Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական թիմը վնասում է պետության իրավական թիմին. Սիրանուշ Սահակյան. «168 ժամ»

Դեկտեմբեր 07,2023 10:55

«Բռնի անհետացածների ճակատագրերի վերհանման գործում երկու դերակատար կա՝ քննչական մարմիններն ու ՀՀ քաղաքական ղեկավարությունը, որը ջանքեր պետք է գործադրի՝ հասկանալու համար՝ ինչ պատճառով Ադրբեջանը չի հաստատում ապացույցների վրա հիմնված գերեվարման դեպքերը: Քննչական մարմինների աշխատանքը պետք է ապահովեր բանակցությունների արդյունավետությունը, եթե նրանք քաղաքական գործիչներին զինեն ապացուցողական տվյալներով»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, իրավապաշտպան, փաստաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ անհետ կորածների առումով մեծ խառնաշփոթ կա:

Նրա խոսքով՝ թվերի մեջ իրարամերժություն կա, մեթոդաբանությունը հստակ չէ, անհամապատասխանություն կա Կարմիր խաչի հրապարակած տվյալների և պետական տարաբնույթ մարմինների թվերի միջև:

Հարցին՝ հնարավո՞ր է Ադրբեջանի կողմից չընդունված 80 գերիների մեջ լինեն նաև անհետ կորածներ, ՄԻԵԴում հայ գերիների ներկայացուցիչն ասաց՝ 80 թվի մեջ իրենք չեն ներառել անհետ կորածներին:

«80 դեպքերի պարագայում մենք ունենք հստակ ապացույցներ, որ նրանք ողջ գերեվարվել են: Պարզապես այս 80-ը 55-ից տարբերվում է նրանով, որ 55-ի գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է, ընդունում է նրանց ողջ լինելն ու իրենց հսկողության տակ գտնվելը: Իսկ 80-ի պարագայում Ադրբեջանը հերքում է իր մասնակցությամբ գերեվարման փաստը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով՝ եթե գերեվարման վաղ փուլում նրանց ողջ լինելու հավանականությունը մեծ է, ապա հիմա արդեն այս անձանց վերաբերյալ տեղեկատվության ամբողջական բացահայտումն արդեն իսկ բարձր հավանականությամբ կարող է վկայել նրանց սպանված լինելու մասին:

«Որևէ թափանցիկություն չկա, թե քաղաքական գործընթացներում գերիների, բռնի անհետացածների հարցն ինչպես է արծարծվում: Դրա արդյունքում ծնողների մոտ անվստահություն է առաջանում պետական մարմինների նկատմամբ: Այդ պատճառով էլ շատերը հրաժարվում են վերցնել իրենց զավակների մասունքները, չեն վստահում ԴՆԹ հետազոտություններին ու իրենց հարազատներին փնտրում են ողջերի մեջ: Ես չեմ բացառում, որ քաղաքական բանակցություններում այդ հարցերը քննարկվել են, և իշխանությունները ստացել են չգոհացնող պատասխան ու չեն կարողանում ազնիվ գտնվել սեփական ժողովրդի հետ և հայտնել ճշմարտությունը, քանի որ այն ևս կարող է ծնել հավելյալ դժգոհություններ»,- ասաց իրավապաշտպանը:

Հարցին՝ ո՞րն է այդ ճշմարտությունը, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց՝ չեմ բացառում, որ ճշմարտությունն այն է, որ չհաստատված գերիների մի մասը սպանվել է, և Ադրբեջանի մերժման դրդապատճառը ոչ թե քաղաքական է, այլ օբյեկտիվ, որովհետև օբյեկտիվորեն հնարավոր է, որ այդ մարդիկ օբյեկտիվորեն գոյություն չունեն:

Հարցին՝ ինչո՞ւ քաղաքական բանակցությունների սեղանին իշխանությունը չի դնում կոնկրետ, այդ թվում՝ գերիների վերադարձի ու չհաստատված գերիների փաստի ընդունման հարցեր, իրավապաշտպանն ասաց՝ պատճառները դարձյալ քաղաքական են:

«Որքան էլ բարձրաձայնեն, որ Հայաստանը գերանկախ է ու չի ենթարկվում արտաքին ազդեցությունների, մենք հասկանում ենք, որ Հայաստանի իշխանությունները կոնկրետ պատվերներ են ստանում արտաքին ուժերից և որոշումների կայացման գործընթացում անկախություն չունեն: Ուժի սպառնալիքի ներքո ևս Հայաստանի իշխանություններին որոշումներ են հարկադրվում»,- ասաց ՄԻԵԴում հայ գերիների ներկայացուցիչը՝ հավելելով, որ այդ ուժերը կարող են լինել ինչպես արևմտյան, ռուսական, այնպես էլ՝ թուրքադրբեջանական:

Սիրանուշ Սահակյանն ասաց նաև՝ մի բան է, երբ քաղաքական իշխանությունը պարզապես օգնության ձեռք չի մեկնում, պասիվ չաջակցող է և բոլորովին այլ մարտահրավեր է, երբ քաղաքական ուժն իրավունքին հակադիր քաղաքական գործելակերպ է որդեգրում և վտանգում է իրավական գործընթացները:

«Երբ քաղաքական իշխանությունն ակտիվություն է ցուցաբերում, որով վնասում է Հայաստանի հայցերի ճակատագիրը միջազգային դատական գործընթացներում, շատ վտանգավոր եմ համարում և ուղղակի հույս ունեմ, որ դիտավորյալ չէ, և անձանց կոմպետենտությունը, գիտելիքների պակասը, միգուցե անձնային հատկանիշների խեղումներն են հանգեցնում հակահայկական քաղաքական դիրքորոշումների արտահայտմանը: Այս տեսանկյունից առավել խոցելի վիճակում է գտնվում պետության իրավական թիմը: Մենք՝ փաստաբաններս, այս առումով ավելի ապահովագրված ենք: Քաղաքական թիմը վնասում է պետության իրավական թիմին»,- ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչը:

Գոհար ՍԱՎԶՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031