Լրահոս
Օրվա լրահոսը

Անհեթեթ բանավեճի նոր առիթը

Նոյեմբեր 07,2020 10:00

Երբ ասվում է, որ մեզ՝ հայերիս, այժմ միասնություն եւ համերաշխություն է պետք, մեր քաղաքացիների մեծ մասը դրա հետ համաձայն է: Բայց նրանք, ովքեր համաձայն են, սովորաբար լռում են: Արտահայտվում են, ըստ էության, չհամաձայնողները: Նրանք ասում են՝ «այո, բայց…»:

Այդ «բայց»-ին հետեւում է երկու տեսակի վերապահում. «նախկին»-ականները խոսում են «ապաշնորհ կառավարման» եւ «պարգեւավճարների» մասին, «ներկա»-ականների թեման է «թալանն» ու «5-րդ շարասյունը»: Անկախ նրանից, թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, պարզ է, որ դրանք պետք է հետաձգել մինչեւ պատերազմի ավարտը: Տվյալ պարագայում, եթե ասում են՝ «այո, բայց», ապա երկրորդ բառը չեզոքացնում է առաջինը:

Նույն, մեղմ ասած, վնասակար բովանդակությունն ունի սքոլաստիկ բանավեճն այն մասին, թե երբ էր Հայաստանն ավելի լավ զինվում՝ 2018-ից առաջ, թե 2018-ից հետո: Իհարկե, հանուն արդարության, պետք է ասել, որ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մի թեթեւ առիթ է տվել նման բանավեճի համար: Բայց առիթն այնքան աննշան էր, որ չպիտի արժանանար «նախկինների» բուռն արձագանքին:

Բնականաբար, արձագանքն արժանացել է «ներկաների» ու նրանց կողմնակիցների «ջախջախիչ հակահարվածին», այդ «հակահարվածը» պատճառ դարձավ հակառակ կողմի նմանատիպ նոր պատասխանների եւ այդպես շարունակ: Արդյոք հիմա նման փոխհրաձգությունների ժամանա՞կն է:

Նախ ասեմ, թե ինչու եմ ես այդ բանավեճը սքոլաստիկ համարում: Բերեմ «ոչ ռազմական» օրինակ: Իմ մանկության տարիներին մեր տանը հեռուստացույց չկար՝ անհասանելի ճոխություն էր, իսկ հիմա կա, եւ բավականին լավը, բայց այն մեզ՝ որպես զուտ հեռուստատեսային կոնտենտ սպառող, պետք չէ: Այժմ դա զուտ մոնիտոր է, որը երբեմն միանում է համակարգչին:

Հիմա ես դրա համար ո՞ւմ մեղադրեմ կամ փառաբանեմ՝ կյանքը առաջ է գնում, պահանջարկները շատ արագ են փոխվում (այդ թվում, իհարկե, նաեւ ռազմական ոլորտում)՝ մանավանդ վերջին տարիների ընթացքում: Կամ՝ 100 տարի առաջ Երեւանում ավտոմեքենաների քանակը մատների վրա կարելի էր հաշվել, հիմա ամեն րոպե խցանումների մեջ ենք ընկնում՝ դա ո՞ւմ շնորհքն է կամ ո՞ւմ մեղքը:

Իսկ ինչո՞ւ է այդ վեճը վնասակար: Որովհետեւ դարձյալ առիթ է տալիս իրար մեղադրելու, իրար բզկտելու, իրար կասկածելու համար, ինչպես նաեւ «հներ-նորեր», «նախկիններ-ներկաներ» արդեն փոքր-ինչ ձանձրալի դարձած օրակարգն ի հայտ բերելու: Այդ դիսկուրսն անհեթեթ է եւ անիմաստ ընդհանրապես, եւ անպատեհ է հատկապես պատերազմի ժամանակ:

Հայաստանի, հայ ժողովրդի պատմությունը չի բաժանվում «2018-ից առաջ եւ հետո» չափանիշով, կամ որեւէ այլ տարեթվից «առաջ եւ հետո»՝ դա 3000 տարի անընդհատ շարունակվող ընթացք է: Դրանում «շրջադարձային երեւույթներ» կամ «բաժանարար գծեր» գտնելն, իհարկե, պատմաբանների գործն է: Իսկ քաղաքական առումով այդպիսի ջրբաժաններ դնելը սխալ է: Մանավանդ, երբ խոսքը վերջին 30 տարվա մասին է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Գնահատելով Ձեր, պատերազմական այս օրերին, համերաշխության կոչերը, միևնույն ժամանակ գտնում եմ, որ սթափությունը ևս շատ կարևոր է: Մենք կարող ենք, առաջնորդվելով միմիայն բարի նպատակներով, քնացնել հանրության ոչ այդքան իրազեկված հատվածը, իսկ որոշ ուժերը շահարկելով մեր զոհերի առկայության փաստը, հայտնվել այնպիսի ճակատագրական սխալի առջև, ինչպիսին էր Կարս անառիկ բերդաքաղաքի հանձնումը: Երբ որոշ քաղաքական ուժեր հանրության շրջանում և բանակում լուրեր էին տարածում, որ պետք չէ կռվել և միայն Ռուսաստանի հովանու ներքո կարող ենք գոյատևել և փրկվել: Այսօր էլ Հայաստանում և Արցախում այդպիսի ուժեր կան, որոնց պատկերացումները խնդրի լուծման վերաբերյալ, մեղմ ասած, հեռու են հայկական պետականության վերաբերյալ պատկերացումներից: Մենք ազգովի պետք է զգոն լինենք, որ երկրորդ անգամ “Կարսը” չհանձնենք: Սա դավադրական տեսությունից չէ, այլ, ցավոք, իրականություն:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ձեր եւ Նարեկ ներկայացող ընթերցողի միջեւ բանավեճը՝ հենց այն անպտուղ բանավեճի օրինակն է, որն, իմ կարծիքով, խիստ անցանկալի է պատերազմի պայմաններում

    • Gagik says:

      Էտ վախկոտ, պատասխանատվությունից փախնող իշխանության մոտեցումա։ Ամեն ինչ բացատրել ինչ որ դավաճաններով, մութ ուժերով որոնք թույլ չտվեցին մեծ ստրատեգ Փաշինյանին հաղթել պատերազմը։

  2. Քաղաքացի says:

    Հարգելի Արամ Աբրահամյան,
    Ձեր օրաթերթը, իր բովանդակությամբ, վառ օրինակ է առ այն, որ նույնիսկ այս պատերազմական օրերին, բանավեճերը շարունակվում են, անկախ մեր կոչերից: Որպես օրինակ https://www.aravot.am/2020/10/31/1148231/: Եթե այդպես է, եղեք հետևողական և սկզբունքային ու մի տպագրեք ծայրաստիճան իրարամերժ կարծիքներ ունեցող անձանց մեկնաբանությունները, իսպառ բացառելու համար անպտուղ բանավեճերը այս օրերին: Սակայն վերենշված օրինակի հեղինակը, ոչ միայն չի բանավիճում, նա միտք էլ չունի բանավիճելու, որովհետև այստեղ, ամեն ինչ ակընհայտ է: Այնպես, ինչպես Ձեր մեկնաբանությունը իմ չկայացած բանավեճի վերաբերյալ:

  3. Gagik says:

    Պարոն Աբրահամյան Արծրունը տենց մի թեթև առիթ չի տվել։ Նախ Հ1-ով խոսեց զենքի մասին։ Հետո երբ իրեն հակադարձեցին կարար ձենը կտրեր, բայց շարունակեց անգամ ինչ որ կոնկրետ զենքեր թվարկեց։

    Ընդ որում արեց Փաշինյանի իշխանության ոճի սովորական մանիպուլյացինարով։ Օրինակ 2018-ի թվին առած զենքը Փաշինյանի հետ ինչ կապ ունի՞
    2018-ի բյուջեն մասնավորապես ՊՆ բյուջեն հաստատվելա 2017թվին Կարեն Կարապետյանի կառավարության կողմից։ Էլ չասած որ նույն իր ասած տորերը ձեռք են բերվել 2017-ին վերցրած վարկով։ Փաշինյանի օրոք ընդամենը մատակարվել են։
    Եթե իշխանությունը ի դեմս Արծրունի, որ էսօր երկրի ամենակարևոր մարդկանցիցա, թեման բացումա, ես որպես հասարակ քաղաքացի ինչի պիտի հստակ արգումենտներով իր պորտը տեղը չդնեմ՞

    Ու էտելա արհեստական օրակարգ թե վայ էս հարցերը չքննարկենք։ Պատերազմում հաջողությունը կախվածա Փաշինյանի նշանակած գենշտաբի պետի ու մյուսների վարպետությունից ոչ թե մեր քննարկումներից։

    Նկատել եմ որ իշխանափոխությունից հետո դուք միշտ իշխանությանն ու ընդիմությանը նույն մակարդակի վրա եք դնում։ Իրականում տենց չի իշխանությանը 1000անգամ ավելի պատասխանատու պիտի լինի։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Եթե ֆեյսբուքյան իմ էջում լիներ «ներկա»-ականների եւ «նախկին»-ականների կամ «հակա-ներկա»-ականների ու «հակա-նախկին»-ականների այս՝ իմ արդեն նշված անպտուղ բանվեվեճը, ես դա կջնջեի: Բայց քանի որ մեկնաբանությունների այս բաժինը համեմատաբար քիչ մարդ է կարդում, եւ ես այստեղ մոդերացիայով չեմ զբաղվում, ի՞նչ ասեմ՝ շարունակեք, եթե դա ձեր սրտերը հովացնում է:

  4. Քաղաքացի says:

    Իրավիճակի շատ ճիշտ վերլուծություն https://www.youtube.com/watch?v=u5sShFLbvAQ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30