Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հագեցնել «կադրային սովը»

Ապրիլ 04,2025 10:00 Share

Հայաստանում ժամանակ առ ժամանակ ակտիվանում են խոսակցությունները «կադրային սովի» մասին: Ինչպես են այդ հարցերը լուծվում կամ՝ ինչպես կարող են լուծվել: Այդ առիթով ուզում եմ ուշադրություն դարձնել երկու պատմության վրա՝ մեկը «արտասահմանյան», մեկը՝ «տեղական»:

Ընտրվելուց անմիջապես հետո Դոնալդ Թրամփը ստեղծեց Կառավարության արդյունավետության դեպարտամենտ՝ Department of Government Efficiency: Այդ ստորաբաժանումը, չափազանց լայն լիազորություններ ունենալով, ղեկավարում է այսօրվա դրությամբ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը: Վերջինիս գործունեությունն այդ պաշտոնում խիստ քննադատության է ենթարկվում՝ հազարներով մարդկանց ազատում է գործից կամ ուղարկում է հարկադիր արձակուրդի:

Բայց Թրամփը եկել է որոշակի ծրագրով եւ իր թիմի միջոցով փորձում է այն իրականացնել: Լա՞վն է այդ ծրագիրը, ճի՞շտ են դրա իրականացման ձեւերը, որոնք հիմնված են, մասնավորապես, «տեխնոլոգիական լավատեսության» վրա (ահա թե ինչի համար է պետք Մասկը)՝ թող ամերիկացիները դատեն: Բայց որոշակի տրամաբանություն այդ ամենի մեջ դժվար է չտեսնել:

Երբ Հայաստանի կառավարությունը տարին մեկ փոխում է իր ծրագրերն ու թիրախները, երբ վարչապետը 2018-2025 թվականներին հազարումի իրար հակասող բաներ է ասում, դժվար է ակնկալել, որ որեւէ լուրջ մասնագետ համաձայնի նման կառավարության հետ գործ ունենալ:

Երկրորդ պատմությունը ես կարդացի Արա Թադեւոսյանի «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները» շատ հետաքրքիր գրքում: 2016 թվականի սեպտեմբերի 13-ին վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Այդ հանգամանքը շատ ոգեւորել էր Ռուբենին, եւ նա նամակով դիմել էր նորանշանակ վարչապետին: Գրքում (որքան հասկանում եմ՝ առաջին անգամ) հրապարակվում են դրվագներ այդ նամակից: «Մեզ անհրաժեշտ են…», – գրում է հայ գործարարը, եւ հետո թվարկում է մի քանի կետ, որոնցից են՝ «մարդկանց եւ կոմպետենցիաների գնահատման կենտրոնը», ինչպես նաեւ «հոգեւոր վերածննդի ու մշակութային ավանդույթների կենտրոնը»: Ինչո՞ւ են այս երկուսը «մեկ փաթեթի» մեջ, հասկանալի է՝ «կադրային սովը» չի կարող հագեցվել պատեհապաշտների, մորթապաշտների, ցինիկների միջոցով: Որպես այդ մտքի շարունակություն՝ Վարդանյանն առաջարկում է. «Պետք է ներգրավենք «300 սպարտացի»՝ մարդկանց, որոնք կգան մեզ մոտ աշխատելու՝ թողնելով իրենց հարմարավետ տեղերը աշխարհի տարբեր երկրներում»:

Առաջարկները, կարծում եմ, արդիական են մնում: Բայց դրանք հնարավոր չէ իրականացնել այսօր, երբ պաշտոն ստանալու (պահելու) համար անհրաժեշտ է հնարավորինս թունդ հայհոյել Փաշինյանի ընդդիմախոսներին, «վերեւների» հետ ազգակցական կամ ընկերական կապեր ունենալ:

Էլ չեմ ասում, որ 2020 թվականից հետո շատերը չէին էլ ցանկանա ասոցացվել երկիրը կործանողների թիմի հետ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ says:

    300 սպարտացիներին ծնված օրվանից մեծացրել են, որպես սպարտացի, այլ ոչ թե պատվիրել Վայլդբերիսից։

  2. Հ.Շ. says:

    Այդպէս պէտք է որ ըլլար Անկախութեան հռչակումի օրերէն սկսեալ: Եւ էն վախտ, կային, այդպիսի նուիրեալ կամաւորներ…

    Սակայն իրականութիւն աւելի վատ է, քան եթէ պարզապէս դրսից այդպէս, կարողութիւններ տէր հայեր, չտեղափոխուէին ՀՀ:

    Արդարեւ, մի քանի, հազուադէպ բացառութիւններէ զատ, Սփիւռքէն ՀՀ փոխադրուեցան հիմնականօրէն այն հայերը, որոնք ձախող, անյաջող, փայլուն հեռանկարներէ զուրկ կեանքեր ունէին այլ երկիրներում: Լoser-ներ: Որոնք իրենց անձնական կեանքերը «բարելաւեցին» (դեռ այդ իսկ, ոչ՝ այլ երկիրների չափանիշներով), ՀՀ փախչելու, ապաստանելու շնորհիւ:

    Մի քանի բացառութիւններին ալ, առիթը չտրուեցաւ ծառայելու: Եւ անոնք այդտեղ մնացին, պնդագլուխ յամառութեամբ: «Էշուն վրայ ելլելը մէկ ամօթ, վրայէն ետ իջնելը երկու ամօթ» հոգեբանութեամբ: Թէկուզ էշից վար իյնալն է, մեծագոյն ամօթը…

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել Հայ

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930