Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրությունը պետք է հարատև լինի

Մարտ 03,2023 16:34 Share

Ես սովորում եմ Տեխասի «Founders» դասական ակադեմիայի 11-րդ դասարանում: Վերջերս բարոյագիտության առարկայի շրջանակներում ավարտեցինք ուսումնասիրել Արիստոտելի «Նիկոմաքյան բարոյագիտություն» գործը, որում փիլիսոփան նշում է, որ սահմանադրությունը հաճախ փոփոխող հասարակությունը մնայուն սկզբունքներ չունի: Օրեր անց էլ պատմության ուսուցիչս հեգնանքով ասաց, որ 200 տարվա ընթացքում Ֆրանսիան 5 սահմանադրություն է փոխել, Մեքսիկան էլ՝ 4: Այս ամենն ինձ հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը, իր գոյության 30 տարիների ընթացքում, 3 սահմանադրություն է ընդունել, և, հավանաբար, մոտակա տարիներին չորրորդն էլ կընդունի:

Ըստ Արիստոտելի՝ սահմանադրությունը պետք է սկզբունքներ սահմանի հասարակության գործունեության համար, ինչպես նաև հիմքեր ստեղծի, որպեսզի քաղաքացիները կարողանան ապահով ապրել:

Սահմանադրության փոփոխականության մասին զրուցել եմ բարոյագիտության ուսուցչիս՝ Թայլեր Դյուբեքի հետ: Նախկին վանականն ընդգծում է, որ սահմանադրության հաճախակի փոփոխությունը թերարժևորում է սահմանադրության դերը՝ որպես հասարակության բարձրագույն իրավական փաստաթուղթ: «Անընդհատ փոփոխել սահմանադրությունը՝ նշանակում է մայր օրենքը հարմարացնել իշխանությանը: Սա ոչնչացնում է սահմանադրություն ունենալու իրական գաղափարը, որովհետև սահմանադրությունը սկզբունքների մասին է, իսկ սկզբունքները ակնթարթում չեն փոխվում», – շեշտում է պարոն Դյուբեքը:

Նրա միտքը կարելի է ուղիղ կապել հայաստանյան սահմանադրական փոփոխություններին: 2005-ին Ռոբերտ Քոչարյանը հանրաքվեի միջոցով փոփոխեց երկրի մայր օրենքը, որը Եվրոպայում նրան ժողովրդավարության ուղղությամբ շարժվող երկրի ղեկավարի տեսք կտար: 2015-ին Սերժ Սարգսյանը փոփոխեց սահմանադրությունը, որի շնորհիվ նա երրորդ անգամ ընտրվեց Հայաստանի ղեկավար: Դե իսկ 2020-ի չկայացած հանրաքվեով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձեց հեռացնել իր համար Սահմանադրական դատարանի անցանկալի դատավորներին:

Եթե սահմանադրությունը դիտվում է որպես հեշտությամբ փոփոխվող փաստաթուղթ, այն բացարձակապես արժեք չունի:

Սահմանադրական փոփոխությունները կարող են խոսել նաև ներքին անկայունության մասին: Հասարակությունը անվերջ փոխում է իր սահմանադրությունը, երբ տարակարծությունները չափից շատ են, իսկ հանդուրժողականությունը՝ չափից քիչ:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը շարունակում է աշխատել: Շարժվում ենք չորրորդ անգամ սահմանադրություն ընդունելու ուղղությամբ: Կարելի է կրկին փոխել սահմանադրությունը, բայց այս մեկը պետք է հարատև լինի, օրինակ ինչպես ԱՄՆ սահմանադրությունն է: 1789 թվականից ի վեր, ավելացումներ եղել են ԱՄՆ սահմանադրությունում, բայց այն հիմնովին երբեք չի փոխվել:

Իմ կարծիքով, նոր սահմանադրությունը մի քանի հիմնական փոփոխություն պետք է ունենա: Նախ, եթե պահպանում ենք կառավարման խորհրդարանական համակարգը, Ազգային Ժողովի դերը երկրի քաղաքական կյանքում պետք է բազմապատկվի, իսկ Կառավարությունն էլ պետք է գիտակցի, որ ցանկալի արդյունքներ չգրանցելու դեպքում կարող է անվստահության քվեի արժանանալ:

Երկրորդ, սահմանադրությունը պետք է պարզ և մատչելի լինի միջին վիճակագրական հային: Մեր մայր օրենքը շատ բարդ և խճճված դասավորվածություն և բառակապակցություններ ունի: Սահմանադրությունը բոլորինն է, ուստի այն ընկալելի պետք է լինի նաև լեզվի արվեստին լավ չտիրապետող քաղաքացիներին:

Երրորդ, վատ չեր լինի, որ Հանրապետության Նախագահը՝ պետության գլուխը, Անվտանգության խորհրդի մշտական անդամ լիներ: Ի վերջո, Վրաստանում, որտեղ նույնպես խորհրդարանական համակարգն է գործում, զինված ուժերի գերագույն հրամանատարը Նախագահն է:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031