Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հորիզոն՝ հասցեագրված կյանքին ու խաչված օրերին

Փետրվար 02,2022 12:30 Share

Լույս է տեսել Ռուզան Հովասափյանի «Խաչված օրեր» ժողովածուն

«Նախանվագներ», «Խաչելություն». Ռուզան Հովասափյանի հեղինակային այս երկու գրքերին լրացնելու կամ շարունակելու է եկել երրորդը՝ «Խաչված օրեր» բանաստեղծությունների ժողովածուն, որը ճակատագրական արահետներ է բացում ոչ միայն հեղինակի ներաշխարհում, այլեւ շատերի համար դառնում է ուղենիշ՝ կյանքի ոլորաններում պահելով իր դիրքն ու հաստատուն առաքելությունը: Գրքի խմբագիրը՝ բ.գ.թ., դոցենտ Վալերի Փիլոյանը ճիշտ է նկատել, որ «իր աշխարհն է արարում բանաստեղծուհին իր կյանքից, երազներից, սիրուց խմորված շաղախով, որի մեջ արհեստական կամ փոխ առած մակարդ չկա»:

Գրքի առաջին մասը վերնագրված է այսպես՝ «Սիրուդ ջուր եմ խառնել»: Սա փիլիսոփայական տարր է: Բանաստեղծուհին ամբողջացրել է այն զգացմունքների ներդաշնակությունը, որը կարող է հասնել նոր տարածքներ, դառնալ նվաճող, ինչու ոչ՝ նաեւ որ գա «սիրուդ ծով խառնելու ժամանակը»:

Դու հաճախ էիր
ոտքով հասնում ապագա,
ապագայի ամենախորքերը,
որ այնտեղից
երազանքներս բերես՝
մարմին առած…
Այս անգամ հետ չեկար…
Ներիր, որ չէի ասել՝
էլ երազանք չունեմ,
ներիր,
որ քե՛զ դարձրիր
իմ նոր երազանքը,
եւ ես հիմա մոլոր
չորս կողմս եմ նայում…
Ես մնացել եմ
ապագայի ճամփին…

Երազանք-ապագա կապի մասին հաճախ չենք հանդիպի բանաստեղծուհու պոեզիայում, սակայն կան տողեր, որոնք կարծես բացահայտում են նրա սրտի տենչը: Եվ այստեղ, իհարկե, պետք է շեշտեմ այն, որ ոչ թե տողերի շարժունակությունն է ապահովել հեղինակը, այլ փիլիսոփայությունը՝ բառ առ բառ խտացնելով ասելիքը, հաղորդելով կյանքի երանգ:

Դիտարկենք մեկ այլ բանաստեղծություն, որտեղ հեղինակը ինքնատիպ ձեւակերպումների միջոցով նոր կառուցվածքային առանձնահատկություն է առաջ բերում:

Մինչեւ փյունիկի պես
կհառնես մոխիրներից,
Ինձ կմոխրացնի այն ցավը,
որ դու, հայրենիք,
մի սովորական թռչուն ես դարձել…
Ու փոխանակ ցավս փոքրանա
դու ես փոքրանում:

Այս մի քանի տողում հեղինակը գոյության խորհուրդն է ամբողջացրել՝ հայրենիքով ապրելու, հայրենիքի հետ շնչելու, որոնումների ճանապարհը հարթելու իմաստով: Եվ պատահական չէ, որ պոեզիան սիրում է անկեղծություն, որը ակնհայտ երեւում է Ռուզան Հովասափյանի տողերում: Ու վստահ կարող եմ պնդել, որ անկեղծությունը պոեզիայի հաջողության հիմնաքարերից կարեւորագույնն է:
Ընդհանրապես «Խաչված օրեր» գրքում թեեւ շատ են խոհական ու սիրային ստեղծագործությունները, բայց հոծ գծով նաեւ ներկայացված են մարդուն մշտապես «հետապնդող» ապրումները, անձնականությունը, խաչված օրերի տրամադրությունը:

Այս գրքում կա տրամադրություն, բայց թե այն ճի՞շտ է ընկալում ընթերցողը՝ դժվար է պատասխանել: Կարծում եմ, որ բանաստեղծությունների համար ճիշտ հերթականություն ընտրված չէ եւ շատ հնարավոր է, որ դժվարընկալելի լինի այն խոսքը, որն իսկապես հեղինակի կարեւոր ուղերձն է, մտքի ու հոգու պտուղը: Եվ հենց պտուղն է հիշողություն ստեղծողը, որը նույնպես առաջնային է Ռուզան Հովասափյանի պոեզիայի համար: Հիշողության հայացքն է, որ բանաստեղծուհուն ստիպում է կենտրոնանալ կարեւոր երեւույթների վրա, հետ մղել այն, ինչը հազար անգամ ասվել է:

Գիտե՞ք, շատ կարեւոր է, որ գրողը լինի իր ժամանակի մեջ: Ժամանակից դուրս ապրողը ոչինչ անել չի կարող, առավել եւս՝ գրականություն ստեղծել: Պարզապես քաոսային վիճակ կլինի, ինչն այսօր երեւելի է շատ հեղինակների ստեղծագործություններից: Ընթացիկ փոփոխությունը պետք է գրական կյանքի հետ մտերմանա: «Նոր ժամանակում՝ ժամանակի գիր» ձեւաչափով գրողը պետք է տողն էլ մտերմացնի ընթերցողի հետ, թե չէ տեղի կունենա հակառակ, անդառնալի եւ վանող գործընթաց:

Դու երկինք գնացիր,
որ ինձ համար
աստղեր իջեցնես, չէ՞…
Աստղեր չեմ ուզում,
վերադարձիր՝
աչքերս երկնքից իջեցնեմ…
Հեղինակը դարձյալ իրեն հատուկ ինքնատիպությամբ նոր հորիզոններ է բացում՝ այսօրվա եւ վաղվա հավատով ու սպասումով լցված, երկնքին ընտելացած աչքերին պոեզիային ներդաշնակ փիլիսոփայություն է հաղորդում:

Անգամ մոր մասին գրելիս հեղինակը փորձում է ձեւակերպումներ անել պարզ ու հասարակ բառերով: Նրա նպատակը բառե իրականություն ստեղծելն է, ասել է թե՝ պատկերաստեղծումը, որտեղ իրար կհաջորդեն ոչ միայն պատկերները բառային շերտով, այլեւ դրանք կշնչեն ու կկենդանան:

Ջրհեղեղներից հետո եւ առաջ
մամ ջան, ես ո՞ւր չեմ
աղավնի ճամփել, բայց քո սրտից են
շյուղ բերել միայն…
Այս անգամվանը
տեղատարափ չէ-
քառասուն օր է՝
լոկ ձյուն է գալիս
Քո սրտի ծառից միայն տարել եմ…
Ու հիմա թռչնին
շյուղի հետեւից
չեմ ուղարկելու,
մամ, մի բուռ ձյուն է թեւերին նրա,
մամ, մի բուռ ջուր եմ ուղարկել ծառիդ…
Ռուզան Հովասափյանը չի ձգտում հասնել արհեստածին տարածքներ, այլ սեփական որոնումներում գտնում է ելքը եւ որսում ակնթարթը՝ բառ դարձնելու նպատակով:

Գրքի «Խփված տողեր» բաժինը նույնպես առանձնանում է բանաստեղծուհու գրչի ինքնատիպությամբ: Նրա տողերում հայրենիքը բացարձակ արժեք է, սիրո միակ հասցեատերը: Լուսաբացն է հեղինակի սիրային հայացքն առ հայրենիք, ծիածանը՝ սիրային ակնարկ, թռչներգը՝ սիրային նամակ, իսկ երազները՝ սիրային աղոթք: Հեղինակը ցավը երգում է մի բուռ երկրին սիրելով, սակայն այդ սիրո մասին տողերում չի բարձրաձայնում, այլ մշտապես փնտրտուքի մեջ է: Հայրենիքի ցավն ամոքելու ճանապարհին վիրակապ է դնում հայրենիքի վերքին, բայց չի հասցնում փոխել, որովհետեւ «Կարմիր, կարմիր աշուն է…»:

Իմ հայրենիք,
քո ամեն զինվորի համար
մի բանաստեղծություն ունեմ,
որ թշնամու գնդակը
իմ վրա է առնում…
Այս տողերին հաջորդող բանաստեղծության մեջ հեղինակը ցույց է տալիս, որ այս տողերը գրել է, երբ նոր էր սկսվել պատերազմը, սակայն իր հավաստմամբ՝ հակառակը եղավ եւ փոխվեց ամեն բան.
Քո ամեն զինվորի համար
մի բանաստեղծություն ունեի՝
որպես գնդակ՝
ուղիղ սրտիս մեջ…

Այսքանով չի սահմանափակվում գրքի այս բաժինը, որտեղ հեղինակը հայրենիքի բացարձակ կերպարն է ամբողջացրել՝ լույսի ճանապարհով: Եվ այդ ճանապարհն է, որ կանգառներ չի սիրում, ինչպես Ռուզան Հովասափյանի պոեզիան:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28