Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե երեք նախագահները միանային

Մայիս 05,2021 12:00

Հայաստանում բոլորը «հին» են… «Հին» է նույնիսկ Նիկոլ Փաշինյանը

Հայաստանի նախկին երեք նախագահները երբեմն միմյանց դաժան քննադատել են, նույնիսկ՝ անհաշտ պայքար են մղել մեկը մյուսի դեմ: Այսօր արդեն պարզ է, որ Հայաստանի երեք նախագահները, կամ նրանց սատարող ուժերը Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվելիք առաջիկա արտահերթ ընտրություններին հանդես են գալու առանձին, եւ նրանցից յուրաքանչյուրը, վստահաբար, իր հիմնավորումներն ունի այդպիսի որոշում կայացնելու հարցում:

Մինչեւ 2016թ., երբ դեռ վրա չէին հասել ղարաբաղյան երկու պատերազմները, հաճախ են հնչել կարծիքներ, թե՝ Հայաստանը պետք է ի վերջո «դուրս գա՝ երեք նախագահների «եռանկյունուց»: Երբեմն բերվում էր պարզ հիմնավորում, թե՝ «հները պետք է հեռանան», պետք են նոր ուժեր, Հայաստանի տեսլականի ձեւավորում, զարգացում, բարեփոխումներ՝ արդեն երիտասարդ ուժերի ընկալումներով ու մոտեցումներով:
Ամեն ինչ փոխվեց, սակայն 2016-ից հետո: 1991-ից հետո «հների» ստեղծածը, ձեռքբերածը չկա, ու հիմա պարզ էլ չի՝ մենք զրոյի՞ց ենք սկսելու, թե՞ եղածն ենք պահպանելու ու դա ենք համարելու մեծ ձեռքբերում, հիմնավորմամբ, թե՝ լավ էր, գոնե, եղածն էլ չկորցրեցինք:
Առաջիկա ընտրություններում քաղաքական ուժերից որեւէ մեկը կարո՞ղ է անկեղծ պատասխանել հարցին՝ Արցախում հինգ տարի հետո արցախցի մնացած կլինի՞…

Կամ, երբ ակնարկ է արվում, թե Հադրութն ու Շուշին հնարավոր է հետ բերել՝ այդպես հայտարարողներն իսկապե՞ս դրան հավատում են, թե՞ ցանկալին որպես իրականություն են մատուցում: Հնարավոր է, որ դա երազանք է, բայց եթե երազանք չէ, ընտրողին պետք է ասվի՝ ինչպե՞ս: Գուցե առաջիկա 10 տարվա ընթացքում Հայաստանն այնքան է հզորանալու, որ Թուրքիային ու Ադրբեջանին՝ գործընկեր պետությունների հետ ճնշելո՞ւ է, իսկ Անկարան ու Բաքուն հլուհնազանդ մեզ ե՞տ են վերադարձնելու Շուշին ու Հադրութը: Թե՞ Հայաստանն է պատերազմ հայտարարելու Թուրքիային ու Ադրբեջանին: Իսկ գուցե որոշ մարդկանց հույսը ռուս-թուրքական պատերա՞զմն է… Այդ դեպքում աշխարհագրորեն՝ որտե՞ղ եւ ո՞ւմ մասնակցությամբ են նրանք այդ պատերազմը պատկերացնում:

Մեր խնդիրը չափազանց խորքային է: Հայաստանի նախկին երեք նախագահների իշխանավարման տարիներին ընդդիմադիրները մեղադրել են այդ օրվա իշխանությանն ու նախագահին՝ «թուրքի հետ քիրվայություն անելու», «Ղարաբաղը ծախելու», «թուրքին հողերը վաճառելու», «թուրքերի հետ գաղտնի բանակցելու», «Հայոց ցեղասպանությունը ուրանալու» մեջ: Ու որքան մեր հասարակությունը հաճախ լսեց այդ մասին, այնքան շատ վարժվեց՝ «թուրքը…, թուրքին…, թուրքի հետ…» բառակապակցություններին, սկսեց չգիտակցել, որ իրական վտանգը հենց Թուրքիայից ու Ադրբեջանից է գալու, այլ ոչ թե՝ Հայաստանի նախագահներից, ու դրա հետեւանքով, 2020-ի աշնանը Հայաստանն արդեն «թուրքի հետ» կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրել:

Մեր հասարակությանը քաղաքական ուժերն ու իշխանությունները չբացատրեցին պարզագույն ճշմարտություններ, որ նորանկախ Հայաստանն ու Հայաստանի քաղաքացին 1990-ականներին իրենց պարտադրված ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթած ժողովուրդ են ու այդ ժողովրդին հարիր չէ ռազմի դաշտում հաղթանակ կրած, դիվանագիտական ճակատում ձեռքբերումներ արձանագրած, ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում հայանպաստ սկզբունքներն առաջ տանող, հայր եւ որդի Ալիեւներին անկյուն քշած ՀՀ ղեկավարներին այդչափ արժեզրկել: Մենք չընտրեցինք մեր նվաճումներով առաջ գնալու եւ հզորանալու ճանապարհը: Մենք նախընտրեցինք՝ եղածը որքան հնարավոր է սեւացնելու, փչացնելու ուղին:

Ու կապ չունի, որ, օրինակ, ՀՀ առաջին նախագահը մտերիմների շրջանում կեսկատակ-կեսլուրջ ասում էր, որ ինքը Ռոբերտ Քոչարյանին Հայաստան հրավիրել էր միայն որպես վարչապետ, այլ ոչ թե՝ որպես ՀՀ նախագահի իրավահաջորդ: Կամ, որ Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին չզսպեց իրեն, մեկ-երկու հարցազրույցներով հասկացնել տվեց, թե առանձնապես հիացած չէ Սերժ Սարգսյանի իշխանավարման արդյունքներով: Կամ, որ Սերժ Սարգսյանն այսօր ասում է, որ նպատակ է ունեցել իշխանությունը փոխանցել Կարեն Կարապետյանին, հետեւաբար, Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության ղեկին հայտնվելու հարցում իրեն ճիշտ չէ մեղադրելը:
Հայաստանում բոլորը «հին» են: «Հին» է նույնիսկ Նիկոլ Փաշինյանը: Առաջիկա ընտրությունները, եթե անցկացվելու են՝ «այդ նախկինները քանդեցին», «այդ նախկիններն էին մեղավոր, որ… » պրիմիտիվ դաշտում, ուրեմն, այսօրվա իշխանությունը Հայաստանի ու Արցախի ապագայի վերաբերյալ հստակ որեւէ ծրագիր չունի: Ասել, որ Հայաստանն ու Արցախը «ապագա ունեն», բավարար չէ, ապագա միշտ էլ կա, հարցը նրանում է, թե ինչպիսի՞ ապագա:

Այս ընտրություններում քաղաքական ուժերը եւ առավելապես՝ իշխանությունը, պետք է պատասխանեն ընդամենը երեք հարցերի, մնացյալը՝ ածանցյալն են այդ հարցերից: Քաղաքական ուժերն ինչպե՞ս են ապահովելու Արցախի ու Հայաստանի անվտանգությունը, ինչպե՞ս են պահպանելու ու ամրացնելու Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպե՞ս են ապահովելու Հայաստանի եւ Արցախի զարգացումը՝ Հայաստանից ու Արցախից արտագաղթի բացառման նպատակով մշակված զարգացման ո՞ր ծրագրերով: Եթե քաղաքական ուժերն այս հարցերի վերաբերյալ հստակ ու խորքային պատկերացումներ չունեն՝ ուրեմն, բոլորի նպատակը նոր խորհրդարանում պատգամավորական մանդատ ձեռքբերելն է, ըստ ամենայնի՝ «կառուցողական ընդդիմության» կարգավիճակում:

Տրամաբանական հարց կարող է ծագել՝ իսկ հնարավո՞ր էր այսօր Հայաստանում ունենալ նախընտրական լիովին այլ մթնոլորտ: Հնարավոր էր, բայց ամենաանհավանական ու ոչ ստանդարտ կոնֆիգուրացիայով. եթե առաջիկա ընտրություններում Հայաստանի նախկին երեք նախագահները միասնական հանդես գալու համարձակություն ունենային: Կարեւոր չէ, թե այդ եռամիասնությունը որքան տոկոսներ կհավաքեր, սակայն պարզ է, որ երեք նախագահների ստացած ձայների հանրագումարն ավելին կլիներ, քան հիմա ամենափայլուն նախընտրական արշավի պայմաններում նրանց բերած առանձին տոկոսները: Խեղճացած, ընկճված Հայաստանը ոտքի կանգնեցնելու ճանապարհին ղարաբաղյան պատմության տարբեր դրվագներում յուրաքանչյուր փուլում իրենց հաղթանակը կնքած նախկին երեք նախագահների միավորումը փոքր-ինչ կմեղմեր պարտված երկրում ծանր մթնոլորտը եւ նրանց այդ քայլը, հնարավոր է, բավական տպավորիչ ու գործուն դառնար:

Բայց Հայաստանի երեք նախկին նախագահները, հավանաբար, նախընտրեցին անդունդի եզրին հայտնված Հայաստանում անցկացվելիք արտահերթ ընտրություններում ցույց տալ մեկը մյուսին՝ իրենց ավելի ճիշտ լինելու հանգամանքը: Նրանք առաջիկայում մեզ կպատմեն, թե որքան ճիշտ էին իրենց իշխանավարման տարիներին, երբ ասում էին՝ այս կամ այն բանը, ու որքան սխալ էին նրանք, ովքեր դա չէին գիտակցում ու ինչ պատմական կորստի հանգեցրեց իրենց ականջալուր չլինելը: Այսինքն, ամեն ինչ կմնա «հնի» թեմայի շրջանակում, կարծես 6-7 ամիս առաջ Հայաստանի ու Արցախի հետ սարսափելի ողբերգություն տեղի չի ունեցել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 04.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Շնորհակալություն!!!
    Արամին էլ ՝ նման կադր մեծացնելու համար։

  2. Ռուբեն says:

    Հայ ժողովրդի պատմության ընթացքում, երբ հայերը միավորվել են , դրան հետևել են հաղթանակներ և հակառակը՝ ներքին պառակտությունների ընթացքում արտաքին թշնամուց պարտություն ենք կրել: Օրինակ 1988թ. հայերով միավորվեցինք հանուն Արցախի, հաղթեցինք պատերազմում. իսկ 2018թ.-ից հետո ազգը բաժանվեց սևերի ու սպիտակների և այդ պառակտումը բերեց 2020թ. պատերազմում մեր պարտությանը: Էմմա Գաբրիելյանի առաջարկությունը եթե ընդհանրացնենք, ապա կարելի է այսպես ձևակերպել՝ ՄԻԱՎՈՐՎԻՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՍ ՏԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ ԴԵՌ ՉԻ ՎԵՐԱՑԵԼ, ՄԻԱՎՈՐՎԻՐ ԵՎ ԷԼ ԵՐԲԵՔ Չ Պ Ա Ռ Ա Կ Տ Վ Ե Ս:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31