Լրահոս
Օրվա լրահոսը

Խմբագիր բառի փոխարեն՝ ընթերցող

Սեպտեմբեր 09,2024 12:00 Share

Հարցազրույց արձակագիր Արամ Պաչյանի հետ՝ Ռուբեն Ֆիլյանի «Անծանոթ ինքնակենսագրություն» գրքի վերահրատարակման առիթով:

– Հարգարժան Արամ, դուք այն մարդն եք, ով հայտնաբերեց ու ընթերցողին ներկայացրեց մոռացված գրող Ռուբեն Ֆիլյանին։ Ինչո՞ւ եք կարեւորում, որ այսօր եւ հատկապես երիտասարդները կարդան այս հեղինակին։

– Եկեք այս հարցը մեկընդմիշտ փակենք: Ամենեւին ես չեմ հայտնաբերել Ռուբեն Ֆիլյանի արձակը, ես չեմ ընթերցողներին ներկայացրել նրա գործերը: Ֆիլյանի գրաշխարհի, նաեւ Ֆիլյան-մարդու մասին գրել են՝ Արմեն Շեկոյանը, Հովհաննես Գրիգորյանը, Անի Փաշայանը, Էդվարդ Միլիտոնյանը եւ ուրիշներ: Տարիներ առաջ նրա պատմվածքներից մեկը հրապարակել է Վարդան Ֆերեշեթյանը: Ռ. Ֆիլյանը գուցե չընթերցված գրող է, ինչպես՝ Աբովյանը, Չարենցը, Հակոբ Օշականը, բայց ոչ մոռացված: Ես ուղղակի ընթերցող եմ եւ Ֆիլյանի ստեղծագործությունները ընթերցելու փորձ եմ արել ու դրանով ջանացել եմ կիսվել այլ ընթերցողների հետ:

Ջահել-ահել ընթերցող… չգիտեմ: Իսկ Ռուբենի տեքստերի կարեւորության շուրջ արդեն խոսել եմ ու գրել դրա մասին: Իրականում` ոչ թե ընթերցողը, այլ ընթերցանությունն է որոշում գրքի կարեւորության պարագան. ընթերցողը պարզապես ընթերցանության հայացքն է, հաճախ գերագնահատված հայացքը: Ընթերցողները գալիս-անցնում են, ընթերցանությունը՝ մշտաբնակ է:

– 2022 թվականին վերահրատարակվեց Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» վեպը, առաջին անգամ ամբողջական տարբերակով, իսկ օրերս վերահրատարակվեց նաեւ «Անծանոթ ինքնակենսագրություն» պատմվածքների ժողովածուն։ Երկու գրքերն էլ դուք եք խմբագրել։ Ի՞նչ է նշանակում խմբագրել մի հեղինակի տեքստ, ով ողջ չէ։

– Խմբագիր բառի փոխարեն կգործածեի՝ ընթերցող բառը: Ռուբեն Ֆիլյանն անավարտ, թերակերտ գործեր չի թողել: Անհրաժեշտ էր որոշակի աշխատանք, որի բնույթն էր՝ գործերի պահպանված սկզբնագրերը, գրքային տարբերակները բաղդատելը, վրիպակները ուղղելը, անճշտությունները վերացնելը: Սրանում մեծ օգնություն է ցուցաբերել Ռուբեն Ֆիլյանի քույրը՝ թարգմանիչ Ջեննի Ֆիլյանը:

– Ո՞րն է հեղինակի այն յուրահատուկ ոճը, որն այդքան գնահատում եք։ Մի խոսքով, ինչո՞ւ կարդալ Ֆիլյան:

– Մակդիրներով ու բնորոշումներով չշարժվեմ: «Լույսը շարունակվում է» իմ էսսեում ուժերիս ներածին չափով ասել եմ հնարավորը:

Հատվածներ այդ հոդվածից։

«Անծանոթ ինքնակենսագրությունում» կարծես մեզ հնածանոթ անսովորի մեջ ենք, որին հեքիաթ էինք կոչում – ուր հեքիաթ չեն պատմում նրա համար, որ հեքիաթ է, պատմում են, որ վստահ լինենք՝ հեքիաթ է. որպեսզի երբեւէ չմոռանանք, որ դա այնքան էլ այդպես չէ: Մանկությանը հրաժեշտ տալուց հետո՝ հեքիաթների վերընթերցումը հեռավորությունից սարսափելի մոտիկ մի վայրում մանկության պարահանդեսին շտապող թրմուկն է. հրաշագործության սրվակը – ցավոտ ու աննման այն հիշեցումը, որ հեքիաթից ենք եկել եւ վերադառնալ չենք կարող: Ուստի մեզ այլ բան չի մնում, քան հեքիաթանալը:

Գլխիվայր շրջած առականման պատումներով, հիմնականում անանուն հերոսների՝ ինքնահատուկ խոհ ու վարքով – այնտեղ՝ ֆարսերի, ռիթմային անսպասելությունների, անակնկալ մի տեսակ խուսափուկ, կես ճամփին իրենք իրենցից հրաժարվող աբսուրդների, հումորեսկային, ժպիտ սահեցնող առածների, պայմանական գիտակցության, պայմանական իրականության, պայմանական հորինվածքի խիստ անպայման աշխարհում: Իսկ ավելի ուշ կբացահայտես, որ ֆիլյանական անտառում քեզ ծանոթ երթուդարձի արահետները լոկ սկսվում են։

– Ունե՞ք մոռացված կամ ձեր բնորոշմամբ՝ չընթերցված մեր հեղինակներին վերահրատարակելու այլ նախագծեր։

– Վաղեմի երազանքս` Աբիգ Ավագյանն է, նրա աննման «Հարավային տենդ» պատմվածքաշարի վերահրատարակությունը, որը շուտով կյանքի կկոչվի: Գիրքը պատրաստել եմ հրատարակության: Արդեն աշխատում ենք հրատարակչի հետ: Նաեւ Ավետիք Դարբինյանի «Կետի շատրվանը» վեպի վերահրատարակությունը՝ առանձին գրքով, որն ասես ռոբինզոնադայի, մի տեսակ շրջված Մոբի Դիկի, Հովնան Մարգարեի, ու նեո-ֆրեյդիզմի ուշագրավ մեկնություն լինի. իր նրբին, տեղ-տեղ սեւին խփող հումորով:

Կուզեի վերահրատարակել Ավետիս Ահարոնյանի ուղեգրությունները` պատշաճ ծանոթագրություններով, ներդիր լուսանկարներով ու պատկերներով, նաեւ Վալտեր Արամյանի «Կոլիմա» աքսորական վեպը եւ Հին Երեւանին վերաբերող հուշապահ պատմվածքները: Նաեւ լույս ընծայել ստալինյան ռեպրեսիաներին զոհ դարձած արձակագիր, թարգմանիչ, գրական գործիչ՝ Կարեն Միքայելյանի «Երբ ես խելագար էի» քաղաքական հալածանքներին նվիրված անտիպ վեպը:

Ծրագրերը քիչ չեն, մինչդեռ…

Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Հ.Գ. Ռուբեն Ֆիլյանի «Անծանոթ ինքնակենսագրություն» գիրքը վերահրատարակել է «ԱՐԻ» գրականության հիմնադրամը

«Առավոտ» օրաթերթ
07.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30