Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա փողն ո՞ւր է, սա ենք, է». վիրավորա՞նք, զրպարտությո՞ւն

Փետրվար 25,2021 13:30

Պատասխանող պատգամավորը հիմնվել է գլխավոր դատախազության, վարչապետի օգնականի գրությունների եւ հիմնադրամի հաշվետվությունների վրա

Մինչ զրպարտություն եւ վիրավորանք հոդվածները քրեականացնելու, ենթադրյալ զրպարտչին կսպառնա մինչեւ երկու տարի ազատազրկման մասին նախագծի շուրջ քննարկումները շարունակվում են, դատարաններից մեկը հերթական վճիռը կայացրեց հերթական քաղհայցի շրջանակներում:

Ինչպես տեղեկացրել ենք, անցյալ տարվա հունիսի 15-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Գրիգորյանի որոշմամբ վարույթ ընդունվեց «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հայցը ընդդեմ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի` զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու եւ փոխհատուցում վճարելու պահանջների մասին:

«Առավոտը» վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ էր ներգրավված` «Թերթ Էյ Էմ» եւ «168 Ժամ» լրատվամիջոցների հետ:

Ի դեպ, քննության ժամանակ պատասխանողի ներկայացուցիչը հարց էր բարձրացրել. ինչո՞ւ հարգարժան հայցվորը գոնե երրորդ անձ չի ներգրավել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը, չէ՞ որ յուրաքանչյուր դատական ակտի կայացմամբ դատական ակտը կարող է վերաբերել նաեւ գլխավոր դատախազության իրավունքներին եւ շահերին:

2021 թվականի փետրվարի 9-ին դատարանը հրապարակել է վճիռը եւ այն ուղարկել նաեւ մեր լրատվամիջոցին, որն այդպես էլ ներկայացուցիչ չուներ դատարանում՝ կապված առհասարակ ձգձգվող դատական գործընթացների եւ իրավաբան-ներկայացուցչին ֆինանսավորելու անհնարինության հետ:

Ըստ հայցվորի՝ ներկայացուցիչներ Գ. Գյոզալյան, Մ. Ստեփանյան, անցյալ տարվա ապրիլի 30-ին Տիգրան Ուրիխանյանը «հրապարակայնորեն, www.facebook.com սոցիալական կայքի իր պաշտոնական էջում հրապարակել է գրառում՝ ներառելով հետեւյալ զրպարտչական տեղեկությունները. «Կառավարությունը փոխեց անհետացած գումարների մասին հարցը բարձրացնողին: Մեկ տարուց ավելի փորձում եմ պատասխան ստանալ, թե ուր է արդեն մեկ միլիարդից ավելի կազմող զինծառայողների սոցապահովության հիմնադրամի հաշվետվություններում չերեւացող գումարը։ Վստահ եմ, վարչապետի հետ իմ ունեցած մի քանի հարցուպատասխանները հիշում են բոլորը, հիշում են նաեւ վերջինը, երբ ես համաձայնեցի վարչապետ Փաշինյանի առաջարկին` հանձնարարել ՊՎԾ-ին ստուգում իրականացնել։ Մինչ օրս որեւէ տեղեկություն դրանից չկա։ Մինչդեռ տեղի ունեցավ այլ բան՝ կառավարությունը որոշեց հանել ինձ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից՝ ներկայացնելով այն որպես ԲՀԿ-ի առաջարկ` խմբակցությունից իմ դուրս գալու պատճառով, ինչը կամ ապօրինի է, որովհետեւ նման բան չի կարող լինել ըստ հիմնադրամի կանոնադրության (այս հանգամանքը կարող է ստուգել յուրաքանչյուր մարդ բաց տիրույթում), կամ սուտ է, որովհետեւ ոչ խորհրդարանը, ոչ էլ որեւէ խմբակցություն իրավասու չեն Հիմնադրամի խորհրդի ձեւավորմանը մասնակցել»:

Ուրիխանյանը ապա հայտնել էր. «Դատախազությունից գրություն ունեմ ստացած, էլի Ձեզ ցույց եմ տվել, որտեղ գրած ա, որ գաղտնի ծախսեր են իրականացվել, բա անցած անգամ հիշում եք հենց էդ էր, է, որ էտ ո՞նց, ի՞նչ իրավունքով են գաղտնի իրականացրել (…): Եվ վերջապես, Ձեր օգնականից գրություն ունեի, որտեղ գրած էր, որ մեկ ու ինը միլիարդի հասնող պարտավորություններ չեն կատարվել (…) հիմա ասենք ցիկլը, բանը, էտ աշխատատեղերը հարց չկա (…), բա փողն ո՞ւր է, սա ենք, է, խոսում (…)»:

Հայցվորը հղում էր կատարել նաեւ պատգամավորի հարցազրույցին լրատվամիջոցներում:

Հարցազրույցի ընթացքում պատասխանողը նշել է, որ. «Ինձ հիմնադրամից հանելը կապված էր մի հարցի հետ՝ «Ո՞ւր են փողերը», եւ շատ ուրիշ մեջբերումներ, որոնք ըստ հայցվոր կողմի, «զրպարտչական եւ ակնհայտորեն սուտ հրապարակմամբ արատավորել են հայցվորի անունը եւ գործարար համբավը, որը ենթակա է դատական կարգով պաշտպանության»:

Հիմնադրամը պաշտպանվել է ըստ էության ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն որի՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից եւ զրպարտությունից` սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

Նույն օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Նաեւ՝ ՍԴ որոշումներից մեկով, ուր նշված է զրպարտության բնորոշ հատկանիշների մասին՝ ա) խոսքը վերաբերում է փաստացի տվյալներին, բ) դրանք չեն համապատասխանում իրականությանը, գ) ներկայացվել են հրապարակայնորեն, դ) արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը, ե) դրանք չեն վերաբերում միայն լրատվամիջոցներով ներկայացված փաստացի տվյալներին:

Պատասխանողի ներկայացուցչի` Լուսինե Ավագյանի կողմից 13.07.2020 թվականին դատարան է մուտքագրվել հայցադիմումի պատասխան. «Պատասխանողը կոնկրետ սուբյեկտ չի մատնանշել, այն կարող էր վերաբերելի լինել Կառավարությանը՝ ի դեմս ՊԵԿ-ի, ով հանդիսանում է դրոշմանիշային վճարի խոշորագույն հավաքագրողը։ Ավելին, գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին՝ հայցվորին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ»:

Հայցվորի պնդմամբ՝ «Պատասխանողի ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը, դրանք սուտ են, անհիմն, ոչ հավաստի: Պատասխանողի կողմից չեն ներկայացվել գրառմանը կից որեւէ վերաբերելի եւ թույլատրելի ապացույց։ Այդ հրապարակումները կատարվել են կանխամտածված, ոչ բարեխիղճ ձեւով, ինչն ուղղված է եղել հայցվորի բարի համբավի դեմ»։

Պատասխանողի ներկայացուցչն այս պնդմանն ի պատասխան նշել էր. «Առկա հոդվածը հրապարակելիս, պատասխանողը հիմնվել է գլխավոր դատախազության, վարչապետի օգնականի գրությունների եւ Հիմնադրամի հաշվետվությունների վրա, որտեղ կատարված փոխանցումները, որոնք պետք է համապատասխանեն գրանցված աշխատողների թվաքանակին, իրապես չեն համապատասխանում եւ չեն համապատասխանում ամիսների կտրվածքով։ ՀՀ գլխավոր դատախազության գրավոր պատասխանը՝ ուղղված պատասխանողին, թույլ է տալիս գալ հետեւության, որ գլխավոր դատախազությունը պարզել է, որ իրապես հայցվոր կազմակերպության հաշվետվության եւ պարտադիր վճարներից գոյացած մուտքերի միջեւ առկա է տարբերություն՝ պայմանավորված մի շարք օբյեկտիվ հանգամանքներով»:

Այսինքն, ըստ պատասխանող կողմի, Տ. Ուրիխանյանի կողմից հրապարակված փաստացի տվյալները համապատասխանում են իրականությանը, առավել քան ակնհայտ է, որ կա անհամապատասխանություն հիմնադրամի կողմից հրապարակված աղյուսակներում առկա տվյալների եւ աշխատատեղերի քանակի միջեւ, այդ անհամապատասխանության մասին մինչեւ հայցապահանջով հիշատակված հրապարակումներ կատարելը Տ. Ուրիխանյանը բազմաթիվ միջոցներ է ձեռնարկել ինչպես ԱԺ ելույթներով ու հարց ու պատասխանով, այնպես էլ պատկան մարմիններին հարցումներ կատարելով։

Պատասխանողը նաեւ նշել էր. «Գլխավոր դատախազությունը եկել է հետեւության առ այն, որ օրենքի ուժով հիմնադրամի հաշվետվություններում չեն արտացոլվում գոյություն ունեցող գաղտնի եւ հրապարակման ոչ ենթակա որոշ տվյալներ, հետեւաբար, պատասխանողը հրապարակայնորեն ընդամենը հանրությանն է փոխանցել գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանում ներառված հետեւությունները»։

Դատարանը վճռել է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամն ընդդեմ Տիգրան Ուրիխանյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու եւ փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ հայցը մերժել։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.– Այս գործով դատարանն ուշագրավ իրավական հետեւություններ է կատարել, որին նույնպես կանդրադառնամ առաջիկայում:

«Առավոտ» օրաթերթ
24.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728