Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը ի՞նչ կապ ունի Պուտինի հետ

Մարտ 28,2023 12:45

ՀՀ կառավարությունը 2023 թ. հունվարի 3-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ 1998թ. հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում եւ Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով: Այս տարվա հունվարի 10-ին, ՍԴ որոշմամբ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ «Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունվել է քննության: Որոշվում է գործի քննությունը սկսել փետրվարի 14-ին, զեկուցող նշանակելով ՍԴ դատավոր Վ.Գրիգորյանին:

Սակայն փետրվարի 10-ին Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ «Ելնելով լրացուցիչ նյութերի ուսումնասիրման անհրաժեշտությունից»՝ որոշում է գործի դատաքննությունը հետաձգել, այն նշանակել մարտի 10-ին:

ՍԴ-ն մարտի 10-ին էլ, «Ելնելով լրացուցիչ նյութերի ուսումնասիրման անհրաժեշտությունից», որոշում է գործի դատաքննությունը հետաձգել, այն նշանակել մարտի 24-ին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մարտի 24-ին, քննելով 1998 թ. հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում եւ Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, ՍԴՈ-1680 որոշմամբ որոշեց, որ դրանցում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Ինչպես միշտ, Սահմանադրական դատարանը քննությունն անցկացրեց գրավոր ընթացակարգով, ինչը հերթական անգամ պատճառ դարձավ զավեշտալի մեկնաբանությունների, մասնավորապես, իբր այս որոշումից հետո կձերբակալվի ՌԴ նախագահը: Սակայն Հայաստանի ՍԴ-ն, ՍԴ որոշումները ի՞նչ կապ ունեն մեկ այլ պետության ղեկավարի հետ, անհասկանալի է, եւ նման մեկնաբանություններ տարածող հանրային իրենց համարող գործիչները դրա պատասխանը չունեին:

Սահմանադրական դատարանն առաջին անգամ տարածած իր իսկ հաղորդագրությունը փոփոխեց, քանի որ այն պաշտոնական հաղորդագրություն համարվելուց հեռու էր: «Առաջինում» գրված էր, որ Կանոնադրությունը համապատասխանել է Սահմանադրությանը. «սակայն եղան ՍԴ դատավորների հատուկ կարծիքներ»: Պաշտոնական երկրորդ խմբագրված տարբերակում հանվեց հատուկ կարծիքների մասին տեղեկությունը, իսկ կայքում դեռ երեկվա դրությամբ չէր տեղադրվել նիստի արձանագրությունը, չնայած ՍԴ-ն խոստացել է. «ՍԴՈ-1680 որոշումն ամբողջությամբ կհրապարակվի օրենքով սահմանված կարգով»:

Հիշեցնեմ, որ Հռոմի կանոնադրությունը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել էր 1999 թ. հոկտեմբերի 1-ին, սակայն վավերացման գործընթացը կանգ էր առել Սահմանադրական դատարանի 2004 թ. օգոստոսի 13-ի ՍԴՈ-502 որոշմամբ, որով Հռոմի կանոնադրության նախաբանի 10-րդ մասով եւ 1-ին հոդվածով ամրագրված՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորության հիմքում ընկած լրացման կամ կոմպլեմենտարության սկզբունքից բխող ՀՀ պարտավորությունները ճանաչվել էին Սահմանադրության (1995 թ. խմբագրությամբ) 91-րդ եւ 92-րդ հոդվածներին (քրեական արդարադատությունը Սահմանադրությամբ նախատեսված դատարանների կողմից իրականացման բացառիկության մասին) չհամապատասխանող: Հիշեցնեմ, որ 2004 թ.-ի գործով զեկուցողն էր ՍԴ դատավոր Կիմ Բալայանը:

Ի դեպ, մարտի 24-ին Սահմանադրական դատարանը հատուկ անդրադարձել է 2004 թ. ՍԴՈ-502 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, իր իսկ պատճառաբանությամբ՝ «հնարավոր անորոշությունը կանխելու նպատակով»:

Սահմանադրական դատարանի որոշմամբ, Կանոնադրության նախաբանի 10-րդ մասում եւ 1-ին հոդվածում ամրագրված պարտավորությունները նույն որոշմամբ բերված պատճառաբանությամբ համապատասխանում են Սահմանադրությանը՝

ա)   հաշվի առնելով Սահմանադրությամբ եւ Հռոմի կանոնադրությամբ հետապնդվող նպատակների եւ դրանց հիմքում ընկած արժեբանության համընկնելը,

բ) նկատի ունենալով, որ Հռոմի կանոնադրության նախաբանի 10-րդ մասով եւ 1-ին հոդվածով նախատեսված եւ 17-րդ հոդվածով մանրամասնված՝ ՄՔԴ իրավազորության հիմքում ընկած լրացման կամ կոմպլեմենտարության սկզբունքի էությունը հարգանքն է Հռոմի կանոնադրության կողմ հանդիսացող պետության քրեական իրավազորության առաջնայնության նկատմամբ, եւ որ այն ծագում է միայն տվյալ պետության քրեական իրավազորության համակարգի՝ իր նպատակը հետապնդելիս ձախողվելու դեպքում:

Միջազգային ՔԴ կողմից դատապարտված անձի ներման կամ համաներման մասով Սահմանադրական դատարանը պարզել է, որ Միջազգային ՔԴ կողմից ազատազրկման դատապարտված անձի պատժի կրման առնչությամբ պետության՝ Հռոմի կանոնադրության 105-րդ հոդվածով նախատեսված պարտավորություններն անմիջականորեն չեն ծագում դրա վավերացմամբ, այլ կողմ հանդիսացող պետությունը «կամընտրաբար» ստանձնում է դրանք որոշակի պայմանների առկայությամբ, որոնք առկա չեն Հայաստանի դեպքում:

Քչերը գիտեն, որ «Տիգրան Մեծ» հրատարակչության կողմից առանձին գրքույկով 2003թ.-ին տպագրվել է Հռոմի կանոնադրությունը՝ ՍԴ նախագահի նախկին տեղակալ, Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության խորհրդի նախագահ Վլադիմիր Հովհաննիսյանի եւ առաջատար մասնագետ, ներկայումս դատավոր Լիաննա Հակոբյանի թարգմանությամբ: Այն հրատարակվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։

Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը ընդունվել է 1998 թ. հուլիսի 17-ին Հռոմում` Միավորված ազգերի կազմակերպության Լիազոր ներկայացուցիչների դիվանագիտական կոնֆերանսում:

Կոնֆերանսին մասնակցած պետություններից 120-ը կողմ են քվեարկել Կանոնադրության ընդունմանը, 7-ը` դեմ (ԱՄՆ, Չինաստան, Իրաք, Յեմեն, Կատար, Լիբիա եւ Իսրայել), 21-ը` ձեռնպահ:

Անդրադառնամ, առհասարակ, Հռոմի կանոնադրության մեզ հետաքրքրող հոդվածներից մի քանիսին: Ըստ Կանոնադրության, դատարանը միջազգային իրավաբանական անձ է: Համաձայն 4-րդ հոդվածի՝ «Դատարանի իրավական կարգավիճակը եւ լիազորությունները», 2-րդ կետի՝ դատարանը կարող է սույն կանոնադրությամբ իր գործառույթներն ու լիազորություններն իրականացնել ցանկացած մասնակից պետության տարածքում կամ հատուկ համաձայնությամբ՝ այլ պետության տարածքում:

Դատարանը կազմված է հետեւյալ մարմիններից.

ա) Նախագահություն,

բ) Վերաքննիչ բաժանմունք, Դատական բաժանմունք,

Մինչդատական վարույթի բաժանմունք,

գ) Դատախազի գրասենյակ,

դ) Քարտուղարություն:

Ողջամիտ դիտորդների կարծիքով, հայերիս ակնկալիքները պայմանավորված են հենց հոդված 5-ով՝ «Դատարանին ընդդատյա հանցագործությունները»:

Դատարանին ընդդատյա են հետեւյալ հանցագործությունները.

ա) ցեղասպանության հանցագործություն.

բ) մարդկության դեմ ուղղված հանցագործություններ.

գ) պատերազմական հանցագործություններ.

դ) ագրեսիայի հանցագործություն:

Այսինքն, թե մենք կարող ենք դիմել միջազգային դատարան, Ադրբեջանի, հարեւան պետությունների կողմից մեր նկատմամբ կատարվող ագրեսիայի, ցեղասպանության, այլ հանցագործությունների համար: Իրականում, Հաագայի մեկ այլ դատարան մեկ ամիս առաջ Լաչինի միջանցքի հետ կապված ընդունեց որոշում, որը մինչ օրս կատարված չէ (ի դեպ, դատարանին ընդդատյա են միայն սույն Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո կատարված հանցագործությունները-Ռ.Մ.):

Հոդված 11-ի 2-րդ կետի համաձայն. «Եթե որեւէ պետություն սույն Կանոնադրության մասնակից է դառնում նրա ուժի մեջ մտնելուց հետո, ապա դատարանն իր իրավազորությունը կարող է իրականացնել միայն այն հանցագործությունների նկատմամբ, որոնք կատարվել են այդ պետության համար սույն Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո, եթե այդ պետությունը 12 հոդվածի 3 կետի համաձայն հայտարարություն չի արել»:

Դատարանին ընդդատյա հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում (29 հոդվածի համաձայն): ՀՀ քրեական օրենսգրքի 75 հոդվածի համաձայն` վաղեմության ժամկետ չի կիրառվում խաղաղության եւ մարդկության դեմ ուղղված` ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ: Վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե դրանցում սահմանված է վաղեմության ժամկետ կիրառելու արգելք…

Անշուշտ, ձեզ, նաեւ ինձ հետաքրքրում է, թե արդյոք Հռոմի կանոնադրությամբ սահմանվա՞ծ է որոշման վերահսկման, որոշման չկատարման դեպքերում գործնական մեխանիզմներ: Միջազգային իրավունքի մասնագետների մի քանիսի դիտարկումներին ծանոթանալով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Միջազգային քրեական դատարանի փոխհարաբերությունների համատեքստում, ագրեսիայի կամ պատերազմական հանցագործության դեպքում առաջանում է անորոշություն: Դատախազը «մեղադրանքի» հիմքում իր տրամադրության տակ պետք է ունենա ԱԽ որոշումը՝ ագրեսիայի ակտի առկայության վերաբերյալ: ՄԱԿ-ի քարտուղարին տեղեկացնելուց հետո վեց ամսվա ընթացքում ԱԽ-ն, եթե որոշում չկայացնի, ապա դատախազը կարող է հետաքննություն սկսել՝ ստանալով միջազգային դատարանի Մինչդատական վարույթի պալատի թույլտվությունը…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031