերս կազմակերպելով խոսել, որովհետեւ իսկապես կորուստը շատ մեծ է: Գիտե՞ք հիմա գուցե կարդացողն ասի՝ թե բոլորն էլ մերն են եւ այլն, այսինքն, այն շաբլոն միտքը արտահայտել, սակայն ասեմ, որ բնականաբար, բոլորն էլ մերն են, բայց միշտ յարեն տիրոջն է ցավացրել: Ուզում եմ ասել, որ իմ ասենք՝ հոր, եղբոր, որդու, ընկերոջ կորստի ցավը միայն ես եմ զգում, ինչպես մյուս մեր նահատակ սրբերի հարազատները: Ես այս տղաների հետ անցել եմ երկար ճանապարհ՝ սկսած պատերազմի օրերից մինչեւ խաղաղության շրջան, հետո նորից պատերազմ: Սա մի ամբողջ կյանք է, որը հասկանալու համար պիտի ապրես: Այս լուսավոր տղերքը առաջին իսկ կանչի դեպքում մղվում էին կրակի բերան՝ հետեւում թողնելով ամեն ինչ, մինչդեռ շատերը հնարավորինս ճառերով կսահմանափակվեն: Չեք պատկերացնում, թե այս պահին ինչ եմ ապրում: Ոչինչ աչքիս չի գալիս, ոչ մի բան չեմ ուզում. ուզում եմ ականջներս փակել, որ չլսեմ ոչ մի գույժ: Այս սրբազան տղաներն իրենց արյունով էին գծել Հայրենիքիս սահմանները ու վայ նրանց, ովքեր պիտի համաձայնեն այդ սրբազան հողը սակարկության թեմա դարձնել:
Ազգը բանակ է դարձել, չի տարանջատվում հին ու նոր, սեւ ու սպիտակ: Բայց եւ պիտի ասեմ, որ մարդուս հիշողությունը սարսափելի կարճ է. սա էլ կմոռացվի կամ գոնե կհիշվի միայն տարվա մեջ ամրագրված մեկ սեւ օրը ու վերջացավ, բայց տղաները թե կամավոր, թե ժամկետային զինծառայող՝ կմնան բարձունքներում:
Կարդացեք նաև
Գեւորգ Հաճեան.. սիրված ու ընդունված էր աշխարհասփյուռ հայության կողմից, Կոմիտասագետ, օպերային երգիչ, այս լուսավոր մշակութապաշտը դեռ շատ գործ պիտի աներ Հայրենիքի ու Հայ ժողովրդի մշակութային կյանքը զարգացնելու համար:
Գեղամը, որ մի քանի օր առաջ էր զոհվել, դասակի հրամանատար էր, հմուտ մարտիկ: Քրիստափորը կանադական ճոխ վայելքները թողել ու հաստատվել էր հայրենի Կապանում. Լիբանանից էր ու աշխատում էր Հայրենիքում: Մհերս ռազմագետ էր, հրաշալի ճարպկությամբ հետախույզ:
Ամեն մեկն իր լուրջ ներդրումն ուներ մեր պատմության փառապանծ էջերը գրելու գործում: Երանի ես էլ կարողանայի այս պահին լինել նրանց կողքին ու առաջնագծում, թեկուզ մենակ հաց ու ջուր հասցնողի կարգավիճակով, այս հեռավորությունն ավելի է սպանում հոգիս ու տկարանում մարմինս, բայց դեռ ամուր եմ կանգնած երկու ոտքերիս վրա, մենք դեռ մեր վերջին զարկն ունենք տալու թշնամուն, հուսամ՝ ինձ բաժին կհասնի այդ զարկն ինձ վստահվելու հարցում:
Բոլորի մասին կարող եմ առանձին-առանձին խոսել ու պատմել, սակայն պիտի չկարողանամ, որովհետեւ արցունքս խեղդում է կոկորդս: Կներեք:
Ես վստահ եմ՝ մենք պիտի թույլ չտանք ու պիտի վստահ լինենք, որ մենք պիտի կարողանանք նրանց հիշատակը վառ պահել միայն ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՆՎԻՐՎԵԼՈՎ ու ԱՆՁՆԱԶՈՀ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ ԼՑՎԱԾ:
– Արա, որքան գիտեմ, դուք կամավորագրվել էիք, ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ էր, բայց չմեկնեցիք. ինչո՞ւ:
– Ես ոչ թե կամավորագրվել էի, այլ ես ինքս ապրիլյանից հետո հանդիսանում էի հենց մեր գումարտակի զինվորագրյալ անդամ:
Այս անգամ, ցավոք սրտի, չկարողացա մասնակիցը դառնալ եւ իմ ընկերների կողքին լինել միայն այս չարաբաստիկ քովիդի պատճառով, որի հետեւանքով երկրները սահմանափակեցին իրենց տարածքները:
Ես այս պահին Հայաստանից մոտ 4000 կմ հեռու եմ:
– Եթե փորձենք նմանություններ ու տարբերություններ տեսնել ապրիլյան պատերազմի հետ, ապա ի՞նչը կառանձնացնեիք:
– Ապրիլյանից շատ տարբեր էր, ինչքան որ հետեւում էի լրատվականներին, պատմածներին: Թշնամու կայծակնային հարձակումը, որի ընթացքում պիտի կարողանային ծնկի բերել մեր բանակին՝ ձախողվեց հենց երկրորդ օրը: Այստեղից վստահություն ունեցանք, որ այլեւս հնարավոր չէ նրանց հաղթանակը:
Եթե համեմատենք, ապա կասեմ հետեւյալը, որ ապրիլյանի ժամանակ դեռ հնարավոր էր թշնամուն դեմ դիմաց հանդիպել: Այս անգամ ավելի կատարելագործված էր այն առումով, որ հրթիռային էր այս պատերազմը եւ հրթիռակոծությունից հետո միայն հետեւակը կանցներ հարձակման կամ այլ տակտիկական դասավորման:
Սա սարսափելի է միայն այնքանով, որքանով չես կարող կռահել: Այստեղ պարզապես կարող եմ մեր հրետանավորներին ու ՀՕՊ-ի հզորներին իմ շնորհակալությունս հայտնել ու խոնարհվել այս աստվածների առաջ: Երբ ապրիլին հավաքակայանում էինք, ես ճիշտն ասած, մտածում էի, որ սա վերջինն էր, սակայն ինչպես հետո տեսանք՝ ոչ:
– Չորս տարի առաջ ԱԹՍ-ներ էլ կային:
– Անշուշտ, դրանք ավելի վտանգավոր էին երբեմն դառնում, երբ իրենցից կոնկրետ վնաս էին ներկայացնում ռմբահարման ձեւով:
Զոհեր շատ ունենք, դե մեկն էլ հերիք է, որ շատ համարենք, բայց դե պատերազմ է, ոչ թե՝ կռիվ։ Սա երկար չի ձգվի, բայց երկար ասածն էլ հարաբերական է։ Պատերազմի համար մեկ օրն էլ արդեն իսկ երկար է։ Դա կփաստեն նրանք, ովքեր անցել են պատերազմի դասերը, դասախոս` պատերազմի մեկնությամբ։ Ովքեր մեկ անգամ գոնե վայելել են վառոդի հոտն ու ականջին առել՝ փամփուշտի ձայնը։ Էլ չեմ ասում, որ մահվան հետ աչք-աչքի են տեսել իրար…
Արդեն խաղաղությանը կարոտեցի։ Գիտե՜մ. «եթե խաղաղություն ես ուզում, ուրեմն՝ պատերազմիր» բանաձեւը դրա համար է, որ սկսում եմ կարոտելը։ Կարծում եմ, որ մի վերջին զարկ է հարկավոր՝ թշնամու երազանքը խորտակելու համար, որ մտովի հողին էր հավասարեցնում Հայրենի լեռները։ Մի վճռական զարկ, ու վերջ։ Թշնամին ծնկաչոք կդողա ոտքերիդ տակ։ Իսկ աշխարհը… աշխարհն էլ քե՜զ կսկսի սիրելը, որովհետեւ աշխարհը միշտ ուժեղին է սիրել։
Քաջալերվի՜ր, ով Հայ, հպարտ կանգնիր աշխարհի առաջ, դու վաստակել ես այդ իրավունքը: Քանի որ ուժն է ծնում իրավունքը։ Հաղթանակը մոտ է։ Քեզ Խաղաղություն պարգեւող ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ՝ ՓԱՌՔ։ Թշնամուն Խաղաղություն պարտադրող ԶԻՆՎՈՐԻՆ՝ ՓԱՌՔ:
Հարցազրույցը՝
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
09.10.2020



















































