Լրահոս
Օրվա լրահոսը

Սոթքում խաղաղության մի տեսակ է մնացել. «Կամ պետք է մենք վերանանք, կամ իրենք»

Հոկտեմբեր 10,2022 15:00 Share

«Չենք ուզում գյուղից ընդմիշտ հեռանալ, բայց մեզ անվտանգություն է պետք». Սոթքում հանդիպած մարդիկ առաջինը սա են ասում, որովհետեւ այս համայնքի կյանքը կտրուկ բեկվել է սեպտեմբերի 13-ից։

Գեղարքունիքի մարզի այս գյուղն Ադրբեջանի հարձակումից ամենատուժած համայնքներից է, որտեղ խաթարված է ամեն ինչ՝ կրթությունից մինչեւ հողագործություն եւ անասնապահություն։ Թշնամու հարձակումից բնակիչների մի մասի տներն ավերվել են, որոշներինը՝ հրդեհվել։ Մարդիկ ստիպված են եղել հարակից համայնքներ տեղափոխվել, կամ տեղափոխել միայն կանանց ու երեխաներին։ Այժմ գյուղը թշնամու ուղիղ նշանառության տակ է։ Տեղացիները ցույց են տալիս հարակից բարձունքներն ու հարց տալիս՝ «ասա, քուր ջան, սենց ո՞նց ապրենք»…եւ հարցը, բնականաբար, մնում է անպատասխան։ «Մենք հլը ոչինչ, բա դու ինչի՞ ես առանց «կասկա-բռոնիկի» եկել»,-հարցնում է մյուսը, ապա խնդրում երեւանաբնակ հայրենակիցներիս փոխանցեմ, որ գան սահման, տեսնեն իրենք ինչ օրի են հասել, եւ թե ով է թուրքը…


Գյուղի երկարամյա բնակիչ Ահարոն Դանիելյանը, որը մեկ տասնամյակից ավելի պայմանագրային զինծառայության փորձ ունի, պատմում է, որ այդ գիշեր իր 10 հոգանոց ընտանիքին կարողացել է մի մեքենայով գյուղից մի կերպ դուրս հանել, հետո ինքը վերադարձել է։

Տան պատերը ճաքել են, մի քանի արկ ընկել է տնամերձ հողամասում. մոտենալ ու լուսանկարել չեմ համարձակվում։ Վնասվել են նաեւ տունն էլեկտրաէներգիայով եւ տաք ջրով ապահովող արեւային պանելներն ու ջրատաքացուցիչները։


«Հինգ անչափահաս ունենք տանը, բոլորը բարեկամների տներում են։ Որ իմանամ՝ ամեն ինչ նորմալ կլինի, կվերադարձնեմ»,-ասում է Ահարոն Դանիելյանը, կինն էլ, ցույց տալով մոտակա բլուրի գագաթը, շտապում է ավելացնել. «Միայն ուզում ենք, որ այ այնտեղի՝ բարձր տեղերի թուրքերը քաշվեն-գնան։ Ինչ որ գցել են վրաներս, այդ արկերը, ամբողջը մեր վրայով էին թռնում, այստեղ կուչ էինք եկել։ Մեզ աստված փրկեց, դա հրաշք էր»։


Ընտանիքն առայժմ ձմեռվա խոտն է պահեստավորում, բայց շեշտում են, որ գյուղի արոտավայրերի մի մասն այլեւս չեն կարողանա օգտագործել, որովհետեւ կրակի տակ է։ Ահարոն Դանիելյանն անկեղծանում է՝ տասնյակ տարիներ չարչարվել են, տուն ու տեղ դրել, հող մշակել, իսկ հիմա չգիտեն ապագան ինչ է լինելու։ Ասում է, որ գյուղում անվնաս տուն գրեթե չի մնացել, որովհետեւ տների մեծամասնությունը հողաշեն է։

Հետո այցելում ենք Հարությունյանների բակ։ Ընտանիքի պապիկը հավաքել էր արկերի բեկորները։ Խոշոր գյուղատնտեսական տեխնիկան վնասվել էր ամբողջությամբ, դարձել անպիտան։ «Տես քանի ծակ կա վրեն, չենք էլ կարող հաշվել»,-ասում էր տատիկը, ամուսինը՝ Սարգիս Հարությունյանն էլ հավելում էր. «Որ ամբողջը երկաթի տեղ հանձնեմ, տակն ի՞նչ կմնա»։ Այս ընտանիքի անասնագոմն ամբողջությամբ քանդվել էր, իսկ տունը՝ մասնակի։ Կատակով ասում էին, որ միայն զուգարանի վրա արկ չի ընկել։ Այս մարդիկ եւս հրաշքով են փրկվել, որովհետեւ գիշերը դուրս վազելուց վայրկյաններ անց արկերն ընկել են տան վրա։ Սարգիս Հարությունյանը թոռներին գրկած վիճակում բեկորային վնասվածքներ է ստացել։ Ցույց է տալիս սեւացած վերքով ձեռքը. փշրված ապակիները վնասել են գլուխը։ Գյուղից դուրս գալիս վնասվել է նաեւ մեքենան։ Ընտանիքի այլ անդամներ, բարեբախտաբար, չեն տուժել, սակայն այս պահին միասին չեն, ամեն մեկը մի բարեկամի տանն է։ Սարգիս Հարությունյանին հարցնում եմ՝ որպեսզի գյուղը շարունակի ապրել ու կենսագործել, ի՞նչ առաջնային պահանջ ու ակնկալիք ունեն։ «Իմ տունը սարքեն տան ինձ։ Ես ստեղ եմ մնում, ոչ մի տեղ չեմ գնում։ Հենա էն փոքր սենյակում տեղաշորս սարքած է»,-պատասխանում է Սարգիս Հարությունյանը՝ մատնացույց անելով կիսափուլ տունը, ապա ինձ ճանապարհելիս էլի շեշտում՝ «ես ստեղից հեռացողը չեմ»։


Սոթքի մեկ այլ բնակիչ Դերենիկ Ոսկանյանն էլ պատմում է՝ Ադրբեջանի հարձակման ժամանակ հրետակոծությունն այնքան ինտենսիվ է եղել, որ չգիտեին՝ ո՞նց ու ո՞ր կողմ գնան, որ փրկվեն. «Սնարյադների ֆսսոցն անընդհատ լսում էինք։ Երեւի աստծո պաշտպանության տակ ընկանք։ Մենակ մի քանի հոգի վիրավորվեցին։ Հրաշք էր, որ ոչ մեկիս բան չեղավ, թեեւ գյուղում շատ բան է վնասվել՝ տեխնիկա, կարտոֆիլի ցանած դաշտերը։ Արդեն պետք է կարտոֆիլը հավաքեինք։ Ձմեռվա պաշարները, անասունները եւս վնասվել են։ Մեկ ամիս հետո այստեղ ձմեռ է լինելու…»։ Հարցնում եմ՝ ձեր պատկերացրած խաղաղությունն ինչպիսի՞ն է։ «Այ այդ խաղաղությանը չեմ հավատում դեռեւս 90-ականներից։ Խաղաղություն մի տեսակի է մնացել. կամ պետք է մենք վերանանք, կամ ադրբեջանցիք»,-պատասխանում է զրուցակիցս։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի հարձակման հետեւանքով սպանվել է 1 քաղաքացիական անձ, վիրավորվել են 4-ը. մեկ քաղաքացու գտնվելու վայրը անհայտ է: Սոթք բնակավայրում վնասվել են վարչական շենքը, դպրոցի պատուհանները եւ տանիքը։ Մասնակի վնասվել են մոտ 120 բնակելի տներ, որոնցից 60-ը՝ ամբողջությամբ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ. Գ. Սոթքի օրինակը հերթական փաստարկն է, որ Ադրբեջանի ագրեսիվ, պատերազմական հանցագործություններով ուղեկցվող գործողություններն ու բացահայտ զավթողական քաղաքականությունը, հայկական կողմի խաղաղ բնակչության իրավունքների խախտումներից, սպանելուց ու ահաբեկելուց բացի, նաեւ նրանց հայրենազրկելու նպատակ ունի։

«Առավոտ» օրաթերթ
08.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31