Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գիտնականի կարեւոր գյուտերը

Սեպտեմբեր 09,2021 12:30

Հնարավոր է կանխել վահանաձեւ գեղձի հիվանդությունները եւ կանխարգելել կարիեսը

Սրճարանում նստած զրուցում ենք։ Ասում է՝ 2014 թվականին Springer հրատարակչությունում լույս տեսավ իմ մենագրությունը։ Այնպես է ասում, կարծես խոսքը տեղական մի հրատարակչության մասին է։ Ես դեռ ուսանողական տարիներից գիտեմ, որ Springer-ը գիտության ամենաբարձր նշաձողն է։ Խնդրում եմ մի քիչ մանրամասնել ընթերցողների համար։ Ասում է` ամենահեղինակավոր միջազգային գիտական հրատարակչությունն է։ Հետո հավելում՝ ինձ հետ կապվեց խմբագիրը, կարդացել էր իմ հոդվածներից մեկը ու իրեն շատ հետաքրքրել էր։

Արամ Պետրոսյանը ֆիզիկոս է, ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում ուսումնասիրում է ամինաթթուները եւ ամինաթթուների աղերը։ Գիտնականը իր գործընկերների հետ մի շարք նյութեր է արտոնագրել, որից մեկը պաշտպանում է ատամները կարիեսից, իսկ մյուսը՝ կանխարգելում վահանաձեւ գեղձի հիվանդությունները։

Ամինաթթուները միացություններ են, որոնք միաժամանակ պարունակում են թթվային՝ կարբոքսիլ խումբ եւ հիմնային՝ ամինախումբ։ Կենդանի օրգանիզմը կառուցող սպիտակուցները կազմված են հենց ամինաթթուներից։

Աղերը ստացվում են ամինաթթուների ինչ-որ թթվի հետ փոխազդեցությամբ։ Ամինաթթուն դառնում է կատիոն (դրական լիցքով իոն), իսկ թթվային խումբը՝ անիոն (բացասական լիցքով իոն)։ Այս աղերի բյուրեղները հիմնականում կիրառվում են ոչ գծային օպտիկայում որպես հաճախության կրկնապատկիչ։ Որոշակի ջերմաստիճանների տիրույթում այդ բյուրեղները կարող են ունենալ ինքնաբուխ էլեկտրական բեւեռացում (պիրոէլեկտրիկներ եւ ֆերոէլեկտրիկներ)։ Ֆերոէլեկտրիկներով են աշխատում, օրինակ, գիշերային տեսողական սարքերը։ Հայաստանում առաջին ֆերոէլեկտրիկները հայտնաբերվել եւ արտոնագրվել են այս խմբում։

«Իմ մտքով անցել էր, որ կարելի է ստանալ տարբեր անիոններով ամինաթթուների աղեր, բայց փորձեցի, չստացվեց։ Հետո հնդիկ գիտնականների մի հոդված լույս տեսավ, որոնք պատահական դա ստացել էին։ Երեք հնդիկներն էին ստացել, մեկը Ուկրաինայում ստացան, այսինքն, ընդամենը չորս նյութ էր հայտնի։ Մենք սկսեցինք աշխատել իմ դիսերտանտ՝ Վահրամ Ղազարյանի հետ ու ստացանք 40 այդպիսի միացություն։ Այդ ժամանակ ես մտածեցի՝ հնարավո՞ր է, արդյոք, ստանալ աղեր, որոնք պարունակում են տարբեր ամինաթթուներ որպես կատիոն, կամ որպես ուղղակի բաղադրիչ», – պատմում է գիտնականը։

Ներկայացրեցին գիտական նախագիծ, ստացան ֆինանսավորում, խոստացան 2 տարում սինթեզել 20 այդպիսի միացություն, սինթեզեցին 67։ Այս դասի աղերը նախադեպը չունեին։ Դրանց մի մասը պիրոէլեկտրիկներ են, որոնք շատ պահանջված են մի շարք ժամանակակից սարքերի արտադրությունում։

Բացի այդ, Արամ Պետրոսյանը ստեղծեց պատրաստուկ, որը երկու կարեւոր ամինաթթու է պարունակում՝ արգինին եւ գլիցին, ու նաեւ յոդիդ, եւ անվանեց այն գայոդիդ։

Հայտնի է, որ վահանաձեւ գեղձի հիվանդություններն առաջանում են յոդի պակասից, եւ այն լրացնելու համար օգտագործում են կալիումի եւ յոդի միացություններ։ Հայաստանում ամբողջ ազգաբնակչության համար յոդացվում է կերակրի աղը կալիումի յոդիդով։ Գիտնականի խոսքով, կան մարդիկ, որոնց կալիումը մեծ քանակությամբ հակացուցված է, կամ մարդիկ, որոնք աղ չեն օգտագործում։ Գայոդիդը չի պարունակում կալիում, իսկ արգինին եւ գլիցին ամինաթթուները օրգանիզմին միայն օգուտ են։

Գայոդիդի առաջին փորձարկողը եղել է Արամ Պետրոսյանի կինը։ Ինչից հետո պատրաստուկը արտոնագրվեց, իսկ Պետրոսյանի դիսերտանտը՝ Գայանե Տոնոյանը ներկայացրեց այն ARPA ինստիտուտի (Analysis Research & Planning for Armenia, Los Angeles, California) նորարարական մրցույթում եւ զբաղեցրեց 2 տեղը։

Արամ Պետրոսյանի մեկ այլ դեղամիջոցը պաշտպանում է ատամները կարիեսից։ Այն շատ արդյունավետ է ատամների գերզգայունության բուժման համար եւ մշակվել է ատամնաբույժների հետ համատեղ։ Գիտնականն արդեն ունի այդ դեղամիջոցն արտադրելու սերտիֆիկատ։ Իսկ գայոդիդի համար անհրաժեշտ են կլինիկական հետազոտություններ, եւ այդ հարցով գիտնականը մտադիր է դիմել առողջապահության նախարարությանը։

«Մեզ, գիտնականներիս անընդհատ մեղադրում են, թե ձեզ փող ենք տալիս, բայց արդյունք չկա։ Ահա, ես ունեմ կիրառական արդյունք, բայց չգիտեմ՝ ինչ անել։ Մեր երկրում գիտաշխատողի եւ կիրառողի միջեւ ինչ-որ օղակ պակասում է։ Զարգացած երկրներում հետազոտությունների համար տալիս են X գումար, 10X էլ պետք է արդյունքը կիրառական դարձնելու համար, 100X առեւտրայնացնելու համար, ու նոր կարող է 1000X վերադառնալ։ Եթե հարյուր ֆինանսավորվող ծրագրերից գոնե մեկը աշխատում է, ապա ամբողջ ներդրված գումարը հետ է գալիս։ Աղքատ երկրներում հնարավոր չէ ամբողջ շղթան անցնել, եւ դա խնդիր է։ Հայաստանում գուցե ինչ-որ խորհուրդներ ստեղծվեն նախարարություններին կամ կառավարությանը կից», – ասում է գիտնականը։

Արամ Պետրոսյանի խոսքով, այսօր Հայաստանում գիտության նկատմամբ վերաբերմունքը բավականին փոխվել է, ավելացվել է ֆինանսավորումը, առաջարկվել է 5-ամյա մեգանախագծերի ծրագիր, որին նրա թիմը եւս պատրաստվում է մասնակցել։

Նա նշեց, որ շատ կարեւոր գործ է անում «Գիտուժ» նախաձեռնությունը։ «Գիտուժի» մասնակիցները գիտությունից այլ ոլորտներ գնացած մարդիկ են, որոնք նշում են, որ եթե գիտական աշխատանքի համար վարձատրվեին այսօրվա իրենց ստացած գումարի կեսի չափով, ապա չէին լքի գիտությունը։ Հիմա նախաձեռնության անդամներն առաջարկում են կառավարությանը կտրուկ բարձրացնել ասպիրատների եւ նրանց ղեկավարների աշխատավարձերը։

Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930