Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցությունների և ժողովրդի նպատակը չի համընկնում․ օգնեց հասկանալ դաշնակցական Էդուարդ Հովհաննիսյանը

Հոկտեմբեր 10,2024 16:51 Share

Լսած կլինեք էսպիսի արտահայտություն՝ մեր ռեսուրսները տանք իրանց, իրենք գան իշխանությա՞ն, չի կարա տենց լինի։

Ի՞նչ կարելի է հասկանալ այս արտահայտությունից։

Կարելի է հասկանալ, որ այս արտահայտություն անողը ձգտում է իշխանության։

Էլ ի՞նչ կարելի է հասկանալ։

Կարելի է հասկանալ, որ կա մեկ ուրիշը, որը նույնպես ձգտում է իշխանության։

Էլ ի՞նչ։

Որ կա ինչ-որ ռեսուրս և այդ ռեսուրսը իշխանության հասնելու միջոցն է, իսկ իշխանության հասնելը՝ նպատակը։

Է՞լ։

Որ երկու կողմի համար էլ գերնպատակը իշխանությունն է։ Մեկն ուզում է ուրիշի ռեսուրսը իշխանության գալու համար, մյուսը՝ վախվորում է իր ռեսուրսն ուրիշին տալուց, որ հանկարծ նա իշխանության չգա իր փոխարեն։

Սա կուսակցական նպատակ է։ Կուսակցությունները ձգտում են իշխանության, կուսակցության անդամները ձևավորվում ու ապրում են այդ հույզերով։

Իսկ ո՞րն է ժողովրդի նպատակը։

Որպես ժողովրդի անդամ ես կասեմ՝ 2020-2023թթ․ իմ նպատակն էր, որ Արցախը չօկուպացվի, արցախցիները չկորցնեն իրենց տները, և ալիքը չհասնի նաև Հայաստանի մյուս տարածքներ։ Ժողովրդի մեջ, բացի ինձնից կա՞ն այլ մարդիկ, որոնք նույն նպատակն ունեին։

Կարծում եմ՝ կան։

Հետևաբար, այս հոդվածում մենք կկոչենք ժողովուրդ մարդկանց այն խմբին, որոնք նպատակ ունեին և ունեն, որ Արցախն ու Հայաստանը չընկնի։ Ուրեմն, ժողովուրդը նպատակասլաց համակարգ է, որի յուրաքանչյուր բաղադրիչ գործում է միևնույն նպատակի համար։

Նպատակասլաց համակարգը հասկանալու համար դաշնակցական Էդուարդ Հովհաննիսյանը օրինակ է բերում մետաղներ շիկացնելու համար նախատեսված վառարանը՝ հնոցը։

Այսպես՝

եթե հնոցի ջերմաստիճանը շեղվում է անհրաժեշտ, օրինակ, 1000 աստիճանից, ջերմաչափը նկատում է այդ շեղումը և ազդանշան է ուղարկում վառելանյութի փական։ Եթե ջերմաստիճանը 1000-ից բարձր է, ապա փականը պակասեցնում է վառելանյութի հոսքը, եթե ցածր է, ապա ավելացնում է:

Ուրեմն, մեր սահմանած ժողովրդի համակարգում յուրաքանչյուրը գործում է Արցախի պաշտպանության համար։ Կա՞ այս համակարգում ավելի բարձր նպատակ։ Գուցե իշխանությու՞նը։ Կարծես, թե ոչ, որովհետև ժողովուրդն իշխանություն ընտրում է իր նպատակների իրականացման համար, բայց չի զբաղեցնում և վայելում իշխանական պաշտոնները։

Հետևում է, որ ժողովրդի համակարգում Արցախի պահպանումը գերնպատակն է, որի մեջ կան ենթանպատակներ։ Օրինակ, ենթանպատակ է օգնելը, որ իշխանության գան կուսակցությունները, որոնք կզբաղվեն Արցախի պաշտպանությամբ։

Իսկ կուսակցությունների պարագայում, հնարավոր է ապացուցել, որ ենթանպատակն է Արցախը պահելը, իսկ գերնպատակը իշխանության գալը։

Ինչո՞ւ։ Որովհետև եթե առաջնային նպատակը լիներ Արցախի պաշտպանությունը, ապա ռեսուրսն անխնա կօգտագործեր Արցախը հանձնող ուժերից ազատվելու համար, նույն նպատակին շարժվող այլ մարմիններին կհզորացներ իր ռեսուրսով, չէր լինի վախը, որ իր փոխարեն կարող է մեկ ուրիշը գա իշխանության, քանի որ ամենամեծ վախը կլիներ Արցախի կորուստը։

Ժողովուրդը կուսակցությանը միջոց է տեսնում Արցախը պահելու համար, իսկ կուսակցությունը ժողովրդին միջոց է տեսնում ոչ թե Արցախը պահելու համար, այլ նախևառաջ իշխանության գալու համար, հետո նոր մնացածը։

Երբ ժողովուրդը պակասում է, կուսակցության նպատակը շեղում է տալիս, կուսակցության չափիչը ազդանշաններ է ուղարկում կուսակցության անդամներին, որոնք սկսում են արձագանքել։

Երբ մեկ այլ կուսակցության ժողովուրդ է ավելանում, մյուս կուսակցություններում ազդանշաններ են լինում և համակարգը փորձում է պակասեցնել ավելացող համակարգի ժողովրդին։

Երբ մի կուսակցությունը ստանձնում է առաջնորդությունը, այսինքն` դառնում է իշխանափոխությունն անելու հավանական թեկնածուն, մյուս կուսակցության մոտ ազդանշան է հասնում առաջնորդող կուսակցությունից ժողովրդին պակասեցնելու։

Կուսակցության անդամները գիտեն, որ ժողովրդի առաջնային նպատակը Արցախի և Հայաստանի պահպանումն է, դրա համար առաջնորդող կուսակցության պարտությունը պետք է կազմակերպել այնպես, որ ժողովուրդը չնկատի դա, որովհետև եթե ժողովուրդը նկատի, կհասկանա, որ իր նպատակի՝ Արցախը պահելու վրա քար է գցվում, ուրեմն կուսակցությունն ու իրենք նույն շահը չունեն, ուրեմն կհեռանա ժողովուրդը նրանից, և վերջնարդյունքում կվնասվի չառաջնորդող կուսակցության նպատակը՝ առաջնորդությունը վերցնելն ու ժողովրդի միջոցով իշխանության գալը։

Բոլորով կարող են համաձայնել, որ ժողովրդի նպատակի առաջնորդը կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը կամ Բագրատ Սրբազանը կամ Սերժ Սարգսյանը կամ Վազգեն Մանուկյանը, սակայն այդ առաջնորդությունը ընդունելուց առաջ լինում են իշխանությունն իրար մեջ բաժանելու պայմանավորվածություններ կամ երևակայություններ։ Երևակայությունների ու պայմանավորվածությունների համաձայնությունից հետո գործում են իշխանության ձգտման բնազդները և գործողություններն իրականացվում են, որ համ մենք ուզում ենք Արցախը պահել, բայց ավելի շատ ուզում ենք, որ իշխանության չգա մյուսը (այստեղից է առաջացել Տավուշը հանուն հայրենիքի շարժման հետևյալ արտահայտության անհրաժեշտությունը, որ «Սա չակնկալիքների շարժում է»):

Պայմանավորվածություններն ու երևակայությունները երբեք դադարի մեջ չեն լինում և ընթացքում երևակայությունն ընդլայնվում է, ձեռք բերված պայմանավորվածությունները թվում ոչ բավարար, ժողովրդական լեզվով ասած՝ ախորժակը բացվում է, մինչդեռ ժողովրդի նպատակը մնում է կայուն՝ փրկել Արցախը։

Եվ այստեղ է, որ կարճ միացում են տալիս ժողովրդի և կուսակցությունների նպատակները, որովհետև ժողովուրդը գործում է Արցախը պահելու գերադրական նպատակասլացությամբ, կուսակցությունները՝ իշխանության, պաշտոնների վեճի մեջ են լինում։ Երկու նպատակասլաց համակարգերի՝ ժողովրդի և կուսակցության ազդակները տարբեր ձև են արձագանքում, մեկը զգում է իշխանության հասնելու հավանականությունն է քչանում, դրա համար է պետք մի բան անել․ մյուսի չափիչը՝ Արցախը պահելու հնարավորությամբ է գործում, և շարքից դուրս է գալիս, որովհետև միջոցը տեսնում է կուսակցություններով, որոնք, սակայն, այլ նպատակի են սլանում։

Սա է նաև պատճառը, որ կուսակցական բաղադրիչները անհանդուրժող են քննադատական կարծիքի նկատմամբ, առավել ևս, երբ ասվում է, որ այս կամ այն կուսակցությունը չպետք է գա իշխանության, քանի որ նրանց նպատակասլաց համակարգում ազդակ է ուղարկվում իշխանության գալու նպատակը կարգավորելուն և ավելացնում վառելանյութը՝ հայհոյանքները, ինչպես հնոցի դեպքում 1000 աստիճան ջերմաստիճանը պահպանելու համար։

Արդյոք հնարավո՞ր է այնպես անել, որ կուսակցության գերնպատակը համընկնի Արցախն ու Հայաստանը պահելու հետ։ Գուցե հնարավոր է, եթե բոլորը դառնան մեկ մարմին կամ մեկը վերջնական հաղթանակ գրանցի մյուսի նկատմամբ։ Սակայն ավելի լավ է, որ իր ունեցվածքը կորցնելու անհադուրժողականությամբ լցված՝ ժողովուրդն առանց կուսակցությունների հասնի նպատակներին։ Չցեղասպանվելուն։

 

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031