Եվ այսպես. Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքն իր համար «ռազմավարական որոշում է կայացրել, որ ինքը չի հանձնվելու»: Հայտարարության ենթատեքստը, եթե այն կարելի է ենթատեքստ համարել, չափազանց թափանցիկ է: Գործնականում Փաշինյանը հայտարարեց, որ երբե՛ք, ո՛չ մի պարագայում ինքնակա՛մ իշխանությունից չի հեռանալու: Ինչ ուզում եք՝ արեք, չի՛ հեռանալու, և վերջ: Թեկուզ՝ մինչև Հայաստանի Հանրապետության վերջը:
Ըստ որում, Փաշինյանը կուսակիցների հետ նույն հանդիպման ժամանակ արած այդ հայտարարության ընթացքում նաև նկատում է. «Պետք ա նայել էն տարբերակը, որ կարող ա երկրի շահից բխո՞ւմ ա, որ ես կամ մենք հանձնվենք, թողենք էս ճանապարհը: Էդ էլ ա պետք դիտարկել: Բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ՝ ոչ: Այ, դա կլինի իսկական դավաճանություն»:
…Նիկոլ Փաշինյանը որոշել է չհանձնվել կամ չհեռանալ իշխանությունից, որ ի՞նչ անի:
Տրամաբանորեն, պետք է ենթադրել՝ որոշել է չհեռանալ, որ շարունակի անել այն, ինչ անում է: Իսկ ի՞նչ է նա անում: Միակ բանը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ահա, արդեն տևական ժամանակ, այն է, որ խարխլում է Հայաստանի առանց այդ էլ թուլացրած պաշտպանական հնարավորությունները՝ թշնամական, ադրբեջանաթուրքական ակնհայտ դրսևորվող ագրեսիայի պայմաններում, քարոզում է Հայաստանի տարածքները հանձնել թշնամուն, ահաբեկում է ՀՀ քաղաքացիներին պատերազմով: Կարելի է ասել՝ պատերազմի սպառնալիքով փորձում է մարդկանց համոզել, որ համաձայնեն ցեղասպանական ոճրագործ թշնամուն հանձնել իրենց կենսատարածքը, պապենական հողերը, ամեն ինչ: Ստացվում է, որ Փաշինյանը որոշել է չհանձնվել, որպեսզի… շարունակի հանձնել:
Կարդացեք նաև
Այսինքն՝ չի հանձնելու իշխանությունը, որպեսզի շարունակի թշնամուն հանձնել Հայաստանի տարածքները, գյուղերը և այդպես շարունակ: Ինչպես արեց Արցախի պարագայում: Ըստ էության, նրա այդ հայտարարությունը չհանձնվելով… հանձնելու «նուրբ արվեստի» փաթեթավորումն է:
… Հիմա դավաճանության հիշատակման մասին: Ըստ Փաշինյանի, իր կողմից իշխանությունը թողնելը նույնն է, թե դավաճանության դիմի: Այսինքն, նրա ընկալմամբ, դա դավաճանություն կլինի: Հարց է ծագում՝ դավաճանություն ո՞ւմ հանդեպ: Հաստատ՝ ոչ Հայաստանի ու հայության, որովհետև նրա պաշտոնավարումն ուղղակիորեն հակասում է, եթե չասենք՝ ոտնահարում է Հայաստանի ու հայության կենսական շահերը: Գուցե 2021-ին իրեն «ձայն տված» մարդկանց հանդե՞պ:
Հազիվ թե, որովհետև նրանք քվեարկել են (եթե քվեարկել են) մի Փաշինյանի օգտին, որը խոստանում էր Շուշիի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշում, խաղաղություն: Նրանք չեն քվեարկել Տավուշի օկուպացիա, Արցախի ուրացում, պատերազմ բերող Փաշինյանի օգտին: Հնարավոր է՝ իր պատկերացմամբ, դա դավաճանություն կլինի քպականների հանդեպ: Սա ամենահավանական տարբերակն է, հատկապես, որ նա դա ասել է հենց իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ: Բայց այս դեպքում էլ՝ հեռանալով՝ Փաշինյանը նրանց հասարակության մեջ վերադառնալու շանս կտա, իսկ իշխանությունից կառչած մնալով՝ ընդամենը կդարձնի գործակից, որոնք չունեն հետդարձի ճամփա:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

















































