Հինգ անչափահաս երեխաների մայր, արցախցի Սուսաննա Ջիվանյանին ՀՀ քաղաքացիություն չեն տալիս՝ իր ծնողների ամուսնության վկայականի մի փոքր հատված պատռված լինելու պատճառով։
«Իմ ծնողների ամուսնությունը Գրոզնիի ՔԿԱԳ սպասարկման կենտրոնում է գրանցվել, իսկ այդ կենտրոնը հրդեհվել է։ Հունիսից դիմել ենք, որ փաստաթղթի կրկնօրինակը տրամադրեն, բայց դեռ պատասխան չկա։ Ես էլ այդ փաստաթղթի պատճառով չեմ կարողանում ՀՀ քաղաքացիություն ստանամ, որ կարողանամ բնակարանային աջակցության ծրագրից օգտվեմ։ Անձնագրային և վիզաների վարչությունից ասում են, թե իմ անձնագիրն ու ծնողներիս անձնագրերը բավարար չեն, պետք է նրանց ամուսնության վկայականն էլ լինի, իսկ նոտարը պատռված փաստաթուղթը չի հաստատում»,-ասաց Սուսաննա Ջիվանյանը։
Սուսաննան՝ ամուսնու, 5 երեխաների ու ամուսնու ծնողների հետ Հայաստան է եկել Արցախի Մարտունու շրջանից՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմից հետո, երբ արցախահայերը Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկվեցին։ Նրա խոսքով՝ ամուսնու հայրը ևս չի կարողանում ՀՀ քաղաքացիություն ստանալ, քանի որ անձնագրային և վիզաների վարչությունից փոխանցել են, որ թեպետ անձնագիրը կա, բայց ծննդյան վկայականը չկա։
«Հիմա 9 հոգով Արմավիրի մարզի Արագած գյուղում ենք բնակվում՝ վարձով տանը։ Շատ դժվար է վարձով տուն գտնելը, երբ իմանում են, որ երեխաներ կան ընտանիքում՝ չեն համաձայնում տուն տալ։ Մեր վարձակալած տունն էլ, թեպետ պայմաններով հարմար է, բայց տանտերն ուզում է վաճառել, եթե մենք բոլորս 3 մլն դրամն ստանանք, կարծում եմ, կկարողանանք այս գյուղում տուն գնել»,-ասում է Սուսաննան ու ընդգծում, որ երեխաները հարմարվել են Արագած գյուղում բնակվելուն, Արցախից էլ շատ ընտանիքներ կան այդտեղ։
Կարդացեք նաև
Նշենք, որ բռնի տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին շահառուները երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներն են, որոնք ՀՀ կառավարությունից պետք է ստանան մեկ անձի հաշվով 3 մլն դրամ, եթե ստացել են ՀՀ քաղաքացիություն։
Սուսաննա Ջիվանյանը, խոսելով ՀՀ կառավարության կողմից Արցախից բռնագաղթածներին տրվող ֆինանսական աջակցությունից, նշեց, որ 50000-ական դրամներն էլ ժամանակին չեն ստանում․ «Նախորդ տարի միայն նոյեմբեր ամսին ենք ստացել, Իսկ այս տարվա հունվարից էլ երկու տղաներիս համար միայն ապրիլ ամսվան են տվել։ Դիմել ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ինչպես նաև փաստաբանների, ասում են՝ կստանաք, բայց մինչ օրս չեն փոխանցել։ Երկու երեխաներիս 40000+10000 դրամներն էլ տևական ժամանակ է չեն փոխանցվում»։
Արցախցի բազմազավակ մայրը, համեմատելով Արցախի ու Հայաստանի իր կյանքը, ընդգծեց, որ Արցախում բազմազավակների համար ավելի հեշտ էր ապրելը՝ միջավայրն էր նպաստում դրան, ինչպես նաև բազմազավակության նպաստ էին ստանում, չնայած աշխատանք ու հարմարավետ տուն ունեին․ «Հայի ընտանիքում ցանկալի կլինի առնվազն 4 երեխա լինի, որ հայ ազգը շատանա, բայց դրա համար էլ ամուսիններին նաև խրախուսել է պետք։ Ինձ համար ընդունելի չէ հղիության արհեստական ընդհատումը, բայց երբ զույգերը դժվար պայմաններում են ապրում, մտածում ես, որ դա իրենց որոշումն է։ Օրինակ՝ Հայաստանում բազմազավակության նպաստ չկա, դիմել եմ Փարոս, ասել եմ՝ բազմազավակ եմ, ասացին՝ կապ չունի, որ բազմազավակ ես, պետք է գույք չլինի ձեր վրա գրանցված, իսկ մենք ավտոմեքենա ունենք, որը մնացել է Արցախում, հիմա պետք է դա հանենք գրանցումից, որ փորձենք օգտվել Փարոսից։ Իսկ Արցախում թեթև էր կյանքը, չէիր զգում, որ 5 երեխա ես մեծացնում։ Նույնիսկ ամուսիններով չենք էլ քննարկել քիչ երեխաներ ունենալու հարցը։»։
Հիմա Սուսաննայի հինգ երեխաներն էլ դպրոցական են՝ մեծը 15 տարեկան է, փոքրը՝ 8 տարեկան, և ծախսերն օր օրի մեծանում են։
Նշենք, որ ՀՀ կառավարության կողմից սահմանված են մի շարք դրամական աջակցություններ՝ խթանելու ծնելիությունը, սակայն դրանք նախատեսված են կամ միանվագ աջակցության տեսքով կամ մինչև երեխայի դպրոցական դառնալը։ Օրինակ՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 300,000 դրամ է, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1,000,000 դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված՝ 1,500,000 դրամ։ 2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաների դեպքում տրամադրվում է ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։
Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


















































