Հարցը առաջարկվեց թողնել քննարկման մակարդակում, մի քանի պատճառով՝ նախ այժմ նման գլոբալ փոփոխությունների ռեսուրս չունենք, երկրորդ՝ առաջիկա մի քանի տարիներին Սահմանադրությունը դժվար թե փոխվի:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի եւ մասնագիտական հանձնաժողովի համատեղ նիստում այսօր քննարկվեց Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների միավորման հարցը՝ մեկ՝ Գերագույն դատարանի ինստիտուտում:
Մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը հարցը ներկայացնելով նկատեց՝ հիմնական խնդիրն այն է, որ ՍԴ-ի իրավական դիրքորոշումները երբեմն անտեսվում են այլ դատարանների կողմից, ինչի մասին ՍԴ-ից էլ են քանիցս խոսել: Ըստ բանախոսի, որպես կանոն առաջին ատյանի դատարանները սահմանադրականության առումով հակված չեն ՍԴ դիմելու եւ արդյունքում որոշակի սահմանադրական նիհիլիզմ է առաջանում: Դավիթ Հակոբյանը կարծում է նաեւ, որ այդ երկու դատարանների միավորման արդյունքում չենք ունենա մեկ էլիտար դատարան՝ ՍԴ, համակարգն էլ, էլ ավելի կուժեղանա:
Նախկինում որոշվել էր, որ միավորված կառույցում նաեւ Սահմանադրական պալատ է գործելու: Այժմ, կարծում են, որ դա անհրաժեշտ չէ, միավորված դատարանը ունիվերսալ պետք է լինի: Մինչեւ 2008 թվականի փոփոխությունները նման փորձ ունեցել ենք եւ Վճռաբեկ դատարանը ունիվերսալ մեթոդով է քննել հարցերը, 2008-ի փոփոխություններից հետո է որոշվել գնալ մասնագիտացված դատարանների: Միավորված ատյանի դատարանում նշանակման կարգը կմնա նույնը՝ տարբեր մարմիններ կառաջադրեն, ԱԺ-ն կընդունի, որպեսզի ապահովվի եւ կարիերային դատավորների եւ նշանակովի դատավորների ներկայությունը:
Կարդացեք նաև
Մասնագիտական հանձնաժողովի անդամ Արմեն Մազմանյանն, ով 2020 թվականին եղել է նախագծի համահեղինակ, այսօր կարծում է, որ Սահմանադրության մեջ այլ օրախնդիր հարցեր կան լուծելու, մասնավորաբար, իշխանությունների տարանջատման սկզբունքների առումով, իսկ այս հարցը Սահմանադրության առումով կենսական նշանակություն չունի: Բայց, կարծում է, որ այն կարող է դառնալ դատական համակարգի փոփոխությունների էական սկիզբ:
Խորհրդի անդամ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց՝ որ երկրներն են անցել այս համակարգին, որոնք են անցել եւ հետ շրջվել: Նաեւ հարցրեց՝ Վճռաբեկ դատարանում ունեք 27 դատավոր, 9-ը՝ ՍԴ-ում, իրավական ինժիներիայի տեսանկյունից ինչպե՞ս է միավորումը պատկերացնում՝ 36 հոգանոց դատարա՞ն, թե՞ մի մասին կրճատում ենք:
Դավիթ Հակոբյանը պատասխանեց, որ ինքը միավորմանն ի սկզբանե դեմ է եղել՝ տարբեր պատճառներով, այդ թվում նաեւ, որ ԱԺ-ում չունենք վերին եւ ստորին պալատներ: Բայց եթե միավորումը լինում է ունիվերսալ դատարանի սկզբունքով, ոչ թե առանձին պալատների, ինքը կողմ է: Համակարգին անցում եղել է Ղրղըզստանում եւ հետվերադարձ է արել: Հակոբյանը ձախողումը պայմանավորում է նրանով, որ պալատի տեսքով էր ստեղծվել միավորված դատարանը: Մեր տարբերակում պալատների ստեղծման մասին չէ խոսքը, այլ վերին ատյանում ունիվերսալ դատարանի ստեղծման, ինչը կառաջացնի նաեւ կրճատումներ ու կբերի միջոցների խնայողության: Դավիթ Հակոբյանը հավելեց նաեւ, որ փաստաբանական հանրույթն է կողմ արտահայտվում միավորմանը:
Վլադիմիր Վարդանյանը տարակուսեց՝ փաստաբանների մեծ մասը գոհ չէ, որ հակակոռուպցիոն պալատ կա. ի՞նչ ենք անելու, լուծարելու ե՞նք պալատը:
Միավորմանը դեմ է նաեւ խորհրդում ԲԴԽ ներկայացուցիչ Վիգեն Քոչարյանը, քանի որ արդյունավետ չի համարում ունիվերսալ աշխատանքի սկզբունքը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանն էլ չի կարծում, որ առանց հանրային քննարկումների, այս կազմով պետք է որոշեն նման կարեւոր փոփոխության հարցը: Խորհրդի անդամ Արթուր Սաքունցն էլ կողմ է դատարանների միավորմանը, բայց կարեւորում է հարցի պատասխանը՝ ի՞նչ ենք կորցնում համակարգի փոփոխության ժամանակ եւ ի՞նչ ենք շահում, իրավունքի պաշտպանության տեսանկյունից:
Արմեն Մազմանյանը պատասխանեց՝ այս քայլով դատական համակարգն ավելի ուժեղ կլինի, ինչն այս փուլում բխում է երկրի եւ ժողովրդավարության շահերից:
Արմեն Մազմանյանը կարծում է, որ դատարանների անկախության վրա այս համակարգին անցումը պետք է դրական ազդեցություն ունենա, քանի որ դատական համակարգը չի երկփեղկվի եւ կուժեղանա: Խորհրդի համակարգող, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տարակուսեց՝ միգուցե դատական համակարգում բախումն ավելի մեծ լինի միավորման դեպքում, երբ ունենանք ստորադաս եւ վերադաս դատարաններ, քան համարժեք հարթության մեջ գտնվող դատարանների պարագայում էր: Ուղղահայացի պարագայում, Արմեն Մազմանյանը բախում չի պատկերացնում, իսկ եթե ունենք երկփեղկված, նույն հարթության վրա երկու բարձր դատարան, բախման հավանականությունն ավելի մեծ է: «Մոնստր դատարան» ունենալուց, նա կոչ է անում չվախենալ, քանի որ համակարգն այդպիսով ավելի կուռ է լինում: Բացի այդ, համոզված է, որ այս համակարգը կնպաստի դատական ընդհանուր համակարգի սահմանադրականացվածությանը: Դատական համակարգում անցումային արդարադատությունից դասական արդարադատության անցումը, ըստ Արմեն Մազմանյանի, ինչ-որ մի պահի պետք է ազդարարենք եւ այս անցումը կարող է լինել հենց այս միավորումը:
Հարցը առաջարկվեց թողնել քննարկման մակարդակում, մի քանի պատճառով՝ նախ այժմ նման գլոբալ փոփոխությունների ռեսուրս չունենք, երկրորդ՝ առաջիկա մի քանի տարիներին Սահմանադրությունը դժվար թե փոխվի:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































